Image

Մանանան կերակուր է, որի անունն է «ի՞նչ է սա»

«Ապաշխարիր. ապա թէ ո՛չ շուտով քեզ մօտ կգամ, եւ կպատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը»



Զղջում։ Պերգամոնի համար Տերն ասում է, որ այստեղ սատանայի աթոռն է, այստեղ Նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ կան, Բաղաամի վարդապետությունը պահողներ կան, կուռքի մատաղ ուտողներ. «Բայց հիմա գրեցի ձեզ չխառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չուտել»։ Ա Կորնթացիս 5։11

Սակայն Տերն ասում է՝ զղջա։ Եթե մայրն է որդուն ասում զղջա, կամ քահանան՝ հավատավորին, դա այլ բան է, բայց երբ Հիսուսն է ասում զղջա, դա արդեն այն երկսայրի սուրն է, դա Քրիստոսի խոսքն է, որը խոցում է, եւ որը պարզապես չես կարող չլսել։ Դա այն սուրն է, որ խոցելով ոչ միայն կարող է սպանել, այլեւ բժշկել, ամոքել, կենդանացնել կարող է։ Հիսուսի սուրը կարող է նման լինել վիրաբույժի նշտարին, վիրադանակին, որը կարող է կտրել հօգուտ մարդու առողջացման, ցավացնել, արյուն թողնել ապաքինելու նպատակով։ Տերն ասում է.

«Ապաշխարիր. ապա թէ ո՛չ շուտով քեզ մօտ կգամ, եւ կպատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը»։ Հայտնություն 2։16

Տերը սպառնում է Նիկողայոսյաններին, որովհետեւ նրանք գործում են եկեղեցու ներսում. այսինքն՝ պետք է այդ «պալարը» կտրել եկեղեցու մարմնից։

Առողջ մարդը տկարից տարբերվում է հնարավորություններով ու հեռանկարներով. առողջ մարդը բավականին հեռանկարային ծրագրեր ունի, իսկ հիվանդ մարդու հեռանկարը մեկն է՝ առողջանալ։ Կամ համակերպվում է եւ պատրաստվում ի՛ր ապագային։ Այդ պատճառով է, որ Տերը մեզ կտրում է եռուզեռից. չէ՞ որ մենք եռուզեռի դարաշրջանի ծնունդ ենք։ Վերակենդանացման բաժանմունքում կամ վիրահատարանում կամ այլ վշտավայրերում կանգառի կետեր են. դրանք այն վայրերն են, որտեղ մարդիկ չեն մտածում փալասների, հարստության, փառքի, հաջողության, նախանձի, մոլորության մասին։ Այդ ամենը դառնում են անարժեք։ Մարդը նայում է այն դռանը, որից այն կողմ պետք է անցնի եւ մտածում, թե Աստված ինչպե՞ս կտնօրինի իր հետագան։ Իսկ հետո Աստված միանգամից սփոփում է.

«Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կտամ նորան. եւ սպիտակ խիճ կտամ նորան. եւ այն խիճի վերայ մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չգիտէ, բացի նա որ առնում է»։ Հայտնություն 2։17

Սպիտակ քարը Քրիստոսն է, նոր անունը՝ էությանը համապատասխանող անուն.

«Նա է ձեզանից՝ շինողներիցդ անարգուած քարը, որ անկիւնի գլուխ եղաւ»։ Գործք Առաքելոց 4։11

«Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է»։ Մատթեոս 21։42

Իսկ ի՞նչ է մանանան. մանանան կերակուր է, որի անունն է «ի՞նչ է սա»։ Երբ երկնքից թափվել է երկնային հացը, մարդիկ հարցրել են՝ ի՞նչ է սա (մանանա)։

Ինչ վերաբերում է հոգեւոր մանանային, ապա դա Հիսուսի մարմինն է, դա հաղորդության շնորհն է, դա խորհրդավոր կերակուր է, առանց որի չենք կարող ապրել։ Աստծուն կերակուր պետք չէ։ Իսկ մարդուն կերակուր միշտ է անհրաժեշտ, նույնիսկ երկնային կյանքում, որտեղ նա պետք է սնվի շնորհքով ու երանությամբ։


Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։