Մեր հոգին հանդերձված է մեր մարմնով
«Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնէ. եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. եւ կդաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին»։ Հայտնություն 3։5
Ճերմակ հանդերձներն, անշուշտ, ավելի համապատասխան ու հարմար են ծառայություն մատուցելու համար։ Շատ եկեղեցիներ սեւ սքեմին զուգահեռ ունեն նաեւ սպիտակ կամ բաց գույներով հանդերձներ։
Մեկ այլ տեսանկյունից՝ մեր հոգին հանդերձված է մեր մարմնով, իսկ հետո, պատկերավոր ասած, մարմինն է հանդերձվելու հոգով։ Հարկավոր է, որ մարդու ներքինը միշտ լինի ճերմակ։ Եվ Տերը խոստանում է նմաններին չջնջել Կյանքի գրքից։
Եթե այլաբանորեն արտահայտվենք, կյանքի գիրքը նման է մեր դպրոցական օրագրին, որտեղ նշանակվում են գնահատականներ մեր արարքների համար։
Սակայն կյանքի գրքում գնահատականները դրվում են հակառակ տրամաբանությամբ. այստեղ «բարձր գնահատականներ» ստանալու համար հարկավոր չէ ձգտել նստել առաջին նստարաններին, զի պետք է հիշել, որ շատ առաջիններ հետին կլինեն, եւ շատ հետիններ՝ առաջին, հարկավոր է լռությունն առավել սիրել, քան աղմուկը, միայնությունն առավել, քան մարդաշատությունն ու ամբոխը, զրուցել ավելի շատ Աստծո հետ, քան՝ մարդկանց, շատ ավելի լինել աստվածավախ, քան ունենալ աշխարհիկ վախեր։
Այս գրքի գերազանցիկ լինելու համար պետք չէ վարել հանրային ու աղմկոտ կյանք, այս գրքի գերազանցիկները հեռանում էին լեռներ, քարանձավներ, անապատներ…
Նրանք հեռանում եւ թաքնվում էին մարդկանցից, որպեսզի դառնան «գերազանցիկ»:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ