Image

«Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղերն ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես»

Յոթ եկեղեցիների հայելիներում, որոնց դիմում է Տերը, մեր արտացոլանքն է։ Նա հանդիմանեց Եփեսոսի եկեղեցուն, որ թողել է իր առաջին սերը։ Զմյուռնիայի եկեղեցուն զգուշացնում է, որ նրան վիշտ է սպասվում, եւ պետք է դիմանա ու մնա հավատարիմ։ Գովաբանեց Պերգամոնի եկեղեցին, որ համբերատար դիմակայում է սատանայական նստավայրի խժդժություններին, բայց հանդիմանեց, որ հանդուրժում է Նիկողայոսյանների մոլորությունները, որոնք ինքը՝ Տերն է անգամ ատում։

Գովաբանում է Թյուատիրայի եկեղեցին, ում ուղարկում է ամենաերկար եւ ամենահուսադրող ուղերձը, այնուամենայնիվ, Տերը հայտնում է նաեւ իր վերապահումները.

«Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունիմ. որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն»։ Հայտնություն 2։20

Իր եկեղեցիները Տերը Հայտնության գրքում անվանում է ճրագակալներ, իսկ Եփեսոսի եկեղեցուն անգամ սպառնում է, թե չապաշխարելու դեպքում «քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը»։ Եկեղեցիներ կան, որոնք մարել են իսպառ, ինչպես Կարթագենի եկեղեցին։ Այսօր էլ աշխարհի տարբեր ծագերում բազմաթիվ օրինակներ կան, որ եկեղեցական շինությունները գնում են եւ վերածում տարբեր ծեսերի, միջոցառումների, տոնախմբությունների վայրերի, որոնք ուղեկցվում են ոգելից խմիչքների գործածությամբ, տարբեր մոլություններով։ Այստեղ կան մարդու մեղքն ու մեղավորությունը եւ Տիրոջ համակերպումը կատարված փաստի հետ. ու մարում է ճրագը, հանգչում՝ ճրագակալը։ Բյուզանդիան, պատմությամ մեջ թողնելով բազմաթիվ նշանակալից հետքեր, մարել է…

Աստված կարող է որոշ ազգերի ասել, որ ավարտել է իր առաքելությունը, կամ՝ կշեռքի նժարին նրանց քաշը շատ թեթեւ էր, կամ՝ չարդարացրեցիք իմ վստահությունը… Այդպես եղավ հաջորդ՝ Սարդեսի եկեղեցու հետ.

«Եւ Սարդէսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղերն ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես»։ Հայտնություն 3։1

Թվում է, թե մարդն ակտիվ է, լավ մասնագետ է, փորձառու է… սակայն ներքուստ նա կիսամեռ վիճակում է։ Մինչեւ այն պահը, երբ նրան հասու է դառնում Աստծո խոսքը, երբ նրա հոգին ընդունում է խոսքի լույսը։ Մի կողմից կարծես մենք չենք տեսել մարդու վերածնունդ, մյուս կողմից անընդհատ ենք դրա ականատեսը։ Այսինքն՝ մեռյալները հարություն են առնում ամեն օր։ Բայց եւ ողջերն են ամեն օր մահանում։

Միգուցե հենց այս պատճառով են գրվել Սարդեսի եկեղեցու հրեշտակին ուղղված հաջորդ տողերը.

«Արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին որ մեռնելու մօտ են. որովհետեւ քո գործերը կատարեալ չգտայ Աստուծոյ առաջին։ Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չարթնանաս՝ ես կգամ քեզ վերայ գողի պէս. եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կգամ»։ Հայտնություն 3։2-3

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։