Հոգեւոր անկյուն
«Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից…»
Քրիստոնեության առաջին տարիներին Եփեսոսը փայլում էր սրբությամբ՝ այն նույն առաջնային սիրով, որ Նա էր թողել։ Այստեղ անցկացվում էին էկումենիկ խորհուրդներ, այստեղ փառավորվել են նահատակներն ու վերապատվելիները, այստեղ է կայացել աշխարհի պատմության ամենամեծ հրաշքներից մեկը. առաջին դարի հալածանքների համապատկերին մահվան դատապարտված յոթ պատանիները քնել էին խոր քարանձավում եւ արթնացել ավելի քան երկու հարյուր տարի անց։ Յոթ պատանիների մասին հրաշքը պահպանվում է ոչ միայն բոլոր քրիստոնեական եկեղեցիների կողմից, նրանց մասին հիշատակում կա նաեւ Ղուրանում։ Եփեսոսի երիտասարդ եկեղեցու ջերմագին ու խանդոտ հավատքի մասին է վկայել նաեւ Տերը Հայտնության գրքում.
«Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում»։ Հայտնություն 2։6
Նոր Կտակարանի ամբողջ ընթացքում Քրիստոսն առաջին անգամ արտաբերում է «ատում եմ» արտահայտությունը։ Այսինքն՝ տանել չեմ կարող նրանց, տեսնել չեմ ցանկանում, հայացքս հեռացնում եմ նրանցից։ Քանի որ Նա կարող է սիրել մեծ սիրով, ապա կարող է նաեւ ատել։ Սրանց հակառակը անտարբերությունն է, այսինքն՝ «միեւնույնն» է վիճակը։ Սա առաջին հերթին վերաբերում է հերետիկոսներին։ Տերն ատում է սուտը, կեղծիքը եւ չարությունը։
Մարտիկը, իսկ Քրիստոսն այստեղ սրով զինված մարտիկ է, կատարում է սիրո գործեր՝ ատելության որոշակի չափաբաժնով։ Երբեմն սրբազան գործի համար գործածվում է ատելության հզոր էներգիան, որն ուղղորդվում է անհրաժեշտ հունով։
Դա պատերազմ է ո՛չ իշխանության համար, ո՛չ հարստության համար, ո՛չ կանանց համար… Դա պատերազմ է սրբազան նպատակներին հասնելու համար։ Ո՛չ անձնական նպատակներին հասնելու համար, ո՛չ ես-ի պահանջմունքները բավարարելու համար, այլ՝ անանձնական նպատակների համար. հանուն Աստծո, հանուն հավատքի, հանուն Հայրենիքի…
Նիկողայոսը, որ ազգությամբ հույն էր, սկզբնապես հրաժարվում է հերետիկոսությունից, դառնում Հիսուսի հետեւորդը, այնուհետեւ խանդի հողի վրա բորբոքում երեւակայությունը, շեղվում ճշմարիտ ուղուց, ստեղծում հետեւորդների նոր ուղղություն, որոնց թույլատրված էր ցանկացած վայելք ու մեղք…
«Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։ Նորանց ազատութիւն են խոստանում, եւ իրանք ապականութեան ծառաներ են. որովհետեւ ինչ բանով որ մէկը յաղթուի, նորան էլ ծառան է»։ Բ Պետրոս 2։18-19
Նիկողայոսեանները այն մարդիկ են, ովքեր ըստ Ավետարանի օգտագործում են մեր ազատությունը իրենց եղկելի, այպանելի գործերի համար, նրանք հորինում են մեղքի «աստվածաբանություն», մեղքի արդարացում։ Սա քրիստոնեական գայթակղություն է։ Կարելի է կա՛մ հավատալ, կա՛մ մեղանչել։ Իսկ երբ փորձում ես «հավատքով մեղանչել», սա գայթակղության բարձրագույն աստիճանն է։ Օրինակ՝ Շոտլանդիայի եկեղեցիներից մեկը թույլատրել է միասեռական զույգերին՝ դառնալու «հոգեւորական»…
Սակայն Տերը ճշմարիտ հավատացյալներին նաեւ սփոփում է.
«Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է»։ Հայտնություն 2։7
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ