Image

Ո°րն է իրական եկեղեցին եւ ո°վ կարող է խնդիր ունենալ նրա հետ

<< Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի:>> Հայտնություն 22 : 11

 

Վերջերս շատ ակտիվ քննարկվում է, թե եկեղեցին խնդիրներ ունի իշխանությունների հետ: Այս մասին հայտարարեցին իշխանավորները եւ իրենք էլ պատասխանեցին իրենց հայտարարությանը, թե` եթե եկեղեցին խնդիր ունի իշխանության հետ, ուրեմն խնդիր ունի Աստծո հետ:

Սա առնվազը տգիտություն է: Գոնե խորհրդականները պետք է մի փոքր խելացի լինեն, մի քիչ կարդացած: Թե չէ մի երկու բան դեսից-դենից կարդացել են, մի երկու բան լսել են ուրիշ լսողներից ու հապշտապ <<վերջին ճշմարտության>> հայտարարություններ են անում, էլ ավելի խորացնելով իրենց մտավոր, բարոյական, իմացական, էլ չեմ ասում հոգեւոր անդունդը:

Այստեղ մենք չենք հավակնելու անելու լուրջ աստվածաբանական վերլուծություն ու հետեւություններ: Պարզապես կկատարենք մեջբերումներ Աստվածաշնչից, թե իրականում ո°րն է Եկեղեցին, ի°նչ է ասվում աշխարհիկ իշխանության մասին, եւ հետեւությունները կթողնենք ընթերցողներին:

<< Եւ ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ, եւ նորան գլուխ դրաւ եկեղեցուն` բոլոր բաների վերայ, Որ է նորա մարմինը, այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է:>> Եփեսացիս 1 : 22-23

<< Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած  լինին` ես այնտեղ նորանց մէջ եմ>>: Մատթեոս 18 : 20

<< Որովհետեւ  մենք Աստուծոյ գործակիցներ ենք. Դուք Աստուծոյ մշակութիւնը` Աստուծոյ շինուածքն էք:>> Ա Կորնթացիս 3 : 9

<< Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում. Աստուծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեին. Եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ:>> Գործք Առաքելոց 2 : 45-46

<< Չգիտե°ք որ դուք Աստուծոյ տաճար եք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում:>> Ա Կորնթացիս 3 :16

<< Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան: >> Մատթեոս 16 : 18

<< Եթե մեկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստւուած կապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է` որ դուք էք:>> Ա Կարնթացիս 3 : 17

<< Բայց նորան` որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը` որ մեզանում ներգործում է. Նորան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Յիսուսումն է, ամեն դարերում յաւիտեանս յաւիտենից: Ամէն:>> Եփեսացիս 3 : 20-21

<< Եթէ ձեզանից մէկը հիւանդ է, թող եկեղեցու երէցներին կանչէ, որ նորան վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը. Եւ հաւատքով աղօթքը կփրկէ այն հիւանդին, եւ Տերը վեր կկացնէ նորան. Եւ եթէ մեղք գործած լինի, կթողուի նորան:>> Հակոբոս 5 : 14-15

<< Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա  եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր:>> Մատթեոս 18 : 17

<< Աստուծոյ եկեղեցուն, որ Կորնթոսումն է, Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ` կանչուած սուրբերիդ` այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ, իրանցը եւ մերը:>> Ա Կորնթացիս 1 : 2

<< Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները.>> Հայտնություն 19 : 9

<< Եւ այն եօթը հրեշտակներից մէկը, որ եօթը սկաւառակն ունէին վերջի եօթը պատուհասներովը լցուած, ինձ մօտ եկաւ, խօսեց ինձ հետ եւ ասեց. Եկ ցոյց տամ քեզ այն հարսը, որ  Գառի կինն է. >> Հայտնություն 21 : 9

<< Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ: Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ինչպէ°ս պետք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. Որ է կենդանի Աստուծոյ եկեղեցին, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան:>> Ա Տիմոթեոս 3 14-15

<< Եւ տեսայ նոր երկինք եւ նոր երկիր. Որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցաւ. Եւ էլ ծով չկայ: Եւ ես` ( Յովհաննէսս) տեսայ սուրբ քաղաքը` նոր Երուսաղէմը  վայր գալիս Աստուածանից երկնքիցը պատրաստուած ինչպէս մի զարդարուած  հարս  իր մարդի համար: Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակուէ նորանց հետ եւ նորանք կլինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կլինի նորանց Աստուած:>> Հայտնություն 21 1 : 4

Այժմ` իշխանավորների մասին

<<Վայ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է. Եւ որ իշխաններդ առաւօտանց կանուխ ուտում են:

Երանի քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար: >> Ժողովող 10 : 16-17

<<Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. քո դրացուն արդարութիւնով դատիր:

Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չգաս. Քո ընկերի արիւնը չմտնես. Ես եմ Եհովան:>> Ղեւտացոց 19 : 1516

«Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած, որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ»։ Հայտնություն 19։19

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին, որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները, եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի»։ Հայտնություն 19։17-18

«Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։ Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ»։ Հայտնություն 18։6-7

«Եւ լաց եւ կոծ կանեն դորա վերայ երկրի թագաւորները, որ դորա հետ պոռնկուեցան եւ զեխութիւն արին, երբոր կտեսնեն դորա այրուելու ծուխը, Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կասե.  Վայ, վայ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։ Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կանեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը»։ Հայտնություն 18 ։ 9-11

«Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։ Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկաւ, ընկաւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ Որովհետու նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեխութեան զօրութիւնիցը հարստացան»։ Հայտնություն 18 ։ 1-3

Կարծում ենք հետեւություն անելու համար առանձնապես ճիգեր ու մտավարժանքներ անելու կարիք չկա. ինչպե°ս կարող է եկեղեցին, որ Քրիստոսի հարսն է, որ հավատացյալ ընտրյալների ամբողջությունն է, Աստծո ընտրյալների, խնդիրներ ունենալ որեւէ իշխանության հետ, առավել եւս այդ պատճառով խնդիրներ ունենալ Աստծո հետ…

Մշտապես հետեւեք հետեւություններին:

Արթուր ՍԵՒԱՉԵՐՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։