Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ
Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու դեպքի առնչությամբ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի միջանցքն անցնելիս։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել է Արցախից հեռանալու փորձի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը։
Դեպքի առնչությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, ըստ որի, Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
«Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատեւման պայքարել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի եւ խնդրեմ ձեր աջակցությունը»,- հայտարարել էր Վարդանյանի կինը։