Որտեղ կա թիվ, այնտեղ չկա քաոս
«Եւ աթոռիցը փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. եւ եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են»։ Հայտնություն 4։5
Մեր եկեղեցիներում մշտապես կհանդիպենք յոթ կանթեղների. ինչո՞ւ։ Դրանք յոթ թվի հավաքական խորհրդանիշներն են։ Մենք ունենք յոթ աստվածային խորհուրդ, աշխարհի արարման յոթ օրը, յոթ տաճարներ, ըստ Եսայի մարգարեի գրքի՝ Սուրբ Հոգու յոթ ճանապարհներ։ Կան նաեւ Սուրբ Հոգու յոթ շնորհները։
Երբ մենք խոսում ենք յոթ խորհուրդների մասին, հասկանում ենք, որ խորհուրդներն իրականում կարող են լինել բազմաթիվ. խորհուրդ կարող է լինել յուրաքանչյուր շնորհաշատ գործողություն, վարմունք, որը կարող է վերափոխել մարդուն. անգամ զանգի ղողանջը կարող է արթնացնել խիղճը, ճգնավորությունը կարող է խորհրդավոր լինել, սուրբ ջրի օրհնությունը… Ձեր աղոթքը կարող եք դարձնել առեղծվածային խորհուրդ…
Բայց հարկավոր է գիտակցությանը տալ կառուցվածք։ Աստծո մոտ ամեն ինչ արարված է չափով ու թվով։ Աշխարհը չի կարող լինել ծորացող, այն պետք է լինի ձեւավորված եւ սահմանափակված։
Ի՞նչ է թիվը. թիվը քաոսի ճիշտ հակառակն է։ Քաոսում թիվ չկա։ Թիվը սահման է։ Աստծո աշխարհն ունի եզրագծեր, կառուցվածք, որոնք արտահայտվում են թվերով եւ հակադրվում քաոսին։ Որտեղ կա թիվ, այնտեղ չկա քաոս։
Եսայի մարգարեն թվարկում է յոթ շնորհները՝ իմաստության, խելքի, գիտելիքի, խորհրդի, ամրության, աստվածավախության, բարեպաշտության։
Ըստ այդմ Հայոց եկեղեցու խորհուրդներն են՝
1. Մկրտություն
- Դրոշմ
- Ապաշխարություն
- Հաղորդություն
- Պսակ ամուսնության
- Վերջին օծում կամ կարգ հիվանդաց
- Ձեռնադրություն
Սրանք ընդգրկում են քրիստոնեական կյանքի կարեւորագույն բոլոր կողմերը։ Այսպես՝
-Մկրտությունը մեզ ազատում է ադամական մեղքից եւ որդեգրում Քրիստոսին։
-Դրոշմը պարգեւում է Սուրբ Հոգու շնորհները եւ զորացնում ընդդեմ փորձությունների։
-Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո։
-Հաղորդությունը, իբրեւ հոգեւոր կերակուր, մեր մեջ հասունացնում է առաքինություններն ու հոգեւոր գիտակցությունը, մաքրում է մեղքերից եւ հավիտենական կյանքի հույս է տալիս։
-Պսակ ամուսնության՝ օրհնում եւ հոգեղենացնում է ամուսնական կյանքը եւ որդեծնությունը։ -Ձեռնադրությունն ապահովում է քահանայագործության եւ բոլոր խորհուրդների կատարումը` հանձինս հոգեւորականների։
-Հիվանդաց կարգը բժշկում է մարմնի տկարությունները՝ քավելով հիվանդության պատճառը՝ մեղքերը։
Հայոց եկեղեցում խորհուրդներից 4-ը՝ Մկրտությունը, Դրոշմը, Ապաշխարությունը եւ Հաղորդությունը, պարտադիր են յուրաքանչյուր քրիստոնյայի համար, իսկ Պսակը, Ձեռնադրությունը եւ Վերջին Օծումը՝ կամավոր։
Խորհուրդներից 3-ը՝ Մկրտությունը, Դրոշմը, Ձեռնադրությունը, կատարվում են մեկ անգամ, մյուսները կրկնելի խորհուրդներ են։