Image

Իսկ ո՞վ պետք է մտածի Աստծո տան մասին

«Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման»



Ինչպե՞ս է Աստված միաժամանակ մտածում բոլորիս մասին, լսում բոլորիս աղոթքները, հոգում մեր հոգեւոր կարիքները… Մեր միտքն ու ուղեղը ի զօրու չեն ընկալելու սա։ Սա այն ոլորտից է, որի համար ասվում է, որ մարդու միտքը հյուծվում է։

Հովհան Դամասկոսցին ասում է, որ կա գաղափարների երեք տեսակ. առաջին տեսակը նրանք են, որոնք հասկանալի են եւ հեշտությամբ կարող են շարադրվել լեզվով։ Երկրորդ տեսակը նրանք են, որոնք հեշտությամբ ընկալվում են խելքով, մտքով, սակայն շատ դժվարությամբ են շարադրվում կամ ընդհանրապես չեն շարադրվում։ Եվ հոգեւոր իրողությունների երրորդ տեսակը նրանք են, որ չեն ընկալվում խելքով, եւ հնարավոր չէ շարադրել ընդհանրապես։ Եվ Սուրբ Աստծո ամենուրեքությունը, ամենակարողությունը, ամենահոգածությունը ամեն արարածի համար… Սրանք այն երեւույթներն են, ինչից մարդու միտքը հյուծվում է, երբ սկսում է մտածել այդ մասին…

Այստեղ մենք չենք կարող խելքով հասկանալ, այստեղ մենք պետք է պարզապես ասենք. «Փառք Քեզ, Տեր, որքան մե՛ծ ես, Տեր, մեղա քեզ, Տեր, փառքդ շատ, Տեր Աստված, երիցս փառք»։

«Փառք Քեզ, Տեր Աստված» բառերը կարծես Հայտնության գրքի այս գլխի ամենակարեւոր բառերն են, նաեւ նրանց համար, ովքեր բնակվում են այնտեղ՝ Աստծո մոտ։ Փառքի մեջ է փայլում Աստված Հովհաննեսի այս տեսիլքում։

«Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր»: Հայտնություն 4։3

Երբ բյուրեղացած, հղկված քարերի վրա արեւի շող է ընկնում, դրանք սկսում են փայլփլել, փայլատակել։ Այսինքն՝ Աստված փայլի մեջ է։      

«Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ»։ Հայտնություն 4։4

Ծիածանը հիշեցնում է փրկության մասին։ Ծիածան տեսնելիս մենք միշտ ուրախանում ենք, դա այնպիսի գեղեցիկ ու գրավիչ երկնային աղեղ է, որ ամեն անգամ տեսնելիս ցանկություն է առաջանում քայլել նրա վրայով։ Դա ուրախության նշան է, դա ողորմածության նշան է, Աստծո բարեգթության նշան է, չվախենալու նշան է։ Ծիածան տեսնելիս մենք չենք վախենում։ Ծիածանը խաղաղության խորհրդանիշն է, դա Աստծո հետ խաղաղության պայմանագրի նշանն է, Աստծո հետ հակամարտության վերացման նշանն է։

Կարելի է ապրել սակավապետությամբ, բայց լավագույնը մատուցել Աստծուն, սնունդի մեջ, օրինակ, օգտագործել ոչ այնքան որակյալ ձեթ, սակայն տաճարի ճրագակալի մեջ լցնել լավագույն, մաքրամաքուր ձեթը, նկանակը թխել լավագույն ալյուրից… Յուրաքանչյուրը ձգտում է իր տունը դարձնել շքեղ, բարեկեցիկ, հարմարավետ. իսկ ո՞վ պետք է մտածի Աստծո տան մասին։ Հարկավոր է, որ լավագույնը լինի այնտեղ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։