Մոլորությունն այն է, երբ մարդը շարունակում է փնտրել, երբ արդեն գտել է
«…Եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կաւելացնէ նորա վերայ այն պատուհասները, որ այս գրքումը գրուած են»
«Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս, որ Բաղակին սովորեցրեց գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն։ Այսպէս դու էլ Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ ունիս, որ ես ատում եմ»։ Հայտնություն 2։14-15
Բաղաամի վարդապետությունը, որ ծաղկում էր Պերգամոնում, նկարագրված է Թվոց գրքում։ Բաղաամը հրեաների թշնամիներին, որ չէին կարողանում հաղթել նրանց, խորհուրդ տվեց հրեաների մոտ ուղարկել պոռնիկների։ Եւ գայթակղելով հրեաներին՝ հաղթեցին։ Թե՛ Նիկողայոսյանները, թե՛ Բաղաամի հետեւորդները պոռնկաբարո են եւ ատելի Տիրոջ համար։ Ե՛վ Նիկողայոսյանները, ե՛ւ Բաղաամի հետեւորդները, ե՛ւ ընդհանրապես Պերգամոնի եկեղեցին ճշմարտությունը ճանաչած էին եւ հետո՝ գայթակղված… Պարզապես մոլորյալների հարցն այլ է, իսկ ճշմարտությունը ճանաչած եւ մոլորությանը տրվածների մեղավորությունը՝ այլ. այս առումով է, որ Պողոս առաքյալը կորնթացիներին գրում է.
«Գրեցի ձեզ թղթումը՝ չխառնուիլ պոռնիկների հետ։ Եւ ոչ թէ ամենեւին այս աշխարհքի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ յափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թէ ոչ՝ պէտք էր ձեզ որ հէնց աշխարհքիցը դուրս գնայիք։ Բայց հիմա գրեցի ձեզ չխառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չուտել»։ Ա Կորնթացիս 5։9-11
Վերջիններս իրենց եղբայր անվանելով են շեղվում ճշմարիտ ճանապարհից. նրանք, լավ իմանալով ճշմարտությունը, փորձում են «սողանցքներ» գտնել այնտեղ՝ սխալ մեկնաբանություններ տալով, դրանով իսկ փորձելով արդարացնել իրենց մոլորությունները, գիտակցված մոլորությունները։ Մոլորությունն այն է, երբ մարդը շարունակում է փնտրել, երբ արդեն գտել է։ Իսկ նա, ով փնտրում է, ճշմարտությունը գտնելուց հետո փնտրում է սուտն ու կեղծիքը։
Քրիստոնեությունում կա հավատքի մաքրաբարոյություն հասկացություն։ Հետեւաբար, ովքեր խախտում են այս սկզբունքը, նրանք հայտնվում են հոգեւոր մոլորության վիճակում։ Շատերն են կեղծ մարգարեներին հետեւելով՝ ընկնում մոլորությունների մեջ, թեպետ գրված է, որ Աստվածաշնչից դուրս ոչինչ մի փնտրեք եւ մի ավելացրեք եւ մի պակասացրեք ոչինչ։
«Որովհետեւ ես վկայում եմ ամենին, որ լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնէ սորանց վերայ, Աստուած կաւելացնէ նորա վերայ այն պատուհասները, որ այս գրքումը գրուած են։ Եւ եթէ մէկն այս գրքի մարգարէութեան խօսքերիցը բան պակասեցնէ, Աստուած կպակասեցնէ նորա բաժինը կեանքի գրքիցը, եւ սուրբ քաղաքիցը, եւ այս գրքում գրուածներիցը»։ Հայտնություն 22։18-19
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ