Image

Արցախի հոգևոր թեմի նախաձեռնությամբ

Բռնի տեղահանված ու հայրենի տնից հեռացած արցախահայությանը համախմբելու, հոգևոր առումով գոտեպնդելու, հարազատ օջախ վերադառնալու մասին միշտ երազելու նպատակով՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մի շարք հանդիպումներ կունենա արցախցիների հետ։ Հանդիպումներին մասնակցելու են նաև թեմի խորհրդի անդամներ, հոգևորականներ, մտավորականներ, Արցախի կառավարության ու Ազգային ժողովի, մշակույթի ու այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Տեր Վրթանեսի հետ առաջին հանդիպումը, որը նվիրված էր Արցախի Անկախության հռչակման օրվանը, կայացավ օգոստոսի 30-ին Երևանում՝ Բաղրամյան 59 հասցեում։ Դահլիճում ներկա էին Արցախի հոգևոր թեմի՝ ներկայացուցիչներ, կառավարության նախկին անդամներ, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, տարբեր բնակավայրերի բննակիչներ, ինչպես նաև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Տեր Պարույրը։ 1991թ․ օգոստոսին ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որն էլ բերեց այդ կայսրության փլուզմանը։ Օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը։ Դա հնարավորություն տվեց, որ մր քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Դրանից երեք ամիս հետո՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության 99,89 տոկոսն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Այնուհետև կայացած ընտրությունների արդյունքում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը, որն էլ կազմեց նորանկախ երկրի առաջին կառավարությունը: Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանը։ Ցավով անդրադարձավ մեր ժողովրդին հասած ողբերգության մասին։ Հնչեցին Արցախի ու ՀՀ Օրհներգերը, եղավ լռության րոպե՝ Արցախյան բոլոր գոյամարտերում նահատակված քաջորդիների հիշատակին։ Տեր Վրթանեսը Տերունական աղոթքով հիշեց Անմահ հերոսներին։

Այնուհետև եղան ելույթներ՝ նվիրված Արցախի անցած 33 տարիներին, արցախահայության ներկա վիճակին, ապագա անելիքներին։ Առաջինը ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, այժմ պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։ Ելույթներով հանդես եկան ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ մշակույթի նախկին նախարար, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Բոլոր ելույթ ունեցողները դատապարտեցին Ադրբեջանի վարած հայատյած քաղաքականությունը։ Կարևորեցին, որ արցախահայությունը մնա Մայր հայրենիքում ու լինի միահամուռ, մտածի տունդարձի մասին։ Դատապարտեցին նաև միջազգային կառույցների լռությունը՝ Ադրբեջանի՝ արցախահայության նկատմամբ վարած ցեղասպան քաղաքականության նկատմամբ։ Կարևորվեց նաև, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ վարեն այնպիսի քաղաքականություն, որ արցախցին չմեկնի արտերկիր։

1992թ․ լիբանանահայ երաժիշտ, շվիահար, երգչախմբերի հիմնադիր Զաքար Քեշիշյանն Շուշիում հիմնեց «Վարանդա» երգչախումբը և այդ օրվանից կյանքը կապեց Արցախի հետ։ Իր ելույթում հիշատակեց՝ ինչպես հայտնվեց Արցախում, անդրադարձավ «Վարանդա»-ի անցած ուղուն։ Ցավ հայտնեց Արցախի ներկա վիճակի համար և շվիով կատարեց «Արցախի հորովել»-ը։ Հանդիպման ընթացքում Արցախի ազգագրական երգերով հանդես եկան «Դիզակ ԱՐՏ» մշակութային   երիտասարդական կենտրոնի սաները։ Հանդիպումն ավարտվեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով ու օրհնանքով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։