Հայտնության գիրքն ուղղված է եկեղեցու բոլոր փուլերին
«…այն եօթն աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են»
Հայտնության գրքի յոթ եկեղեցիներն իրականում խորհրդանշում են աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիները՝ իրենց բոլոր հնարավոր իրավիճակներում։ Կա նաեւ տեսակետ, թե Հայտնության յոթ եկեղեցիները եկեղեցու գոյընթացի յոթ փուլերն են՝ իր հիմնադրումից մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այդ սխեմայով Եփեսոսի եկեղեցին հերետիկոսների դեմ պայքարի եւ առաքյալների ժամանակաշրջանն է, Զմյուռնիայի եկեղեցին՝ հավատքի համար հալածանքների ժամանակաշրջանը, Պերգամոնի եկեղեցին՝ էկումենիկ խորհուրդների ու հավատքի կանոնների սահմանման, Թյուտաիրայի եկեղեցին, ում մասին Աստված ասում է, որ նրանց վերջին գործերը շատ ավելին են, քան առաջինները, հավատքի ծաղկման դարաշրջանն է ամբողջ աշխարհում, Սարդեսի եկեղեցին հումանիզմի ու մատերիալիզմի զարգացման ժամանակաշրջանն է 16-18 դարերում, Ֆիլադելֆիական եկեղեցին այսօրվա եկեղեցին է՝ հավատքի նկատմամբ հակասական վերաբերմունքով, եւ Լավոդիկեի եկեղեցին աշխարհի վերջից առաջ սարսափելի ժամանակաշրջանն է, երբ մարդիկ լինելու են անտարբեր, գաղջ՝ ոչ տաք, ոչ սառը։
Ուրեմն Հայտնության գիրքն ուղղված է եկեղեցու բոլոր փուլերին։ Որոշ աստվածաբաններ կարծում են, որ յոթ եկեղեցիները ոչ միայն եկեղեցու փուլեր են, այլեւ հոգու վիճակ. այսինքն` յուրաքանչյուր քրիստոնյա կարող է ունենալ եւ՛ Եփեսոսի, եւ՛ Ֆիլադելֆիայի, եւ՛ Զմյուռնիայի…, եւ՛ ամենածանր՝ Լավոդիկեի վիճակներ։ Մենք կարող ենք օրը բացել Թյուտաիրայի վիճակում, սակայն եզրափակել Լավոդիկեի վիճակում…
Հայտնությունը միօրինակ չէ, այն ունի բազմաթիվ շերտեր: Գրվածքը չի կարելի միանշանակ բաժանել ժամանակագրական հաջորդական փուլերի։ Այնտեղ շատ հաճախ ապագայից անցում է կատարվում անցյալ եւ հակառակը։ Այնտեղ չկա սինխրոնիզացիա։ Սակայն յոթ եկեղեցիները մի տեսակ հայելի են, որտեղ կարող ես տեսնել ինքդ քեզ։ Դա եկեղեցական կյանքի հայելին է։ Յուրաքանչյուր եկեղեցական համայնք պետք է նայի յոթ եկեղեցիներից յուրաքանչյուրի հայելու մեջ, որպեսզի կարողանա զղջալ, քանի դեռ ուշ չէ։ Չէ՞ որ բոլոր եկեղեցիներին Աստված ասում է, որ գիտի նրանց գործերը։
Բերվում է յոթ ոսկի ճրագակալի եւ յոթ աստղերի գոյությունը։ Իսկ ի՞նչ են յոթ աստղերը.
«Այս եօթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մէջ տեսար, եւ այն եօթը ոսկի ճրագակալները. այն եօթն աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են»։ Հայտնություն 1։20
Յոթ աստղերը գտնվում են Տիրոջ աջ ձեռքում. նրա մոտ են նաեւ դժոխքի եւ մահվան բանալիները։ Ե՛վ եկեղեցիներն ու նրանց հրեշտակներն են Տիրոջ ձեռքում, ե՛ւ դժոխքի ու մահվան բանալիները, նրանց՝ ում Ինքը հաղթել է։
Յոթը Հայտնության գրքում ամենաշատ կրկնվող թիվն է. յոթ եկեղեցիներին հաջորդում են յոթ աստղերը, յոթ կնիքները, յոթ եղջյուրները, յոթ աչքերը, յոթ փողերով հրեշտակները, գազանի յոթ գլուխը… Յոթն ունի ամբողջության խորհուրդը։ Իր յոթ ուղերձներով Հիսուսը դիմում է եկեղեցիների ամբողջությանը։
Յոթ կանթեղներն այժմ ներկա են աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում՝ ի նշան տաճարում Աստծո եւ Նրա պարգեւների ներկայության։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ