«Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մէջ նայելու»
«Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ»
«Այս բոլոր կռահումներն ու գուշակումներն ունեն մեկ ընդհանրություն, որ այս գրքում ամփոփված է Աստծո ծրագիրը, եւ որ այդ ծրագիրը գաղտնի է»:
Ինչո՞ւ է Հայտնության գրքի հրովարտակը փակված յոթ կնիքով եւ պարուրված գաղտնիությամբ։ Ինչո՞ւ է Աստված մարդուց ծածուկ պահել շատ խորհուրդներ… Եվ դա ճիշտ է. որովհետեւ չի կարելի մարդուն մոտ թողնել խորհրդավորության գաղտնիքներին։ Այնտեղ, որտեղ մեղավորները մոտենում են դրանց, այնտեղ հաստատ կատարվում են ոչ աստվածային արարմունքներ. երբ մարդը փորձեց իմանալ գենի ու գենետիկայի գաղտնիքները, սկսեց փորձել միջամտել Աստծո գործերին եւ փորձեց կլոնավորել իր նմանին, սկսեց սեռերի փոփոխություններ կատարել… Մի խոսքով՝ երբ մարդը թափանցում է խորհրդավորությունների գաղտնիքներից ներս, դժբախտություն է բերում իրեն եւ շրջապատին։ Ուրեմն Աստված երիցս ճիշտ է, որ կարեւորագույն տեղեկատվությունը թաքցրել է յոթ կնիքների հետեւում եւ դրանք բացում է միայն արժանավորների համար։ Այստեղ հասկանալի են դառնում Հայտնության գրքի հինգերորդ գլխի հաջորդ խոսքերը. «Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ, որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։ Եւ ոչ ով ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ»։ Հայտնություն 5։2-3
Հովհաննեսն անգամ արտասվում է. «Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մէջ նայելու»։ Հայտնություն 5։4 Իհարկե, ոչ ոք չի կարող բացել այդ գիրքը, ինչպես որ մարդը չի կարող իր փրկությունն անել, ինչպես որ չի կարող մարդն արարել իրեն։ Որպես արարած՝ մարդն ամբողջությամբ Աստծո ողորմածության ներքո է։ «Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ»։ Հայտնություն 5։5
Առյուծն այստեղ, անշուշտ, Հիսուսն է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ Հակոբն օրհնում էր իր տասներկու ժառանգներին, Հուդային համեմատեց առյուծի հետ։ Այստեղից՝ առյուծի սերունդը Հուդայի սերունդն է, իսկ Հիսուսը Հուդայի սերնդից է. «… ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է». այստեղ ասվում է նաեւ, որ առյուծը հաղթեց։ Իհարկե, դեռ խաչի վրա Հիսուսն ասաց՝ կատարվեց, եւ հաղթեց՝ հարություն առնելով։ Առյուծային այս հաղթանակին հաջորդում է ողջ Աստվածաշնչի ամենաառեղծվածային, ամենահանելուկային հատվածներից մեկը. «Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը»։ Հայտնություն 5։6-7
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ