Image

Վերջն է գործի պսակը

«Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կտամ ազգերի վերայ»



«Եւ Թիւատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ Որդին, որի աչքերը կրակի բոցի պէս են, եւ նորա ոտները կարմրած պղնձի նման»։ Հովհաննես 2։18

Թյուատիրայի եկեղեցին Պերգամոնից գտնվում էր ընդամենը վաթսուն կիլոմետր հյուսիս-արեւելք։ Այն ժամանակին եղել է արհեստների կենտրոն՝ գտնվելով կարեւոր առեւտրային խաչմերուկում։ Թյուատիրայի եկեղեցուն է ուղղված Հայտնության գրքի ամենաերկար ուղերձը.

«Գիտեմ քո գործերը, եւ սէրը, եւ քո ծառայութիւնը, եւ հաւատքը, եւ քո համբերութիւնը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն աւելի են քան թէ առաջինը»։ Հայտնություն 2։19

Այս խոսքերը կարող են լինել լավագույն գովասանքը։ Այնքան կարեւոր չէ, թե դու ինչպես ես սկսում գործունեությունդ, ավելի կարեւոր է, թե ինչպես ես ավարտում. վերջն է գործի պսակը։

Հին հույներն ասում էին. մի գովաբանիր ոչ մեկի մինչեւ մահդ, չի իմացվի, թե վերջին օրդ ի՞նչ կարծիք կունենաս։ Գովաբանելով Թյուատիրայի եկեղեցին՝ այնուամենայնիվ, Տերը հայտնում է նաեւ իր վերապահումները.

«Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունիմ. որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն»։ Հայտնություն 2։20

Իզաբելան եղել է իշխանավոր կին, իշխանություն ունեցող այն կանանցից մեկը, ովքեր մշտապես տառապում են չարի կողմից իրենց ուղեղը լցրած «գաղափարներով»՝ հավասարության, իրենց իրավունքների վերականգնման, տղամարդկային գերակայության համար վրեժխնդրության եւ այլն։ Իզաբելան միստիկ կերպար էր. նա զգում էր վերերկրյա ուժերի շարժը, նա ուներ իշխանություն, նա այլասերված կին էր, ով ատում էր սրբերին…

Հին Ուխտի Իզաբելն Աքաաբ արքայի կինն էր, ով կառուցում էր կուռքերի տաճարներ, վարում անբարոյական կյանք, ցանկանում սպանել տալ Եղիա մարգարեին, բայց հենց ինքն սպանվեց։ Նա հակաԵղիան էր. Եղիան աստվածային էր, Իզաբելը՝ սատանայական, Եղիան խոնարհ էր, նա՝ գոռոզ… Այսօրվա բարոյական չափանիշների անկումն ու սեռերի բեւեռացումների ծայրահեղական դրսեւորումները վկայում են, որ մենք ապրում ենք իզաբելականացման ժամանակներ։

Աստված բարեգութ Աստված է եւ բոլորիս ժամանակ է տալիս զղջալու համար.

«Ահա ես նորան անկողինի մէջ կգցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղութիւնների մէջ. եթէ չապաշխարեն իրանց գործերիցը։ Եւ նորանց որդիքը մահով կսպանեմ. եւ բոլոր եկեղեցիները կճանաչեն, որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. եւ կտամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ։ Իսկ ես ասում եմ ձեզ եւ միւսներին որ Թիւատիրայումն էք, որ այս վարդապետութիւնը չունիք, եւ որ սատանայի խորութիւնները չճանաչեցիք, ինչպէս ասում են. Ձեզ վերայ ուրիշ ծանրութիւն չեմ գցիլ»։ Հայտնություն 2։22-24

«Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կտամ ազգերի վերայ (Եւ նա կհովուէ նորանց երկաթէ գաւազանով. բրուտի ամանի պէս կփշրուին նորանք)»: Հայտնություն 2։26-27

 Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։