Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում
Տարիներ շարունակ Քաշաթաղի շրջանի տարբեր դպրոցներում էի սեպտեմբերի 1-ին ներկա լինում Գիտելիքի ու դպրության օրվա տոնական միջոցառմանը։ 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղում միայն Աղավնոյի Գ․ Նժդեհի անվան դպրոցը գործեց ևս 2 տարի։ 2 անգամ էլ ներկա եղա Վերջին զանգի արարողությանը։
Անցած տարվանից Աղավնոն էլ հանձնեցինք թուրքին։ Կարոտով ու ցավով եմ հիշում երանելի այդ օրերը։ Քաշաթաղցիները պատերազմից հետո սփռվեցին ՀՀ տարբեր մարզերում, Երևանում, Արցախի տարբեր բնակավայրերում։ Պարզ է՝ դպրոցականներն արդեն հաճախում են տարբեր դպրոցներ։ Այնուամենայնիվ՝ Քաշաթաղի շրջվարչակազմի կրթութության բաժինը տիրապետում է տվյալներին՝ որ դպրոցներ են հաճախում քաշաթաղցի դպրոցականները։ Կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի հետ ճշտեցինք՝ այս ուստարի ավելի քան 200 քաշաթաղցի երեխա է հաճախելու առաջին դասարան։ Պարզվեց՝ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի առաջին դասարան են հաճախելու 2, իսկ միջին դասարաններ՝ 3 քաաշաթաղցի։ Վ․ Մովսիսյանի հետ եղանք Աշտարակում և մասնակից եղանք Սեպտեմբերի 1-ի տոնական արարողությանը։ Ինչպես ընդունված է՝ դպրոցի բակը մարդաշատ էր։ Հնչեց ՀՀ Օրհներգը, դպրոցականները բարձրացրեցին ՀՀ Եռագույնը։ Ներկաներին ողջունեց ու օրվա առթիվ շնորհավորեց ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչը՝ ընթերցելով մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր․ «․․․ Ամեն սեպտեմբերի 1 տոնելիս՝ մենք վերաիմաստավորում ենք կրթության դերը մեր անձնական, հանրային, պետական, ինչու ոչ՝ աշխարհաքաղաքական տիրույթներում։ Մարտահրավերներով լի մերօրյա իրականությունում ամենազորեղ զենքն է կրթությունը։ Ես ուզում եմ, որ տոգորվենք աշխարհը գիտելիքներով փոխելու հավակնոտ երազանքներով և սկսենք համարձակորեն կյանքի կոչել դրանք, իսկ այդ երազանքների իրականացումն սկսվում է դպրոցից։ Լինելով մարզում կրթության որոկի պատասխանատուներից՝ վերահաստատում եմ ՝ մրցունակ կրթությունն այլընտրանք չունի․․․»։ Ներսեսական իր սաներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, հյուրերին ողջունեց ու շնորհավորեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Վարսանյանը։ Տեղեկացրեց՝ այս ուստարի դպրոցն ունենալու է 3 առաջին դասարան՝ ընդհանուր 88 աշակերտով։ Նշեց՝ իրենց դպրոցում սովորում են նաև տեղահանված արցախցիներ, որոնց սիրով են ընդունել։
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վ․ Մովսիսյանը՝ առաջնային համարելով Խաղաղությունը։ Ելույթ ունեցան դպրոցի տարբեր դասարանների սաները՝ ողջույնի խոսք, պար, ասմունք։ Դուրս հանեցին նաև ՀՀ մեծաչափ Եռագույնը։ Հանդիսավոր արարողությունից հետո սկսվեց մուտքը դպրոց։ Սկզբում առաջին դասարանցիները ներս մտան՝ դասղեկներ Գոհար Զալյանի, Սեդա Տերտերյանի և Նարինե Միրզախանյանի ուղեկցությամբ։ Դասարաններում դասվարները ծանոթացան արդեն իրենց սաների հետ, զրուցեցին, հանձնեցին նրանց առաջին քիրքը՝ «Այբբենարան»-ը։ Ընթացքում զրուցեցի դպրոցի տնօրենի երկրորդ պաշտոնակատար, ուսմասվար Դիաննա Մուրադյանի հետ։ Տեղեկացրեց՝ իրենց դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին։ Այս ուստարում ունեն 62 ուսուցիչ, ավելի քան 840 աշակերտ։ Ունեն 3 իններորդ դասարան։ Անցած ուստարում ունեցել են 4-ը։ Շրջանավարտների մեծ մասը շարունակելու է ուսումն ավագ դպրոցներում, մնացածն ընդունվել են տարբեր քոլեջներ, ուսումնարաններ։ Ցավով տեղեկացրեց նաև՝ 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում, հետագա մարտերում դպրոցի 5 շրջանավարտ է նահատակվել։ Նրանց անուններով դասարաններ են անվանակոչվել։ Պատվական Ենգոյանը, Սեյրան Ղարիբյանը, Հայկ Գևորգյանը, Գևորգ Նազարյանը և Գուրգեն Ավետիսյանը մասնակից եղան պատերազմին ու նահատակվեցին հանուն Արցախի ու Մայր հայրենիքի։ 2001թ․ ծնված Գուրգենը ծանր վիրավորվել է և բուժվել է հոսպիտալում։ Բուժումը կիսատ թողնելով՝ լքել է հոսպիտալը, վերադարձել իր զորամաս, հրամանատարի զոհվելուց հետք գլխավորել է իրենց ջոկատը, դուրս բերել շրջափակումից։ Կռվել է մինչև վերջ և նահատակվել հերոսաբար պատերազմի վերջին օրը։ Դպրոցն ապահովված է գույքով, լաբորատորիաներով, գրադարանով, ՆԶՊ դասասենյակով։ Ունեն նաև «Արմաթ» լաբորատորիա, շախմատի, ինֆորմատիկայի դասարաններ։ 2008 թվականին հիմնանորոգված դպրոցական շենքն ունի առանձնակի ճարտարապետական լուծում, գեղեցիկ ձևավորված ու լուսավոր դասասենյակներ, միջանցքներ, որոնց պատերին այլ տեղերում եղած նկարները, պաստառները, այլ դիդակտիկ նյութեր ունեն ուսուցողական նպատակ։ Խոսելով իրենց կրթօջախի առօրյայի մասին՝ Դ․ Մուրադյանը տեղեկացրեց նաև՝ իրենց սաները մասնակցում են արտադպրոցական ռազմամարզական, մշակութային և այլ մրցույթների։ Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակիցներ ունեն։ Առավել հետաքրքիր միջոցառում են անցկացնում յուրաքանչյուր տարի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբներին Բյուրականում։ Տեղի են ունենում ռազմամարզական խաղեր, արշավներ, խարույկի շուրջ զրույցներ։ Ընթացքում հանդիպեցինք առաջին դասարան հաճախող քաշաթաղցիներին, նրանց ծնողներին։ Գոհարիկ Հրաչյայի Մարտիրոսյանը ծնվել է Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղում։ Մայրը՝ Աստղիկ Նազարյանը, գյուղի դպրոցի տնօրենն էր, իսկ հայրը՝ Հրաչյա Մարտիրոսյանը, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, այլ աշխատանքներով։ 44-օրյա պատերազմի առաջին օրը Հրաչյան կամավոր առաջնագիծ մեկնեց, կռվեց ու նահատակվեց հերոսաբար։ Պատերազմից հետո Աստղիկը 2 որդիների ու դստեր հետ տեղափոխվեց Աշտարակ քաղաք, և արդեն ունեն իրենց բնակարանը։ Ավագ որդին՝ Հովհաննես Մարտիրոսյանը սովորում է Աշտարակի Արհեստագործական ուսումնարանում, Գրիգորը՝ Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ Բերձոր քաղաքում է ծնվել Հայկ Արամի Մեջլումյանը, սակայն պատերազմից հետո նրանց ընտանիքն էլ հեռացավ հայրենի քաղաքից։ Ցավոք այս անգամ էլ մեր տոնական օրը փոխվեց տխրության․ տուն գալով՝ իմացա՝ սահմանում թշնամու կողմից կատարած հարձակման հետևանքով ունեցանք 3 զոհ ու 2 վիրավոր։