Image

Օգոստոսի 15-ը՝ Հադրութի օր

Հայոց Դիզակի երբեմնի հզոր մելիքությունը նույնիսկ միջնադարում գլուխ չխոնարհեց արաբի ու սելջուկի, մոնղոլի, թուրքի ու պարսիկի դեմ և միշտ հայ մնացած՝ հասավ 21-րդ դար։ Արցախյան առաջին գոյապայքարում էլ, չնայած բազում փորձություններին, անսասան մնաց Դիզակը՝ Հադրութի շրջանը՝ համանուն շրջկենտրոն քաղաքով ու բնակավայրերով։

1992թ. օգոստոսի 15-ի լուսաբացին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ: Չնայած բազում զոհերին ու վիրավորներին՝ հայոց ռազմական ուժերը հաջողությամբ դիմագրավել են թշնամու մեծաքանակ ուժերին։  Տարածքի ինքնապաշտպանական ջոկատները փայլուն հաղթանակ տարան այդ օրը և անառիկ պահեցին հայրենի երկիրը: Նույն ժամանակ կարողացան նաև թշնամուն հետ շպրտել ու անառիկ պահել Հադրութի շրջանը։ Այս հաղթանակից հետո ինքնապաշտպանական ջոկատները միավորվեցին և մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվեց առաջին պաշտպանական շրջանը: Եվ այդ օրը՝ օգոստոսի 15-ը, նշվեց Հադրութ քաղաքի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր: Ընդհանուր հրամանատար էր նշանակվել Էրիկ Աբրահամյանը (զոհվել է 18.03.1994թ., Ֆիզուլիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս), իսկ շտաբի պետ՝ Արմեն Աբրահամյանը: Բայց մինչ այդ էլ Հադրութը ենթարկվում էր թշնամու հարձակումներին։ 1991թ․ մայիսի կեսերին «Օղակ» ռազմագործողության շրջանակներում խորհրդային բանակի ու թշնամու ՕՄՕՆ-ի կողմից հայաթափվեցին Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։ Այդ բնակավայրերից բռնի տեղահանված բնակչությանը նույն օրերին հանդիպեցի Խնձորեսկի դաշտերում։

Չնայած այդ դժվարություններին՝ նույն 1991-ին սկսեց Հադրութի զինված ջոկատների ինքնակազմակերպումը: Հեռագայում ազատագրվեցին շրջանի բոլոր գյուղերը և խորհրդային տարիներին շրջանից բռնազավթված ու Ադրբեջանի շինծու պետության Ջաբրայիլի շրջանին տրված բնակավայրերը, այդ թվում նաև՝ Ջաբրայիլ-Ջրական-Մեխակավանը։ 21-րդ դարասկզբից գնալով շենանում էր Հադրութի շրջանը, պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերաշինվում էին, ստանում գեղեցիկ տեսք։ Մի քանի հազար հեկտար նոր այգիներ տնկվեցին։ Սակայն եղավ 2020թ․ 44-օրյա պատերազմը, և իր պատմության մեջ առաջին անգամ թշնամու տիրապետության տակ անցավ Դիզակ-Հադրութը։ Պատերազմի ընթացքում իրենց տներից տեղահանվեցին հադրութցի կանայք ու երեխաները, ծերերը, իսկ տղամարդիկ կռվում էին։ Շատ զոհեր ունեցավ նաև այս կռվում Հադրութը։ Մարտիրոս տղաները հուղարկավորվեցին նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Պատերազմից հետո որոշ հադրութցիներ վերադարձան Արցախ և բնակվում են Ստեփանակերտում, հայկական մնացած այլ բնակավայրերում։ Հիմնական մասը դեռ Երևանում է, ՀՀ տարբեր մարզերում՝ հավատով ու երազանքով մտածելով տուն վերադարձի մասին։ Պատերազմից հետո ստեղծված «Դիզակ ԱՐՏ» մշակութային, երիտասարդական կենտրոնի(ՄԵԿ) համահիմնադիրներ Լիաննա Պետրոսյանի և Երազիկ Հայրիյանի նախաձեռնությամբ օգոստոսի 15-ին Եռաբլուրում էին մի խումբ հադրութցիներ՝ այստեղ նշելու Հադրութի օրվա 31 ամյակը և իրենց խոնարհումը բերել հադրութեցի նահատակներին: Օրվա առթիվ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի և Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու սպասավոր հոգևորականի օգնությամբ կատարեց հոգեհանգստյան կարգ բոլոր զոհված նահատակների հոգու խաղաղության համար: Մինչ հոգևոր կարգի սկսելը՝ Սրբազան Հայրն իր խոսքում ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչ ծանր վիճակում է հիմա գտնվում մեր հայրենիքը` համոզմունք հայտնեց՝ մեր ազգի համախմբման շնորհիվ մենք նորից կկարողանանք հետ բերել մեր հայկական տարածքներն ու Հադրութը կրկին դարձնել մեր հոգևոր ներշնչման աղբյուրը, որտեղ հայը կհարատևի իր քրիստոնեական արժեհամակարգով:

Վրթանես Սրբազանը պատգամեց, որ մենք միշտ պիտի հիշենք մեր նահատակներին և երբեք չպիտի հետ դառնանք մեր պայքարից` հավատարիմ մնալով մեր նախնիների սրբազան առաքելությանը: Հոգևոր կարգից հետո ներկաները մոմեր վառեսին Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կամարների տակ, աղոթք հնչեցրեցին ի հանգստություն նահատակ քաջորդիների հոգիների։ Այնուհետև եղավ ծաղիկների խոնարհում նահատակների շիրմաքարերին։ Միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը, աշխատակիցներ, «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը, այլոք։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։