Image

Երկարակեցության գաղտնիքը

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. վասն զի այդ հաճոյ է Տիրոջը»

Աստվածաշնչում նշված է երկարակեցության գաղտնիքներից մեկը։ Բարձրյալը այդ կանոնը այնքան է կարեւորել, որ այն սահմանել է հինգերորդ պատվիրանում.

«Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ»։ Իրապե՞ս մարդիկ, ովքեր մեծ հարգանք են տածում իրենց ծնողների նկատմամբ, երկար են ապրում։ Ո՞ր երկիրն է համարվում «երկարակեցների երկիր»։

Իհարկե, Չինաստանը։ Որպես այդպիսիք հայտնի են նաեւ Ճապոնիան եւ Կորեան։ Դեռ հնուց են այս երկրները հայտնի իրենց ծնողասիրությամբ ու ավագների նկատմամբ հարգանքի դրսեւորումներով։ Այստեղ արդեն բարեկամությունը մեծ դեր չի խաղում։ Նրանք չեն սահմանափակվում այնքանով, որ բարեւում են մեծերին կամ տեղն են զիջում տրանսպորտում։ Ասիական երկրներում ավագները համարվում են իմաստնության պահապաններ։

Աստվածաշունչն ասում է. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։

Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լավ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ»։ Եփեսացիս 6։1-3

Աստված միշտ է Իր խոսքի տերը։ Այլ հարց է, թե մենք կկատարե՞նք մեր բաժին պարտականությունը։

Ծնողների ու որդիների փոխհարաբերությունները միշտ էլ շատ սուր են եղել հասարակության մեջ։ Պողոս առաքյալը գրում է. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։ Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չվհատին»։ Կողոսացիս 3։20-21

Ներկայումս մենք ապրում ենք մեծապես բարոյազուրկ ու բռնություններով լի ժամանակաշրջան. երեխաների կոտրված ճակատագրեր, ծերանոցներում անտարբերության մատնված ծնողներ… Սուրբ Գիրքն ասում է. «Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան։ Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան։ Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից»։ Մատթեոս 7։9-11

Ծնողների եւ զավակների միջեւ չհասկացվածության պատճառը ներկայացնում է Սուրբ Գիրքը. «Սա գիտցիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կգան։ Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»։ Բ Տիմոթեոս 3։1-4

Անհնազանդությունը ծնողներին պատճառներից մեկն է, որ աշխարհը գլորվում է անդունդ։ Հաճախ մենք չենք էլ գիտակցում, թե ինչո՞ւ ենք այդպես վարվում մարդկանց հետ, ում շնորհիվ լույս աշխարհ ենք եկել։ Սատանան այնպես բնական է դասավորում ամեն բան, որ կարծում ենք, թե դա մեր որոշումներն են ու մեր կամքն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։