Image

Ապոկալիպսիս Ա

«Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց՝ իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային»

Այդ հիմա են փոքրիկ Պատմոս կղզին անվանում Երուսաղեմ Էգեյան ծովի ափին։ 2000 տարի առաջ այն համարվում էր աշխարհի ծայրը, ուր մարդկանց աքսորում էին։ Այն բանից հետո, երբ Հովհաննես Ավետարանիչ առաքյալին Քրիստոսի ուսմունքի քարոզի համար չհաջողվեց մահապատժի ենթարկել Հռոմում, նրան աքսորեցին Պատմոս կղզի։ Դժվար է պատկերացնել, թե ի՜նչ զգացմունքներով էր աքսորավայր տեղափոխվում 95-ամյա զառամյալ առաքյալը։ Նա մասնակից էր արքայության ու համբերության։ Պատմոս կղզին կտրված էր աշխարհից, անջրպետված էր, բայց կղզու ներսում Հովհաննեսն ազատ էր իր տեղաշարժերում, եւ կղզի հասնելուն պես սկսել է քարոզել ու մկրտել մարդկանց։ Ինչպես առաքյալների ցրվելը Երուսաղեմից. իր բնույթով այն կարծես նման էր հալածանքի ու արտաքսման, իսկ փաստացի՝ Աստծո փառքի տարածում էր։ Հովհաննեսին էլ փաստացի արտաքսեցին, որպեսզի նա հարստանա աշակերտներով։ Դա առաջին դարի վերջերին էր, կայսրությունում հերթական անգամ ուժգնանում էին հալածանքները քրիստոնյաների նկատմամբ։ Նրանց հալածում էին ոչ միայն աստվածապաշտության համար, այլեւ կայսրին չպաշտելու, նրա կուռքերի առաջ չխոնարհվելու համար, ինչն այն ժամանակներում համարվում էր Հռոմի նկատմամբ առնվազն չեզոքություն պահելու դրսեւորում։ Կայսրին պաշտում էին աստծո տեղ, նրա պատվին կառուցում էին տաճարներ, միեւնույն ժամանակ եկեղեցին սրընթաց աճում ու մեծանում էր հալածյալների արյան վրա։ Հովհաննեսն միակն էր մնացել Հիսուսի աշակերտներից, ով Նրա հետ շփվել, Նրան տեսել էր մարմնավոր կենդանության օրոք։ Մնացյալը կյանքները զոհաբերել էին աշխարհի տարբեր ծագերում, հաճախ՝ տառապանքներով, քառատումներով ու այլ չարչարանքներով։

Պատմոս կղզում Աստված Հովհաննեսին հայտնում է վերջին օրերի ժամանակագրությունը, ըստ որի էլ գրվում է Հայտնության գիրքը։ Ընդհանրապես՝ Հովհաննեսը շատ հետաքրքիր կենսագրություն է ունեցել. նա ամենաերիտասարդ առաքյալն է, ամենասիրված եւ ուշիմ աշակերտն է Հիսուսի, Աստվածատես, Աստվածաբարբառ, խնամակալն է Հիսուսի մոր՝ Մարիամ Աստվածածնի, նա ապրում է հարյուր տարի, եւ հայտնի չէ նրա հետագա ընթացքը (անգամ վկայություններ կան, թե նա ընդհանրապես չի մահացել), նա հայտնի է որպես ամենասիրառատ ավետարանիչ եւ, միեւնույն ժամանակ, չարքերին հալածող առաքյալ, նրան տրված էր այնքան, որ կարող էր գրել մի քանի Աստվածաշունչ, սակայն նա սակավախոս էր…

Հովհաննեսն ընդօրինակելու լավագույն անհատն է։ Նա բաց աչքերով ու բաց ականջներով անհատականություն է. լսում է անլսելին, տեսնում անտեսանելին։ Ընդհանրապես հետաքրքիր կերպարներ են սրբերը, եւ արժե նույնիսկ ինչ-որ տեղ վախենալ նրանցից, նրանցից պետք է վախենան նախ եւ առաջ սրբապիղծները։

Ապոկալիպսիս. հին հունարենից թարգմանած այն նշանակում է հայտնություն, բացահայտումն այն ամենի, ինչը փակ էր.

«Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց՝ իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային. Որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, որ տեսաւ»։ Հայտնություն 1։1-2

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։