ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. Գերակայում է սոդոմական «բարոյախոսությունը»
Եթե մինչեւ վերջ չհասկանանք, թե ուր է Աստված ուղղորդում մեզ, երեւի թե չենք հասկանա Նրա փառքի ամբողջությունը։
Պատմոս կղզուն շատերը մոտենում են ակնածանքով. չէ՞ որ այստեղ է գրվել Աստվածաշնչի եզրափակիչ հատվածը՝ Հայտնության գիրքը։ Այստեղ այն կետն է, որին պիտի հանգեր ողջ Աստվածաշնչի ընթացքը։ Սակայն պետք չէ վախենալ։ Ի վերջո, այսօր ողջ աշխարհն է դարձել «պատմոս»։ Ամբողջ մոլորակում, քաղաքների փողոցներում այսօր կատարվում են իրադարձություններ, որոնք հավաստում են Հայտնության գրքի վկայությունների իրականացումը։
Պատմոսն առաջին դարում հեթանոսությամբ ներծծված կղզի էր, հագեցած բազմաստվածությամբ, կուռքերով, պաշտամունքային ծիսակարգերով, այլասերություններով, զոհաբերություններով, այդ թվում՝ եւ՛ մարդկային։
Սուրբ Հովհաննես Ավետարանիչի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում գրեթե չմկրտված մարդ չմնաց կղզում։ Մկրտվել են բոլորը. իշխանավորներից մինչեւ երեկվա քրմերը։ Պահպանվել են պատմություններ, թե ինչպես են Պատմոսում չարքերը վախեցել ալեհեր ծերուկից, թե ինչպես է նա ապաքինել ու բժշկել, ինչպես է կենդանացրել մեռյալներին եւ քարոզել Քրիստոս։
Պատմում են, որ երբ Հովհաննեսի աքսորի ժամկետը մոտեցել է ավարտին, նա իր աշակերտի հետ բարձրացել է կղզու կենտրոնում գտնվող լերկ լեռան գագաթը, որը վայրի բնությամբ մի վայր էր, բնակություն հաստատել քարանձավում, մի քանի շաբաթ չուտելով ոչինչ՝ անցկացրել է աղոթքների մեջ։ Այժմ աշխարհի բոլոր քարտեզներում այդ վայրը կոչվում է Հայտնության քարանձավ։ Անձավ բարձրանում են նեղ արահետային աստիճաններով, որոնց քանակը 22 է, ուղիղ այնքան, որքան գլուխ ունի Հայտնության գիրքը։
Հայտնության դրվագներ կան նաեւ Աստվածաշնչի այլ հատվածներում, օրինակ՝ Եսայի մարգարեի մարգարեություններում. կարծես ծածուկ տեղերի վրայից ծածկոցը տեղ-տեղ բարձրացնեն։ Մարդկության պատմությունը պետք է մոտենա ավարտին։ Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ ավարտ։ Սկիզբ ունենալով Ծննդոց գրքից, երբ օձի խաբկանքով մեղքը մեր մեջ առանք թույնի նման, մենք ընթանում ենք կյանքի քառուղիներով, մինչեւ որ այդ թույնից վերջնականապես չձերբազատվենք։
Անսկիզբն է, որ ավարտ չունի։
Աշխարհի վերջի մասին Հայտնության գրքում արձանագրված ցնցումները՝ կատակլիզմները, պատերազմները, համաճարակները, հասարա կական կառույցների բեկումները… անվանում են նոր տիեզերքի երկունքի տառապանքներ։ Աղետները գերլարումներով արագանում են, երկրագունդը տանջվում է, իր վրա տանելով, հանդուրժելով մեղավորներին… Գերճոխությունները՝ մինչեւ ոսկե դագաղներով հուղարկավորություններ, որկրամոլությունն ու անկշտությունը, երբ մարդիկ կսկսեն ուտել մի քանի անգամ ավելի, քան դրա կարիքը կա, եւ էլի չեն կշտանա: Այս ամենը հետեւանք է ստորագույն փչացածության. ուրախանում ենք չարությունից, ատում ենք երանելությունը։ Գերակայում է սոդոմական «բարոյախոսությունը»։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ