«Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս»
Ամեն տարի Քրիստոսին դավանելու համար զոհվում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Աշխարհում հավատքի համար քրիստոնյա է զոհվում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, այրվում ու ավերվում են քրիստոնեական տաճարներ, անարգվում քրիստոնյա կանայք… Բայց չէ՞ որ Նա զգուշացրել էր, թե ինչ է սպասվում Իր եկեղեցուն։ Ասել էր Ավետարանում, ավելի հստակ՝ Հայտնության գրքում՝ Հովհաննեսին հանձնարարելով դիմել յոթ եկեղեցիների հրեշտակներին, այսինքն՝ փաստացի աշխարի բոլոր քրիստոնեական եկեղեցիներին։ Քանի որ հրեշտակները պատարագում են եկեղեցիներում, իսկ մենք նրանց ձայնակցում ենք, համապատարագում ենք, ապա հրեշտակները սիրում են լինել մեզ հետ տաճարներում, քանի որ նրանք չեն քնում, չեն հոգնում, նրանք չունեն մարմնավոր պահանջմունքներ, ապա կարող են մշտապես ներկա լինել, աղոթող լինել… Նրանք կարող են մշտապես ներկա լինել նաեւ խոնարհված եկեղեցիներում, որտեղ պատարագներ են մատուցվել Աստծուն, աղոթքներ են վեր բարձրացել, զոհողություններ են եղել Հիսուսի համար։
Բոլոր յոթ եկեղեցիներն էլ Փոքրասիական թերակղզում են։ Հովհաննեսը լավ գիտեր բոլոր այդ եկեղեցիները, որոնք տեղակայված էին միմյանցից ոչ այնքան հեռու։ Յուրաքանչյուր եկեղեցին ունի իր առաքելությունը, իր հստակ անելիքը, եւ Հիսուսը հստակ ուղերձ է գրել տալիս Հովհաննեսին յուրաքանչյուրի համար։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին ասվում է.
«Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս. Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են»։ Հայտնություն 2։1-2
Եփեսոսը յոթ եկեղեցիների քաղաքներից ամենամեծն է, իսկ Հռոմեական կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հայտնությունը գրելու ժամանակներում։ Այստեղ երկու տարի ապրել է Պողոս առաքյալը՝ հիմնելով եփեսոսյան համայնքը եւ այստեղ ուղարկելով երեք թուղթ, երեք ուղերձ. մեկը՝ եփեսացիներին, եւ երկուսը՝ իր աշակերտ Տիմոթեոսին, ով քաղաքի առաջին եպիսկոպոսն էր… Եփեսոսն այսօր ավերակներով լեցուն հսկայական տարածք է, իսկ ժամանակին 250 հազար բնակիչով աշխույժ քաղաք էր։ Միայն թատրոնը տեղավորում էր 30 հազար հանդիսատես, Էգեյան ծովի ամենախոշոր նավահանգիստն էր։ Արեւելքից Հռոմ եկող բոլոր ճանապարհներն անցնում էին Եփեսոսով, որը համարվում էր կայսրության երկրորդ մոգական մայրաքաղաքը, որտեղ բազմաթիվ հեթանոսական տաճարներ կային եւ Արտեմիդա աստվածուհու պաշտամունքն էր գերակայում, ում նվիրված հրաշագեղ տաճարն ընդգրկված էր աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում եւ այրվեց Հերոստրատի կողմից՝ փառքի համար։ Գործք Առաքելոցը պահպանել է հիշողությունն այն մասին, որ Պողոս առաքյալն, այստեղ քարոզելով, քաղաքի մի մասին տրամադրել է իր դեմ, ովքեր զրկվել էին իրենց եկամուտից, որ ստանում էին Արտեմիդայի պաշտամունքի հաշվին։ Միգուցե դրա համար է Տերը սկզբում գովաբանում Եփեսոսի եկեղեցին. «Եւ նեղութիւններ կրեցիր եւ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չթուլացար»։ Հայտնություն 2։3
Բայց.
«Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես»։ Հայտնություն 2։4 Կա իրավիճակ, երբ անգամ մարդը ընկած տեղից վերելք է ապրում, եւ լինում է հակառակը, երբ բարձունքներից ծուլանալով, անտարբեր դառնալով, անկում է ապրում։ Այդ ժամանակ. «Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կգամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը եթէ չապաշխարես»։ Հայտնություն 2։5
Ճրագակալի տեղաշարժը կարող է նշանակել ճեղքում, երկատվածություն նույն եկեղեցու ներսում։ Ճրագի մշտական ներկայությունից կարող է առաջանալ ընդարմության վիճակ, բարեկեցության էյֆորիա, մեղքի ձգտում… Ճրագակալի շարժումը սթափության կարող է բերել։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ