Արդարությունն ու սրբությունը ցանկացած երկրի ազգային անվտանգության ամենաէական գործոններն են
«Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չարթնանաս՝ ես կգամ քեզ վերայ գողի պէս. եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կգամ»։ Հայտնություն 3։3
Կյանքի յուրաքանչյուր դրվագում, յուրաքանչյուր իրավիճակում հարկավոր է հիշել Աստծուն, աղոթել, գոհանալ Աստծուց, սաղմոսներ ասել, խնդրել, որ Աստված չթողնի մեզ. սա է հոգեւոր արթուն վիճակը։ Հրեաների մոտ, օրինակ, արթնության խորհրդանիշ է ձուկը, որը չունի թարթիչներ, աչքերը երբեք չի թարթում։
Եվ Սարդեսը երկար ժամանակ արթուն էր, քրիստոնեական արթնություն էր պահպանում։ Հին սարդեսցիները ոչնչացվել են միայն 1402 թ.՝ Թամերլանի արշավանքի ժամանակ։ Քաղաքը բառացիորեն հավասարեցվեց հողին։ Քաղաքի մնացորդները պեղվել են միայն նախորդ դարում։
«…Պահիր եւ ապաշխարիր». հարկավոր է մշտապես հիշել, թե ի՞նչ ենք խոստացել Աստծուն։ Հոգեւորականները մշտապես պետք է կրկնեն իրենց ուխտն Աստծուն, մենք բոլորս պարտավոր ենք հաճախակի հիշել մկրտության ժամանակ Աստծուն տված մեր խոստմունքները, ի վերջո, սերը բոլորիս է տրվում, սակայն քչերս ենք այն պահում, պահպանում։ Ահա այստեղ է, որ պետք է պահենք, պահպանենք առաջին սերը, առաջնային սերը։ Սերը նվիրվում է բոլորին. հերոսությունը նվերը պահպանելու մեջ է։ Սա լիովին կարող է վերաբերվել ոչ միայն անհատներին, այլեւ եկեղեցիներին, հոգիներին… Նույնիսկ Սարդեսի մեջ Տերն առանձնացնում է մաքուր մնացածներին.
«Բայց մի քանի անձինք ունիս Սարդէսի մէջն էլ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցրին. եւ նորանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետեւ արժանի են»։ Հայտնություն 3։4
Այստեղ կարող ենք հիշել Աբրահամին, կարող ենք հիշել Ղովտին, ով պահպանում էր Սոդոմը, Ղովտը լքեց Սոդոմը, այն մոխիրների վերածվեց, կարող ենք հիշել Եղիային, ում Աստված տեղեկացրեց յոթ հազար անմեղների մասին, իսկ Եսայի մարգարեի մոտ կա արտահայտություն՝ հոգեւոր մնացորդ։ Եթե Տերը մեզ համար չթողներ այդ «մնացորդը», մենք կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։ Այդ մնացորդը այն ամենափոքր մանրադրամն է, որն այլեւս չի մանրվում, դա արդարների, սուրբ հոգիների այն նվազագույն քանակն է, որը չի անհետանում, որից ներքեւ աշխարհն այլեւս իրավունք չունի իջնելու, որպեսզի գոյատեւի։ Ուրեմն, Սարդեսի մեջ էլ գտնվեցին այն նվազագույն թվով անձինք, ովքեր եւ հոգին պահպանեցին, եւ մարմինը չապականեցին։ Նրանք խուսանավեցին բոլոր գայթակղություններից։ Նրանց շնորհիվ էլ պահպանվեց այս քաղաքը։ Եվ, ընդհանրապես, սա շատ կարեւոր գործոն է աշխարհի գոյության, կեցության համար։ Բոլոր երկրներն ունեն անվտանգության համակարգերի ռազմավարություններ՝ դեմոգրաֆիական, ռազմական, սննդի, տեղեկատվական… Սակայն ո՛չ մի պետության մեջ չեն մտածում, որ երկիրն ապրում է, քանի դեռ այնտեղ գոյություն ունեն սուրբ մարդիկ։ Սրբությունն ու արդարությունը երբեւէ որեւէ անվտանգային ռազմավարության մեջ չեն ընդգրկվել որպես հայեցակարգային կետ, մոտեցում, սկզբունք… Թեպետ հենց այդպիսի մարդկանց շնորհիվ է, որ մենք այսօր գոյատեւում ենք, գոյություն ունենք։ Երբ վերջին արդարը՝ Ղովտը, դուրս եկավ Սոդոմից, Աստված այլեւս այդ քաղաքը պահելու անհրաժեշտությունն ու կարիքը չուներ։ Նա կործանեց Սոդոմը՝ այդ սրիկաների հավաքածուն։
Արդարությունն ու սրբությունը ցանկացած երկրի ազգային անվտանգության ամենաէական գործոններն են։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ