Image

«Ակունք» ազգագրական համույթի հերթական համերգը

Փետրվարի 12-ին Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում, կայացավ «Ակունք» ազգագրական համույթի հերթական համերգը։ Ողջունելով հանդիսատեսին՝ «Ակունք»-ի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարհանը նշեց՝ հնչելու են մեր ժողովրդի հազարամյա ակունքներից բխող մաքրամաքուր ազգագրական երգերը։ Հավելեց՝ համերգը նվիրված է հայ մշակույթի նվիրյալ գործիչ, մշակույթի ու մարտադաշտի զինվոր Գագիկ Գինոսյանի հիշատակին՝ խնդրելով 1 րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ «Ակունք» համույթն ստեղծվել է 1974 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ հայ ժողովրդական ու ազգագրական երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։

Սկզբում խմբում  ընդգրկված  են եղել Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, արտերկրում։ Արդեն 50-ամյա պատմություն ունեցող մշակութային այս խումբն այսօր էլ ունի կարևոր դեր, ինչպես ասաց խմբի ղեկավարը, հայոց մաքրամաքուր ազգային երգն ու պարը հրամցնելու հանդիսատեսին։ Դահլիճում հայ ազգագրական մշակույթի երկրպագուներն էին՝ ուրախալի է՝ շատ էին երիտասարդները, երեխաները, ովքեր մեծ սիրով ըմբոշխնեցին խմբի ելույթը և ոգևորված պարում էին։ Հնչեցին ազգագրական ու ռազմահայրենասիրական, ժողովրդական երգեր, որոնք ուղեկցվում էին պարերով։ Այսօր էլ մեզ շատ են անհրաժեշտ և՛ ազգագրական, և՛ հատկապես ռազմահայրենասիրական երգերը, մարտական պարերը։ Համերգն սկսվեց Խրիմյան Հայրիկի խոսքերով գրված «Բարի լուսո աստղ էրևաց» երգով, որը շատ է հնչել Հայրիկ Մուրադյանի կողմից։

 Բարի լուսո աստղ էրևաց

աղոթարան դռներն ի բաց,

բարով բացվեր լուս աղոթրան

սարված լծեմ էրթամ գութան։

Ու հնչեցին «Գինի լից», «Հիմի էլ լռենք» և այլ երգեր։ Ինչ խոսք՝ նաև այսօրվա համար է  «Հիմի էլ լռենք» երգը, երբ մեր թշնամին տիրացել է ողջ Արցախին, սպառնում է մեր սահմաններին։ 19-րդ դարի ազգային ու մշակութային գործիչ Ռափայել Պատկանյանի խոսքերով գրված երգը մշտապես է արդիական։

Թող լռե մունջը անդամալույծը

Կամ որոնց քաղցր է թշնամու լուծը

Բայց մենք, որ ունենք հոգի ու սիրտ քաջ

Եկ անվախ ելնենք թշնամու առաջ:

 Հանդիսատեսը դահլիճից հեռացավ ազգագրական ու ռազմահայրենասիրական երգերի հնչյունները սրտում։ Առաջին անգամ «Ակունք»-ի յուրահատուկ համերգին ներկա եղա Քաշաթաղի շրջանի Աղավնատուն-Հարար համայնքում։ 2013թ․ հոկտեմբերին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ Երևանից մշակութային խմբեր էին եկել Արցախ։ Այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի  Շուշան Պետրոսյանի կազմակերպմամբ «Ակունքը»,  ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի և Մկրտիչ Մկրտչյանի՝ Մկոյի/արդեն երջանկահիշատակ/ հետ, Մարտակերտում իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին։ Երևան վերադառնալիս «Ակունքի» երգիչները, չնայած անձրևային եղանակին և ճանապարհի դժվարությանը, համաձայնեցին հասնել Աղավնատուն, որը գտնվում է Բերձոր շրջկենտրոնից 40 կմ հարավ։

Ճանապարհին զրուցեցի համույթի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի հետ: Ասաց՝ իրենց խումբն Արցախում առաջին անգամ հանդես է եկել 1988 թվականին, այնուհետև համերգներ են տվել զորամասերում՝ 1993, 1998, 1999 թվականներին: Համույթի հիմնադիրներից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Բաղդասարյանը   պատմեց, թե ինչպես 1975 թվականից սկսած՝ 3-4 տարիների ընթացքում մեծ ջանքերով ու դժվարությամբ է կայացել խումբը՝ Երեւանի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Այս հարցում իրենց մեծ օգնությունն են ցուցաբերել Հայրիկ Մուրադյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, արվեստի ու մշակույթի, այլ բնագավառների ներկայացուցիչներ: Աղավնատուն համայնքի Խաչգետիկ գյուղում գտնվող դպրոցի շենքի միջանցքում կայացած համերգը, որին ներկա էին համայնքի բնակիչների մեծ մասը, անցավ մեծ ոգևորությամբ, սիրով։ Մինչ տեղ հասնելը՝ Սարգիս Բաղդասարյանն անհանգիստ էր, հետաքրքրվում էր համերգային դահլիճով։ Ես ու Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի այն ժամանակվա տեղակալ, արդեն երջանկահիշատակ Արտուշ Մխիթարյանը, որ ուղեկցում էինք խմբին, վստահեցնում էինք՝ հրաշալի համերգ է լինելու։ Սկզբում մի տեսակ հիասթափվեց Ս․ Բաղդասարյանը՝ տեսնելով փոքր տարածքը, որտեղ պետք է ելույթ ունենային, և որի կեսը հանդիսատեսն էր բռնել։ Համերգից հետո եղավ հյուրասիրություն համայնքի ղեկավար Նազիկ Մելքոնյանի կողմից, ով դիմել էր Շուշան Պետրոսյանին, որ անպայման համերգն իրենց համայնքում կայանա։ Սարգիս Բաղդասարյանը, դիմելով ներկաներին ասաց․ «Նայում եմ ձեր աչքերին, և հուզմունքը խեղդում է ինձ. այն լուսավոր կետն եք, որ 3 գյուղեր համախմբվել եք այս փոքր դպրոցում, որը, սակայն, մեզ համար ամենամեծ դահլիճն է, այս հատակը՝ ամենամեծ բեմը: Հավատում եմ, որ կգա օրը, և կմեծանա համայնքը, յուրաքանչյուր բնակավայր կունենա իր մեծ դպրոցը: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք. հաղթանակը կլինի կատարյալ, եթե ազատագրված հողում հայը բնակվի, բնակավայրը շենանա»։ Արդեն մութ ու մշուշապատ ճանապարհով վերադարձանք Բերձոր և Երևան ճանապարհեցինք մեր մշակույթի գործիչներին։ Ճանապարհին Սարգիս Ալավերդյանը պատմեց՝ 1993-ին համերգով հանդես են եկել ազատամարտիկների մոտ, ու Մոնթեն երգիչներին մեկական փամփուշտ է նվիրել՝ ասելով՝ կներեք, որ ծաղիկներ չունենք: «Վերադառնալիս փամփուշտները տվեցինք զինվորներին, քանի որ դրանք նրանց էին պետք»։ Այսօր կարոտն է խեղդում․ գերված է Մոնթեի ազատագրած Արցախը, թշնամուն է մնացել Աղավնատունը, և մեզ պետք են «Գինի լի՛ց», «Հիմի էլ լռենք» երգերը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։