Image

Հայտնություն

«Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները եւ սորանում գրուածները պահողները…»



Քսաներորդ դարասկզբին գիտնականները հայտնաբերեցին, որ նյութի մեջ գոյություն ունի միկրոաշխարհ, եւ եկան մի եզրահանգման, որը ցնցեց գիտական աշխարհը. պարզվել է, որ այն օրենքները, որոնք գործում են մակրոաշխարհում, որում մենք ենք ապրում, բացարձակապես կիրառելի չեն միկրոաշխարհի համար։ Գիտնականները շփոթմունքի մեջ են, թե ինչպե՞ս բնորոշեն միկրոաշխարհի գոյությունը։

Իսկ ի՞նչ անել, երբ մենք անդրադառնում ենք ոչ նյութական, հոգեւոր աշխարհին… Դրա համար Հովհաննես Ավետարանիչը տարբեր կենդանակերպերով, տարբեր խորհրդանիշներով ակնարկում է, թե ինչ է տեղի ունենալու, գրեթե չի էլ նկարագրում, ակնարկում է… որովհետեւ այս աշխարհում չկան բառեր՝ նկարագրելու համար այն իրողությունները, որոնք գալիս են այն աշխարհից։

Չնայած Ապոկալիպսիսը (Հայտնությունը) մեկ կյանքի եւ մոլորակի ամփոփումը, նպատակը եւ իմաստն է, այն միակ գիրքն է Ավետարանի, որը գրեթե չի ընթերցվում պատարագների ժամանակ կամ շատ քիչ է ընթերցվում։ Թեպետ.

«Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է»։ Հայտնություն 1։3

«Կարդացողը» եւ «լսողները». այսինքն՝ հարկավոր է, որ մեկը կարդա, շատերը լսեն։ Հոգեւոր համայնքը պետք է լսի Հայտնության գիրքը։

Հայտնության գիրքն ինչ-որ տեղ երկյուղներով լի գիրք է։ Եւ, ընդհանրապես, Աստվածաշունչը զբաղմունքի Գիրք չէ, Գրքերի Գիրքը նաեւ երկյուղալի է.

«Քեզ քո չարութիւնն է խրատում, եւ քո անհաւատարմութիւններն են քեզ յանդիմանում։ Արդ, իմացիր եւ տես, որ չար եւ դառն բան է քո Տէր Աստուծուն թողելդ, եւ իմ երկիւղը քեզ վերայ չլինելը, ասում է Զօրաց Տէր Եհովան»։ Երեմիա 2։19

Հայտնության գրքի հուսադրողն այն է, որ հնարավոր է հավերժական երանելի կյանք ունենալ Քրիստոսի հետ։ Հավատացյալ մարդկանց համար, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, այս գիրքն իսկապես հույսի գիրք է, հավերժական կյանքի արժանանալու հույսի գիրք։

Աստվածաշունչն սկսվում է երկրի եւ երկնքի արարումով եւ ավարտվում է նոր երկրի եւ երկնքի արարումով։

«Եւ աթոռի վերայ նստողն ասեց. Ահա ամեն բան նոր եմ անում. եւ ասեց ինձ. Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են»։ Հայտնություն 21։5

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։