Խեղված տրամաբանությամբ հարաբերությունների հետեւանքները
Օրվա քաղաքականությունը վարող իշխանական կողմը Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել է ուզում, պատրաստակամ է շատ այդ հարցում։ Թուրքիան պատասխանում է, որ Հայաստանի հետ կապված հարաբերությունների մասով ցանկացած հարց քննարկում է Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի պայմաններ է թելադրում՝ սպառնալիքներով, այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքը ստանալու պայմանով, այլապես խոստանում է, որ Հայաստանը կզղջա։ Հայաստանը գիտի, որ իր տարածքը Ադրբեջանը համարում է «Արեւմտյան Ադրբեջան», բայց հետեւություններ անելու փոխարեն հայտարարություն է տարածում, թե ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ այդ ամբողջականության մեջ ներառելով Արցախը։ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում, օրեցօր ավելի է լկտիանում, իսկ ի՜նչ է անում Հայաստանը, ավելի ստույգ՝ քաղաքականության պատասխանատու «հայկական կողմը»։ Վազում է Մարգարայի կամրջի կողմը՝ Արցախը մոռացության տալով եւ, ըստ այդմ, հարցականի տակ դնելով Հայաստանի Հանրապետության գոյությունը, թուրքի հետ հարաբերություններ ուզելով եւ, իբրեւ դրա հետեւանք, տնտեսական ֆանտաստիկա նկարագրելով։
Մեր խոսքերը հուզական չեն, այլ՝ իրականություն։ Այնուամենայնիվ, փորձենք մասնագետից ճշտել՝ ի՞նչ է ենթադրում Մարգարայի կամրջի բացումը։ «ՀՀ թերթ»-ի զրուցակիցը «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է։
- Պարոն Դավթյան, Մարգարայի կամրջի բացման հետեւանքով տնտեսական թեկուզ որոշակի էֆեկտի մասին կարո՞ղ ենք խոսել։
- Մարգարայի կամրջի վերագործարկումը բնորոշում է ապաշրջափակման ռազմավարության ֆրագմենտար բնույթը: Այսօր դա միակ նախագիծն է, որի ուղղությամբ որոշակի կիրառական քայլեր են արվում, ինչը վկայում է այն մասին, որ ապաշրջափակման խնդիրներին կողմերը չեն դրսևեւրում համալիր մոտեցում: Այլապես Մարգարային զուգահեռ օրակարգ կբերվեր Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հարցը, ինչը թույլ կտար մեզ խոսել տնտեսական որոշակի էֆեկտի մասին: Սակայն այն պայմաններում, երբ Անկարան իրականցնում է Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղու շինարարությունը՝ որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակություն՝ նպատակ ունենալով շարունակել այդ երթուղին այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով», Կարս-Գյումրի երկաթողին առնվազն կորցնում է տարանցման նշանակությունը եւ կիրառական առումով հետաքրքիր չէ Թուրքիային:
- Այսինքն՝ տնտեսական արդյունքի սպասել պետք չէ։
- Իհարկե տնտեսական էֆեկտի սպասել պետք չէ: Դա խիստ սահմանափակ թողունակություն ունեցող ենթակառուցվածք է: Միակողմանի երթեւեկությամբ կամուրջ է: Կառավարության ներկայացուցիչները իրենք են ընդունում, որ գուցե ապագայում, եթե կարիքը լինի, կառուցեն նորը կամ կընդլայնեն վերանորոգման միջոցով:
- Ուրեմն՝ գալիս ենք զուտ քաղաքական հարթակին։
- Այո, Մարգարայի կամրջի վերագործարկումն իրականում ունի քաղաքական նշանակություն: Այդ քայլով Հայաստանի գործող իշխանությունները ցույց են տալիս Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու իրենց պատրաստակամությունը: Սակայն թուրքական կողմից դեռեւս որեւէ դրական ազդակ չկա՝ հռետարաբանությունից ու Փաշինյանին Էրդողանի երդմնակալության արարողությանը հրավիրելուց բացի: Հիշեցնեմ, որ մայիսին Թուրքիան փակել էր իր օդային տարածքը հայկական ավիանընկերությունների համար: Այժմ էլ շարունակում է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունների «բարելավումը» բացառապես միջանցքային տրամաբանության ներքո: Առհասարակ, պետք է նախ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որից հետո նոր անցնել տնտեսական, ենթակառուցվածքային հարցերին: Այս դեպքում տրամաբանությունը խեղված է:
- Այս խեղվածությունն էլ, բնականաբար, ենթադրում է, որ տնտեսական անվտանգության առումով խնդիրների փունջ կունենանք։
- Գանք այս հարցին։ Ինչպես ասացի, Մարգարայի կամուրջն ունի սահմանափակ թողունակություն, ուստի չի կարող դիտարկվել որպես կարեւոր առեւտրատնտեսական արտերիա, ինչպես նույն Կարս-Գյումրի երկաթուղին: Սակայն եթե հարցը դիտարկենք ավելի կոնցեպտուալ, ապա պետք է նշել, որ Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ բնականոն տնտեսական հարաբերությունների: Այսօր Թուրքիան, գտնվելով տնտեսական չափազանց ծանր վիճակում, ստիպված լինելով հսկայական վարկային միջոցներ ներկրել միջազգային ինստիտուտներից, սկսելու է իրականացնել չափազանց ագրեսիվ տնտեսական քաղաքականություն՝ կլանելով առանց այդ էլ թույլ եւ անմրցունակ հայկական շուկան:
Թիրախում, նախեւառաջ, հայտնվելու է գյուղատնտեսությունը: Թուրքիան աշխարհի առաջատար գյուղատնտեսական արտադրանք արտահանող երկրներից է: Միայն այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում գերազանցել է 15 մլրդ դոլարը: Թուրքիան օգտվում է իր ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ ու շարունակական դեւալվացիայից՝ արտահանումը խթանելու համար: Ճիշտ է, Թուրքիայի նոր կառավարությունը, մասնավորապես ԿԲ-ի նոր ղեկավարը փորձում է փոխել երկրի ֆինանսավարկային ռազմավարությունը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն դրա արդյունքում Անկարան դժվար թե հրաժարվի խորը պրոտեկցիոնիստական քաղաքականությունից՝ շարունակելով արտաքին շուկաներում իր ագրեսիվ առաջխաղացումը:
- Ուրեմն հստակ է, որ․․․
- Որ այս պայմաններում բաց սահմանները խնդիրներ են ստեղծելու Հայաստանի գյուղատնտեսության համար, որի գլխավոր բնորոշիչը թերեւս արտադրության բարձր ինքնարժեքն է: Ուստի, նախ պետք է ապահովել տնտեսության ներառական զարգացում, կայացնել տնտեսական անվտանգության իսնտիտուտները, նոր մտածել դարպասները գոնե կիսով չափ բացելու մասին:
- Շնորհակալություն պարզաբանման համար։
- Ասածներս շատ ակնհայտ են։ Ցանկություն է պետք տեսնելու համար։