Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին է նշում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Տարվա առաջին տաղավար տոնն սկսվում է մեկ օր առաջ՝ հունվարի 5-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17-ից։ Հայկական գործող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որը կատարվում է տարվա մեջ ընդամենը 2 ամգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների առթիվ։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել-վառել։
Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։ Հունվարի 5-ին՝ երեկոյան, Էջմիածնում՝ Սուրբ Գայանե վանքում, Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագը։ Ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդը, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, հոգևորականներ, արցախցի պետական այրեր։ «Արցախի պետական կառույցների գոյատևումը Մայր Հայաստանում պետք է հիմքը լինի վերադարձի։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին։ Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման», -իր քարոզի ժամանակ հայտարարեց պատարագիչ, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ցավով շեշտելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցիներ առաջին անգամ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները դիմավորում են իրենց օջախներից հեռու։ Սուրբ Պատարագի վերջում Վերջում Տեր Վրթանեսն աղոթք բարձրացրեց առ Աստված Հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու Սուրբ Խորան բարձացավ նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը՝ որպես Մոգերին դեպի նորածին Հիսուսի կացարան ուղեկցող բեթղեհեմյան աստղի լույսի խորհրդանիշ, բաշխվեց հավատացյալներին, որոնց շարքերում շատ էին արցախցիները, հատկապես՝ անցած տարվա սեպտեմբերի վերջերին իրենց տնից բռնի տեղահանվածները։
Զրույցի ընթացքում արցախցիները տուն վերադառնալու հավատ ունեին, սակայն՝ եթե սահմանը հայ զինվորը հսկի։ 2020թ․ պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները դրաձան արցախահայության իբր պաշտպանը, հազարավոր արցախցիներ, որ պատերազմի պատճառով լքել էին իրենց տները, չնայած Արցախի տարածքի մեծ մասի կորստին, դարձյալ տուն դարձան։ կար հավատ խաղաղապահների նկատմամբ, և ամենակարևորը՝ Պաշտպանության բանակը նույնպես իր տեղում էր։ Սակայն 2023թ․ ողջ ընթացքում արցախցին բազում զրկանքների ենթարկվեց, բայց մնաց իր տանը, մինչև թշնամին հերթական լայնածավալ հարձակումն սկսեց։ Փոքր ռազմական ուժերով անհնար էր պաշպանվել, ու հայաթափ է այսօր ողջ Արցախը։ Եվ ոչ մի արցախցի չի հավատում, որ Ադրբեջանի կառավարությունը կպաշտպանի հային։ Միջազգային որևէ կառույց նույնպես այսօր ի զորու չէ պաշտպանի մեզ, ավելի ճիշտը, չի ցանկանա հանուն մեզ վատ հարաբերություններ ունենա Թուրքիայի, Ադրբեջանի և այլ տերությունների հետ։ Տուն՝ Արցախ, վերադառնալու միակ երաշխիքը մեր միասնությունն է։ Սուրբ Պատարագից հետո ներկաներն իրենց հետ տարան վառվող ճրագներ։ Կար նաև հավատ՝ նույն լույսը, Տիրոջ զորությամբ, մի օր մեզ դարձյալ տուն է ուղեկցելու։ Մինչ այդ, դարձյալ կարևորվում է մեր՝ հայ ազգի միավորումը Մայր հայրենիքում ու Սփյուռքում։
Հ․ Գ․ Սուրբ Պատարագի ընթացքում այցելեցի Սուրբ Գայանեի վանքի բակում գտնվող հանգստարան, որտեղ են մեր ազգի լավագույն զավակներից Խենթի՝ Վարդանի՝ Սամսոն Տեր Պողոսյանի/1846-1911/ և Սմբատ Գրիգորի Բորոյան Զորավարի՝ Մախլուտոյի շիրիմները։ Իրական և գրական այս հերոսները մեծ գործ են արել փրկելու Արևմտյան Հայաստանը, պաշտպանելու այդ երկրի տիրոջը՝ հային։ Ինչ խոսք, դժվար էր դիմակայել թուրքական հզոր բանակին, բայց դարձյալ կա մի երևույթ՝ ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, որն էլ դարձավ Արևմտյան Հայաստանի կորստի հիմնական պատճառներից մեկը։ Արցախը նույնպես կորցրել ենք այդ պատճառով։ Սթափվել, միավորվել և տուն դառնալու մասին մտածել է պետք․․․