Image

«Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ»

«Եւ ես շուտով Հոգում եղայ. եւ ահա մի աթոռ կար երկնքումը. եւ աթոռի վերայ մէկը նստած»



Հավերժությունը կա՛, այնտե՛ղ է։  Հովհաննես ավետարանիչը, երբ գրում էր Հայտնության գիրքը, հաճախ էր կտրվում ներկա իրականությունից եւ հայտնվում ապագայի իրողությունների բովում։ Այդ պահերին է, որ հավերժությունը ներխուժում է ժամանակի մեջ։ Այդ ներխուժումը նկարագրված է Հայտնության գրքի չորրորդ գլխում։ Կարելի է ասել՝ այստեղ է ողջ Հայտնության գրքի աստվածաշնչյան սիրտը։ Այստեղ ուղղակի խոսքերով են հայտնված Աստծո եւ իր տան մասին, որտեղ բոլորս պետք է մտնենք մեր ճանապարհի ավարտին։

«Եւ սորանից հետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ»։ Հայտնություն 4։1

Այստեղ ոչ թե փողն է հնչում, այլ՝ «փողի պէս», այսինքն համեմատություն է, նմանություն է տրված… այն, ինչ տեսել եւ լսել է Հովհաննես ավետարանիչը, դժվար է, գրեթե անհնար է երկրային բառերով նկարագրել։ Դրա համար եղելությունը շատ հաճախ ներկայացվում է համեմատություններով, փոխաբերություններով, հոմանիշներով։ Հաճախ խոսվում է երեւույթների մասին, որոնք բառային զուգահեռներ չունեն։ Հրեաները գիտեն ինչ է փողը՝ «շաֆարը», որը նրանք հնչեցնում են իրենց տաճարներում։ Դա նույնն է, ինչ մեզ՝ քրիստոնյաներիս մոտ եկեղեցու զանգերն են։ Այս փողի ձայնի մասին է Դավիթ արքան ասում.

«Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով»։ Սաղմոս 150։3

Եսայի մարգարեի գրքում նույնպես գրված է.

«Եւ այ օրը փչուելու է մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը»։ Եսայի 27։13

Եվ, ըստ ամենայնի, շաֆարի ձայնի մասին է ակնարկում Պողոս  առաքյալը, երբ կորնթացիներին գրում է.

«Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. Ոչ թէ ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխուինք։ Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կփչուի, եւ մեռելները յարութիւն կառնեն անապականելի, եւ մենք կփոխուինք»։ Ա Կորնթացիս 15։51-52

Հովհաննեսը հրեա է եւ շատ լավ գիտի, որ եթե հնչում են փողերը, ապա կամ մեծ տոն է, կամ՝ մեծ զղջումի ժամանակ։ Փողի ձայնը զգուշացում է, վկայություն է, կոչ է։

«Եւ ես շուտով Հոգում եղայ. եւ ահա մի աթոռ կար երկնքումը. եւ աթոռի վերայ մէկը նստած»։ Հայտնություն 4։2

«…շուտով Հոգում եղայ». Հովհաննեսը, մարմնապես գտնվելով այստեղ, հափշտակվեց վերեւ՝ հաղորդակից լինելով խորհրդավոր իրողությունների, որոնք աչքի համար տեսանելի չեն։

«…եւ աթոռի վերայ մէկը նստած». աթոռին նստած Տիրոջ մասին Հայտնության գրքում վկայվում է ուղիղ յոթ անգամ։ Գահին նստած Աստված աշխարհի տիրակալն է, ով գիտի ճշմարտությունը եւ կանի արդար դատ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։