Ո՞րն է Աստծո գաղտնի մտադրությունը, ե՞րբ է լինելու Նրա թագավորության գալուստը, ո՞րն է Աստծո վախճանաբանական ծրագիրը…
Որոշ աստվածաբաններ հինգերորդ գլուխը համարում են Հայտնության գրքի ամենադրամատիկ գլուխներից մեկը.
«Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, եօթը կնիքով կնքուած»։ Հայտնություն 5։1
Ի՞նչ է կնիքը. այն ընկալունակ փափուկ նյութ է կամ մոմ, կամ զմուռս, որն իր վրա է վերցնում արքայական դրոշմը, որն այնուհետեւ ցույց է տալիս, թե արդյոք ջարդե՞լ են այն, թե ոչ եւ ցույց է տալիս կնքողի արժանապատիվ կարգավիճակը։ Այսինքն` Աստծո գիրքը փակված է կնիքներով, որոնք ցուցանում են արքայական կարգավիճակը եւ պարզ ուղեղների համար անհասանելի բովանդակությունը։
Կնիքները յոթն են, որն առավել է ընդգծում գաղտնիության գաղափարը։ Այն Հովհաննեսին թույլ է տալիս կառուցվածքայնացնել խնդիրը, երբ յուրաքանչյուր կնիքի բացումով նոր տեսիլք է հայտնվում իրեն։ Ըստ նկարագրության` գիրքն այս ուներ փաթույթի, հրովարտակի տեսք, որ գրված էր ե՛ւ դրսի, ե՛ւ ներսի կողմից։ Այս մասին է վկայում նաեւ Եզեկիել մարգարեն.
«Եւ ես մտիկ արի եւ ահա մի ձեռք կար դէպի ինձ մեկնուած, եւ ահա նորանում մի գրքի տոմս։ Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ»։ Եզեկիել 2։9-10
Կնիքները յոթն են։ Մենք արդեն Հայտնության գրքում հանդիպել ենք յոթ եկեղեցիների, որոնց դիմում է Տերը, յոթ ճրագների… Ողջ Աստվածաշնչում հաճախ ենք հանդիպում յոթ թվին, որը խորհրդանշում է ամբողջություն, լիարժեքություն։ Թվերը շատ են եւ պատահական չեն ինչպես Հայտնության գրքում, այնպես էլ ողջ Աստվածաշնչում։
Նախկինում, երբ վանական դպրոցներում երեխաներին ուսուցանում էին այբուբենն ու թվերը, ապա բացատրում էին, որ մեկը խորհրդանշում է Մեկ Աստված, երկուսը՝ Քրիստոսի երկու էությունը՝ աստվածային եւ մարդկային, երեքը՝ Սուրբ երրորդությունը, չորսը՝ չորս ավետարաններն ու չորս ավետարանիչները, հինգը՝ Հիսուսի հինգ վերքերը, վեցը՝ սերովբեների վեց թեւերը, յոթը՝ եկեղեցու յոթ խորհուրդները, աշխարհի յոթնօրյա արարումը, յոթ ճրագները, յոթ աստղերը, բարկության յոթ գավաթները, յոթ փողերը, Սուրբ Հոգու յոթ շնորհները… ութը՝ ութերորդ օրվա խորհուրդն ունի, ինը՝ հրեշտակների ինը պաշտոններն են, տասը՝ Աստծո տասը պատվիրանները եւ այդպես շարունակ։ Եվ այսպես նախկինում թվաբանությունը սովորեցնում էին ըստ Աստծո օրենքների։ Նախկինում թվերն ու տառերը ջոկ չէին, մեկ էին, թվերն արտահայտվում էին տառերի միջոցով։
Գիրքը գրված է տառերով, այսինքն այն կարող է վերագրվել նաեւ թվերով, այսինքն՝ հաշվել, նույնն է թե կարդալ։ Օրը քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր, տարին տասներկու ամիս… սրանք այն տառերն են, որոնցով մենք հաշվում ենք ժամանակներն ու ժամկետները… Շատ աստվածաբաններ մինչ օրս ցանկանում են կռահել, թե ի՞նչ գաղտնի խորհուրդ է թաքնված հրովարտակի ներսում, ո՞րն է Աստծո գաղտնի մտադրությունը, ե՞րբ է լինելու Նրա թագավորության գալուստը, ո՞րն է Աստծո վախճանաբանական ծրագիրը եւ այսպես շարունակ… Այս բոլոր կռահումներն ու գուշակումներն ունեն մեկ ընդհանրություն, որ այս գրքում ամփոփված է Աստծո ծրագիրը եւ որ այդ ծրագիրը գաղտնի է։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ