Image

Որ Արցախը մնար

Արցախյան վերջին ողբերգական իրադարձությւոնների շրջանակում առավել ծանր է հայրենի հողը պաշտանելիս նահատակված տղաների անդառնալի կորուստը։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին թշնամին հերթական լայնածաված հարձակումն սկսեց Արցախի ողջ սահմանով։ Չնայած ռուս-խաղաղապահների գոյությանը, մարտերը տևեցին մի քանի օր։

Ըստ որոշ լուրերի՝ թշնամին հարձակման էր անցել՝ մարտադաշտ բերելով 60 հազար զինվոր, մեծ քանակությամբ զրահատեխնիկա, անօդաչու սարքեր, հրետանի և այլն։ Արցախի պաշտպանները մի քանի օր հերոսաբար պաշտպանեցին հայրենի երկրի սահմանները, մեծ կորուստ պատճառեցին թշնամուն, բայց․․․ 200-ից ավելի քաջորդի համալրեցին Անմահների լուսե բանակը։ Հերոսական այդ օրերին Անմահի փառքով իրեն պսակեց նաև Տիգրան Կարենի Ավանեսյանը, և նրան իսկական զինվոր-հերոսին վայել հուղարկավորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հեռու հայրենի Ասկերան քաղաքից, որը մնաց թշնամու տիրապետության տակ։ Ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերներ, սպայական կազմի ներկայացուցիչներ, բռնի տեղահանված արցախցիներ․․․

Տիգրան Ավանեսյանը ծնվել է 1996թ․ մայիսի 15-ին Ասկերան քաղաքում։ Արցախյան առաջին գոյամարտի մասնակից ու հաշմանդամ Կարեն Ավանեսյանի ու Ռուզաննա Ավանեսյանի առաջնեկն էր, օջախի կրակը վառ պահողը։ Մանկուց աչքի էր ընկել իր խելացիությամբ։ 2003-2014թթ․ ընդունվել և ավարտել է Ասկերան քաղաքի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ուսման ողջ տարիներին իրեն դրսևորել է բանիմաց ու սիրելի աշակերտ, ընկեր, զավակ։ Ծնողները, տատը՝ Ալինա Ավանեսյանը, քույրը՝ Էլինան, միշտ էին հպարտ Տիգրանով։ Ավարտելով միջնակարգը՝ Տիգրանն ընդունվել է Արցախի պետական համալսարանի ֆինանսներ և կառավարում բաժինը։ 2015-2017թթ․ զորակոչվել է Արցախի Պաշտպանական բանակ՝ ծառայության անցնելով Ն զորամասում։ Մասնակցել է 2016թ․ Ապրիլյան պատերազմին։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում՝ նույն մասնագիտությամբ։ 2022թ․ հունիսից ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատում։ 2023-ի հոիլիսի 8-ին կայացավ Տիգրանի ու Ալիսա Հարությունյանի հարսանիքը՝ իհարկե ոչ ընդունված ճոխության։ Արցախի շրջափակումն իր դերը խաղաց։ Այնուամենայնիվ՝ ուրախ էին նորապսակները, նրանց ծնողները․ նոր ընտանիք ավելացավ Արցախում։ Սակայն երկար չտևեց նորապսակների համատեղ կյանքը, չունեցան սպասված զավակը։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Տիգրանն իր ջոկատի հետ հսկում էր շատ կարևոր դիրք՝ դեռևս Արցախյան առաջին գոյամարտում հայտնի «Պուշկին յալը», որի ազատագրումը 1992-93 թվականներին շատ ծանր նստեց մեզ համար։ Այս դիրքը, եթե ընկներ թշնամու ձեռքը, Մարտակերտը կընկներ ծանր վիճակում։ Առաջին օրը թշնամին փորձել էր գրոհով գրավել «Պուշկին յալը», սակայն դեմ էր առել հայոց քաջերի խիզախությանը։ Երկրորդ գրոհից հետո թշնամին արդեն 50-ից ավելի ասկյար էր կորցրել, իսկ Տիգրանի ջոկատից վիրավորվել էին 2 քաջորդի։ Հասկանալով անհնար է կոտրել հայոց քաջերի դիմակայությունը հետևակի գրոհով՝ թշնամին սկսել էր հրետակոծել նրանց հենակետը, մինչև Տիգրանն ու իր քաջերը հարյուրավոր արկերի բեկորներից խոցվեցին ու  իրենց նահատակությամբ գրեցին հերոսական ևս մեկ էջ Հայոց պատմության մեջ։ Հպարտություն է՝ ունենալ նման զինվորներ, բայց ցավ է, երբ նույն զինվորները չունեցան օգնողներ։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։