ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. Կատարելով Աստծո պատվիրանները՝ մենք կարող ենք լսել մեր բոլոր հարցերի պատասխանները
«Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են…»
Անհնազանդություն, գոռոզություն, ամբարտավանություն, չարախոսություն, մտացրիվություն, վրեժխնդրության մոլուցք… Մարդ նախ վարակվում է ներքուստ, ապա իրենով տանջում է ողջ մոլորակը, որը գնալով սեղմվում է եւ չի «ցանկանում» մնալ նախկին ձեւաչափի մեջ։ Սրանք երկունքի ցավեր են, որոնցից հետո «ծնվելու» է մեսիան։ Այս ցավերի միջով ճանապարհ է բացվելու դեպի լույսը։
«Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են. Եւ Յիսուս քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան, որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն, Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն»։ Հայտնություն 1։4-6
Պատմոս կղզու լերկ լեռան վրա գտնվող քարանձավում, որտեղ Հովհաննես Ավետարանիչը ճգնել եւ գրել է Հայտնության գիրքը, այժմ գործում է փոքրիկ տաճար։ Այդ անձավի ճեղքերից է, որ Հովհաննեսը լսել է Աստծո ձայնը։
Աստծո հետ խոսելու եւ լսելի լինելու համար հարկավոր է հարգել Կիրակի օրվա խորհուրդը, մասնակից լինել, խոնարհում բերել պատարագներին. պատարագի միջոցով է բացվում Հայտնությունը.
«Եւ կիրակի օրը եղայ Հոգում. եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպէս փողի ձայն, որ ասում էր. «Ես եմ Ալֆան եւ Օմեղան, առաջինը եւ վերջինը»»։ Հայտնություն 1։10
«Եւ ինչ որ տեսնում ես, գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին, որ Ասւիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն, եւ Թիւատիրա, եւ Սարդես, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ»։ Հայտնություն 1։11
Փոքրասիական այս քաղաքները, ցավոք, այսօր ավերակների վերածված տարածքներ են ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Այս քաղաքներում քրիստոնեությունը տարածվել է առաջին դարի կեսերին, Պողոս առաքյալի միջոցով։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ