Image

Սուրը դա Աստծո խոսքն է

«Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չուրացար»

Հաջորդ եկեղեցին, որ Տերը դիմում է Հովհաննես Ավետարանիչի միջոցով, Պերգամոնի եկեղեցու հրեշտակն է.

«Եւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը։ Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է. եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. ուր որ սատանան է բնակվում»։ Հայտնություն 2։12-13

Անտիպասը հավատարիմ վկան էր Տիրոջ, այսինքն՝ նա ոչ միայն լսում էր, ինչը նույնպես անչափ կարեւոր է, որովհետեւ հավատքը լսելուցն է, լսելն էլ Աստծո խոսքից է, այլեւ տեսնում էր եւ տեսածը ճշգրտորեն փոխանցում էր։ Սա է հավատարիմ վկան։ Հովհաննեսի եւ Անտիպասի սերունդը խորհրդածողների սերունդ էր, որովհետեւ նրանք անձամբ էին շփվել կամ Տիրոջ, կամ Նրա աշակերտների հետ։ Նրանք զրուցել էին, նրանք հպվել էին, նրանք տեսել էին…

Ենթադրվում է, որ Անտիպասը զոհվել է Հովհաննեսի կողմից Հայտնության գիրքը գրելուց մի փոքր առաջ. հեթանոսական աստվածներին խոնարհվելուց եւ զոհաբերություն մատուցելուց հրաժարվելու համար նրան նետել են պղնձի տաք լավայի մեջ Արտեմիդայի տաճարում։ Այստեղ ընդունված էին նման դաժան տանջամահության մեթոդները. չէ՞ որ միայն Պերգամոնի մասին է Տերը ասում, որ այնտեղ սատանան է բնակվում, ավելին՝ այնտեղ սատանայի աթոռն է։ Սատանայի աթոռը ներկայացված է ոչ նյութական իմաստով. այդ աթոռը կարող է գտնվել այնտեղ, որտեղ թույլ է տալիս Աստված, ինքը կարող է իշխել այնտեղ, որտեղ իրեն տրվել է իշխանություն։ Փաստացի աթոռը գտնվում է այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չի ընդդիմանում։ Այս քաղաքում է գտնվել Ալեքսանդրիայի գրադարանից հետո մեծությամբ երկրորդ գրադարանը, այս քաղաքի անունից է առաջացել «պերգամենտ» բառը, այստեղ է կառուցվել Զեւսին նվիրված հսկայական տաճարը եւ սատանայի աթոռին հավակնող շատ ուրիշ կառույցներ ու խորհրդանիշներ…

Սակայն սատանայի աթոռը անշարժ չէ, քանի որ նա նմանակում է Աստծուն եւ կարող է տեղաշարժվել ամենուր, ինչպես Աստծո խորանը տեղից տեղ շրջելով՝ հաստատվեց Երուսաղեմում։ Սատանայի համար հետաքրքիր չէ գրավել սովորական մեկ անձի սիրտը, նա ձգտում է գրավել նրա սիրտը, ով կարող է իրեն ենթարկեցնել, իր ազդեցությունը տարածել հոծ բազմության վրա, այսինքն՝ ունենալ ներազդեցության գործակալ։

Դրա համար է Տիրոջ մոտ սրած երկսայրի սուրը։ Սուրը դա Աստծո խոսքն է։ Մեր աղոթքներում խնդրում ենք խոսքն Աստծո, որը երկսայրի սուր է։ Հայտնության գրքի Քրիստոսը այլեւս Ավետարանի համակերպվող, խոնարհվող, տանող Քրիստոսը չէ։

Այստեղ արդեն հարություն առած, փառքի լույսի մեջ գտնվող Քրիստոսն է, ով նաեւ զինված է, զինված է երկսայրի սրով, քանզի այստեղ է նաեւ սատանայի աթոռը։ Պերգամոնում, ինչպես եւ Եփեսոսում լցված էին չար ուժերը, եւ հաղթանակում էր հերետիկոսությունը։ Այստեղ պետք էին ուժեղներ, այստեղ պետք էին մարտիկներ, զինված մարտիկներ։ Այստեղ հարկավոր էր երկսայրի սուր։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։