Մեր բոլորի միասնական Հայրենիքը Երկնային Արքայությունն է
«Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս»
«Եւ աթոռի չորս կողմովը ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց գլուխներին ոսկի պսակներ»։ Հայտնություն 4։4
Ովքե՞ր են քսանչորս երեցները։ Նրանք անանուն են եւ առավել եւս հետաքրքիր են։ Երեցը, որպես երեւույթ, արդեն յուրահատուկ է. մեծին, ավագին, երեցին պատվելը արդեն պատվել է Աստծուն՝ նրանց միջոցով։ Ծերունի ես տեսնում, պետք է ոտքի կանգնես, պետք է պատկառանք ներշնչի նրա ալեհեր մազ-մորուսը, որովհետեւ նրա ճերմակության մեջ անդրադարձվում է Աստծո փառքի փայլը։
Իսկ իրատեսորեն մեկնաբանվում է, որ քսանչորս երեցներից տասներկուսը Հակոբի, այսինքն՝ Իսրայելի որդիներն են, գումարած Հիսուսի տասներկու առաքյալները։ Դրանք աշխարհի լավագույն մարդիկ են. նրանք կարող են լինել Հին Ուխտի եւ Նոր Ուխտի արդարները, դրանք մարդիկ են, ովքեր իրենց մեջ միավորում, ամփոփում են հավատքն ու իմաստնությունը, փորձը, Հիսուսին դիպչելու արժանիքները։ Հետաքրքիր է, որ նրանք մարգարեներ, պատրիարքներ չեն։ Օրինակ՝ Հոբը. նա ապրել է անգամ մինչեւ Մովսեսը, չի իմացել Աստծո օրենքները։ Նա նաեւ առաքյալ չէ, բայց մեծ է, ավագ է, երեց է…
Մեր բոլորի միասնական Հայրենիքը Երկնային Արքայությունն է։ Ինչպիսի՞ն է այն։ Ամենայն հավանականությամբ՝ պատարագային, այսինքն հիմնված պատարագի վրա՝ հենվելով Հայտնության գրքի վրա։ Այնտեղ կա գահ, այնտեղ կան աննկարագրելի նստողները, այնտեղ կան երեցների առ գետին խոնարհումներ, կա ավետարան, կան սրբերի աղոթքներ… այսինքն կատարվում է պատարագային աստվածպաշտություն։ Այսինքն կարող ենք ասել, որ Աստծո թագավորությունը երկնային պատարագ է։ Եթե դու այստեղ պատարագին ձանձրանում ես, ապա այնտեղ՝ Աստծո արքայությունում էլ քեզ համար ձանձրալի կլինի։
Հայտնության Գրքի ողջ ընթացքը ճանապարհ է դեպի երկնային սուրբ քաղաք, որը լուսավորվում է Հիսուսի լույսով։ Իսկ մեր իրականության մեջ Հիսուսի ներկայությունն, իհարկե, սուրբ հաղորդությունն է։ Պատարագը բառերն են, որոնցով նկարագրվում է հաջորդ դարաշրջանի երանությունը, որտեղ մարդկանց հետ բնակվելու է անձամբ Աստված, եւ հենց դա է պատարագային խորհրդավորությունը։ Դրա մեջ է նաեւ պսակադրության խորհրդավորությունը, որովհետեւ այնտեղ կատարվում է նշանադրություն եւ պսակ Հիսուսի հավատարիմ հոգիների… Հայտնությունը ճանապարհ է դեպի պատարագ։
Ապոկալիպսիս բառի բառացի թարգամանությունն է Հայտնությունը, եւ այն, ինչ կա այդ գրքում, Հիսուսի հետ հավերժ երանելի կյանքի հուսադրում է։ Հավատացյալ մարդկանց համար, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, իսկապես հույսի Գիրք է Աստծո հետ հավերժական կյանքի։ Հայտնության գրքում կարծես նկարագրվում է Աստծո հանդիսավոր երկրպագությունը Աստծո տան աննկարագրելի գեղեցիկ պալատում.
«Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են»։ Հայտնություն 4։5
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ