Ապոկալիպսիս Բ
«Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր»
Հայտնության գիրքը փաստացի ամբողջությամբ թելադրված է Տիրոջ կողմից, այսինքն, կարելի է ասել, ուղղակի խոսք է. «Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային»։
Պողոս առաքյալը դրվատանքի խոսքեր է գրում այն քրիստոնյաներին, ովքեր ընդունեցին Բարի լուրը ո՛չ որպես մարդկային խոսք, այլ որպես Աստծո խոսք։ Հայտնության գիրքը շատ ավելի խտացված տարբերակն է ուղղակի խոսքի, որ Հայր Աստված թելադրում է Իր որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
«…ցոյց տալու ինչ որ շուտով պիտի լինի» արտահայտությունը շատերին թյուրիմացության մեջ է գցում, թե այդ շուտովից անցել է մոտ երկու հազար տարի։ Այս հարցի պատասխանը տրված է հենց երկու հազար տարի առաջ գրված Պետրոսի երկրորդ թղթում.
«Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չլինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր»։ Բ Պետրոս
ՇՈՒՏՈՎՆ ՈՒ ՈՒՇԸ Աստծուն է հայտնի։ Մենք կարելի է ասել մի ոտքով արդեն կանգնած ենք Հայտնության գրքում նկարագրված եւ իրականություն դարձած իրադարձությունների մեջ։ Հայտնության գիրքը նկարագրում է աշխարհի պատմության վերջին դրվագը։
Հայտնության գիրքն ընթերցելիս չենք հանդիպում հակաքրիստոս, ահեղ դատաստան արտահայտություններին, խոսք չկա պատվաստումների, չիպերի մասին…
Հայտնության գիրքը գրված է հանդիսավոր հռետորաբանությամբ։ Այնտեղ տրված չէ իրադարձությունների ճանապարհային քարտեզ կամ գրաֆիկա, այն խորհրդանշական, խորհրդավոր գիրք է, որը մեզ կարող առաջ տանել, հետո հետ տանել, նորից առաջ տանել… Այնտեղ, այո, չկա գրված պատվաստումների կամ ահեղ դատաստանի մասին ուղիղ խոսք, այնտեղ գրված է դատաստանի մասին… եւ, միեւնույն ժամանակ, այնտեղ գրված է ամեն ինչի մասին։ Այնտեղ կա այն մասին, որ մարդ դառնում է առ Աստված, որ մարդ երես է թեքում Աստծուց, խելքի է գալիս պատիժներից, խելքի չի գալիս… Մի խոսքով դա գիրք է մարդու մասին, որտեղ շատ սարսափելի բաներ կիմանանք մարդու մասին եւ շատ հրաշալի բաներ կիմանանք մարդու մասին, կիմանանք, թե ինչպիսին նա կարող է լինել երկնաբնակ, եւ թե ինչպես նա կարող է լինել Տիրոջ թշնամին, ով չարությունից կծում է իր լեզուն, թե ինչպես չի կամենում ենթարկվել Գահին նստածին։ Սա միաժամանակ գիրք է մարդկության եւ մարդու մասին։
Աստված խոսում է Հովհաննեսի հետ խոսքերով, նաեւ թվերով. դրա համար խորհուրդ է տրվում Հայտնության գիրքը չընթերցել առանց գիտուն հայրերի, իմաստուն սուրբ հայրերի մեկնաբանությունների։ 24 երեց, 7 եղջյուր եւ 7 աչքով գառ, կարմիր յոթգլխանի վիշապ, առաջին գազանը ծովից, երկրորդ գազանը՝ սուտ մարգարե, 7 շեփոր, 7 որոտմունք… 144 հազար, յոթեր, տասնյակներ, չորս, քսանչորս… Բազմաթիվ թվեր, որոնք մեկնության կարիք ունեն։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ