Image

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Դրանք լինելու են եկեղեցու նկատմամբ ամենադաժան հալածանքների ժամանակները

 

«Եւ տեսայ նորա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցուած. եւ նորա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ այն գազանի ետեւիցը»։ Հայտնություն 13։3

Ստախոսը երբեմն ստանում է լուրջ հարվածներ եւ ապաքինվում դրանցից։ Աստվածաշնչյան նորմերին հակասող ցանկացած զզվելի արարք հաջորդ սերնդի կողմից այլեւս չի ընկալվում որպես այդպիսին։ Կան մեկնաբաններ, որ համարում են, թե այդ վերքերը իրական, ֆիզիկական վերքեր են լինելու, եւ ավելի մեծ տպավորություն գործելու համար համայն մարդկության աչքի առաջ այդ, անգամ մահացու վերքը, բուժվելու, վերանալու է, շատ ավելի շատերին մոլորության մեջ գցելու համար։

Հիսուսը մահացավ եւ հարություն առավ։ Չարը նոր բան չէր կարող հորինել. նա պետք է ինչ-որ կերպ նմանակեր Տիրոջը։ Ինչ-որ մոգություններով ամոքելու է մահացու վերքը։ «Հրաշք» աճպարարությունը ահռելի ներգործություն է ունենալու մարդկության վրա։ Այս սատանայությունների՛ց, թե վախի՛ց մարդկության վրա մի տեսակ թմբիր է իջնելու, գերություն գայթակղությունից։ Եթե գերի ես, չես աղոթում, եթե սառել ես վախից, դու չես աղոթում… Մեղքից թափվող սառը ցնցուղը սառեցնում է ամեն բան երկրի վրա։ Շատ դժվար է լինելու պարզապես արտաբերել «Տե՛ր Աստված» բառերը։

Մարդուն տրված է կամքի, ընտրության, մտածելու ազատություն։ Նա կարող է ընտրություն կատարել բարու ու չարի միջեւ։ Սակայն այնքան էլ հեշտ չէ վատություն, չարություն անել այլ մարդկանց, որովհետեւ այստեղ առնչվում ես այդ մարդկանց ազատության, ազատ ընտրության հետ։ Այստեղ եւս մեկ անգամ հստակ ընդգծված է չարի գործունեության ազատության սահմանափակումը ժամանակի մեջ՝ քառասուներկու ամիս, սակայն դրանք լինելու են եկեղեցու նկատմամբ ամենադաժան հալածանքների ժամանակները. «Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ»: Հայտնություն 13։7

Սակայն այնքան էլ հեշտ չէ սրբերի հաղթել ու դուրս գալ հաղթանակած։ Կարելի է սպանել նրանց, բայց հաղթել… Սպանվելով, նրանք կարծես պարտվում են, բայց իրենց պարտությամբ նրանք հաղթանակած են դուրս գալիս. «Եթէ մէկը գերութեան քաշէ, գերութեան պիտի քաշուի. եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի. այստեղ է սուրբերի համբերութիւնը եւ հաւատքը»։ Հայտնություն 13։10

Համբերություն եւ հավատք ունենալու համար այստեղ պետք է ունենալ Գառի արյունով օծում եւ հույս, որ Տերը կպահպանի, զերծ կպահի գայթակղության ախտից, որը վերահասելու է ողջ մոլորակը։ Այդ ժամանակներում ամենաուժեղները կթուլանան, ամենահզորները կդողան։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։