Image

Հայտնությունը գիրք է Քրիստոսի մասին

Հովհաննեսը Նրան նկարագրում է այնպիսին, ինչպիսին որ տեսել է։ Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է նկարագրել.

«Եւ կիրակի օրը եղայ Հոգում. եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպէս փողի ձայն, որ ասում էր. Ես եմ Ալֆան եւ Օմեղան, առաջինը եւ վերջինը»։ Հայտնություն 1։10

Վերը ներկայացված մեջբերման ինչպես-ը Հայտնության գրքում հաճախ է հանդիպում։ Որովհետեւ այն, ինչ ցանկանում է փոխանցել Հովհաննես ավետարանիչը, մարդկային բառերն անզոր են։ Դրանք այն երեւույթներն են, որոնք չի տեսել մարդու աչքը, չի լսել մարդու ականջը, չի զգացել մարդու սիրտը։ Դրա համար մարգարեն, ում տրվել է փոխանցելու այդ ամենը, փորձում է դա անել փոխաբերական համեմատությունների միջոցով։ Այդ ինչպես փողի ձայնն ասում է, թե. «Ես եմ Ալֆան եւ Օմեղան», այսինքն՝ սկիզբը եւ ավարտը։ Այստեղ կարեւոր է նաեւ այն փաստը, որ Նա իրեն անվանում է այբուբենի տառերի միջոցով։ Այբուբենի մեջ ամփոփված է ողջ աշխարհի իմաստնությունը։ Այն ամենը, ինչ Նա ցանկանում է մեզ համար բացահայտել, այդ ամենը գրի է առնվում եւ արձանագրվում գրավոր։ Եւ Նա ե՛ւ սկզբում է, ե՛ւ վերջում։ Նա ամենուր է։ Նրանով է ամեն ինչ Երկրի վրա սկսվում եւ Նրանով ավարտվում։ Սակայն կա նաեւ այլ իրականություն, որին ձգտում է յուրաքանչյուր քրիստոնյա՝ Երկնային Արքայությունը, որտեղ Աստված Հավերժ է։

Հայտնության գրքում Տերն իրեն բացահայտում է բնորոշումներով, որոնք հատուկ չեն Ավետարանի բնութագրումներին.

«Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ. Եւ այն եօթը ճրագակալների միջումը մեկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։ Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։ Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։ Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը»։ Հայտնություն 1։12-16

Այստեղ զարմանալի է ամեն մանրուք. Քրիստոսն ալեհեր է, ինչը հնում ընկալվում էր որպես իմաստնության խորհրդանիշ, հագին պատմուճան է, որը հագնում էին Հին Ուխտի հոգեւորականներն ու արքաները, արքայական փառքի մասին է վկայում նաեւ Քրիստոսի ոսկե գոտին, ոտքերը Նրա մետաղական են եւ ոչինչ չի կարող դրանք տատանել կամ երերացնել։ Դանիել մարգարեի մոտ բնութագրվում է.

«Եւ նորա մարմինը ոսկեքարի նման էր, եւ նորա դէմքը կայծակի երեւոյթի պէս, եւ աչքերը կրակի բոցերի պէս, եւ նորա բազուկներն ու ոտները փայլուն պղնձի տեսքի նման, եւ նորա խօսքերի ձայնը ամբոխի ձայնի պէս»։ Դանիել 10։6

Ավետարանական Քրիստոսի կերպարն այստեղ անհետանում է։ Հատկանշական է, որ հարություն առած Քրիստոսի կերպարն էլ տարբերվում էր. աշակերտները Նրան չեն ճանաչում։ Քրիստոսը հարություն առավ այլ կերպարանքով, եւ ինքը կարող էր փոփոխել իր կերպարը՝ դառնալով ճանաչելի կամ անճանաչելի։ Հայտնության գրքում իրապես ունենք բոլորովին նոր Քրիստոս, ում բերանի երկսայրի սուրը Աստծո խոսքն է, Ինքը՝ ալեհեր, հագուստը՝ հոգեւորականի…

Այլեւս ավարտվել է հանդուրժելու անհրաժեշտությունը, նվաստանալու, չարչարանքներին դիմանալու ժամանակը։ Եկել է փառքի ժամանակը, եւ նա մեզ է ներկայանում այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին ինքն է ցանկանում։ Որպես հավերժական թագավոր, որպես հաղթող, որպես «ռազմատենչ»…

Միեւնույն ժամանակ Նա Հովհաննեսին, նրա միջոցով նաեւ մեզ ասում է. «Մի վախենար»։ Այս խոսքերը մեր սրտերը լցնում են հույսով։

Փրկության հույսով։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։