Ցուցադրություն և գրքի շնորհանդես
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Հովհ․ Թումանյան
Հովհաննես Թումանյան թանգարանում, որն այժմ տեղակայված է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի (ՄԿԹ) տարածքում, փետրվարի 19-ին կայացան մի շարք մշակութային արարողություններ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ․ Թումանյանի (19․ 02․ 1869թ․ Դսեղ) ծննդյան 155 և Հրանտ Մաթևոսյանի (ծնվել է 1935 թ․ փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում) ծննդյան 89-ամյա տարեդարձներին։ Միջոցառումներ կայացան նաև Թումանյան թանգարանի հիմնական շենքի բակում։ «Հրանտ Մաթևոսյան» ՄԿԹ «Թումանյան ցուցասրահում» 2 հանճարեղ լոռեցիների տարեդարձերին նվիրված՝ սկզբում բացվեց «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագիրը կրող ցուցահանդես։
Ցուցադրությունը ներկայացնում է «հավերժի ճամփորդ» երկու մեծ լոռեցիների կյանքի անցած ուղիները, բացահայտում նրանց մտքերն ու հայացքները՝ հայրենիքի, հայրենասիրության և հայրենաճանաչողության վերաբերյալ։ Ցուցահանդեսին ներկայացված է երկու առարկա՝ Թումանյանի անձնական հավաքածուից ծավալադիտակը, որը բանաստեղծի համար աշխարհը բացահայտելու յուրատեսակ միջոց էր և Մաթևոսյանի գրամեքենան, որի միջոցով արձակագիրը թղթին է հանձնել ճանապարհորդություններից ստացած իր տպավորություններն ու հույզերը։ «…Աշխարհում, եթե մի քանի լավ բաներ կան-մեկն անշուշտ ճանապարհորդությունն է: Ճանապարհորդելով մարդու և՛ աչքն է բացվում, և՛ սիրտը: Իզուր չեն ասել, թե շատ կարդացողը չի իմանալ, շատ ման եկողը կիմանա»: Հովհաննես Թումանյան Հրանտ Մաթևոսյանը բանաձևել է` «Աշխարհի բոլոր ցավոտ հարցերին կարելի է պատասխանել առանց Ծմակուտից դուրս գալու» Ցուցասրահ այցելեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարը։ Ներկա էին մշակութային գործիչներ, նշված 2 թանգարանների անձնակազմերը, հյուրեր։
Ցուցադրությունը բացեց «Հրանտ Մաթևոսյան» ՄԿԹ տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ կարևորելով Թումանյանի և Մաթևոսյանի դերը հայ գրականության, ինչպես նաև հասարակական կյանքում։ Հովհաններ Թումանյան թանգարանի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը նույնպես բարձր գնահատեց Ամենայն հայոց բանաստեղծ-հասարակական գործիչ, մեծ հայ Թումանյանի և Արձակի մեծ վարպետ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները հայ և համաշխարհային գրականության մեջ։ Ընթացքում ուղեկցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանա Անդրեասյանին, ներկայացրեց ցուցադրությունը։ Հովհաննես Թումանյան թանգարանի փոխտնօրեն Մանե Խաչատրյանը տնօրենի կողմից արժանացավ Շնորհակալագրի և «Թումանյան 100, թանգարան 70» հուշամեդալի՝ նշված միջոցառումների ծրագրերի մտահաղացման, համակարգման և աշխատանքների իրականացման նպատակով սիրտ ու հոգի ներդնելու համար։ Նոյն օրը «Հրանտ Մաթևոսյան» ՄԿԹ հանդիսությունների դահլիճում, որտեղ ներկա էին գրականագետներ, մշակույթի գործիչներ, կայացավ նաև գրքի շնորհաբդես: Արդեն վերահրատարակվել է Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորը: Նախատեսված է ընդհանուր 10 հատորում ներկայացնել Թումանյանի ողջ ստեղծագործությունը: Նոր լիակատար ժողովածուի վերահրատարակումը ձեռնարկվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հովհաննես Թումանյան թանգարանի համագործակցությամբ: Ներկա էին նաև վերահրատարակված գրքի աշխատանքների իրականացնողները։ Սկզբնական շրջանում գրքի խմբագրական խորհրդի նախագահն էր ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բ․գ․ դ․, երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանը, տեղակալը՝ բ, գ․ դ Եվա Մնացականյանը, պատասխանատու քարտուղարը՝ Հովհ․ Թումանյան թանգարանի նախկին տնօրեն, բ․ գ․ թ․ Անի Եղիազարյանը։ Հինգերորդ հատորը խմբագրել է Սամվել Մուրադյանը։ Ընթացքում եղան ելույթներ և գիրքը վերահրատարակողները ներկայացրեցին կատարված աշխատանքները, վերահրատարակման նպատակը։ Նշվեց՝ նոր վերահրատարակումը հնարավորինս կատարվել է առանց էական խմբագրման․ մեծ ու դժվար աշխատանք է կատարվել հիմնականում Հովհ․ Թումանյան թանգարանի աշխատակիցների կողմից։
Աշխատել են՝ Թումանյանի ձեռագրերը հնարավորինս անսխալ ներկայացնեն։ Եթե ժամանակին Թումանյանի գործերը երբեմն խմբագրվել են հատկապես գաղափառական առումով, նոր վերահրատարակությունը զերծ է մնացել դրանից։ Անի Եղիազարյանը, ով այս հրաշալի ծրագրի մտահաղացողներից է, անդրադարձավ կատարված աշխատանքներին, գոհունակություն հայտնեց խմբագրական խարհրդի անդամներին, մնացած աշխատանքները կատարողներին։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ով նույնպես խմբագրական խորհրդի անդամ է, իր ելույթում նշեց՝ գրքի բովանդակությունն անթերի է, քանի որ հեղինակը Թումանյանն է։ Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր որևէ աշխատանք են իրականացրել Թումանյանի 5-րդ հատորի կայացման գործում։ Նա նաև այսպես ասած՝ գինեձոնեց մի գիրքը։ Եվ գինով օծված էջերին իրենց ստորագրությունները թողեցին խմբագրական խորհրդի անդամները, մնացած աշխատանքներ կատարողները։ Ստորագրեց նաև Հրանտ Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը։ Գինով օծված և ստորագրված հատորը հանձնվեց Թումանյան թանգարանի գրապահոց։ Նոր տպագրված 5-րդ հատորում ներկայացված են Թումանյանի գեղարվեստական արձակը՝ պատմվածքներ, հեքիաթներ, անավարտ դրամատիկական երկերի հատվածներ, օտար հեքիաթների թարգմանություններ, սևագիր և անավարտ էջեր, որոնց թվում կան լոռեցիների մասին պատմող զվարճալի զրույցներ, անեկդոտներ, որոնք նախորդ հրատարակումներում երբևէ չեն տպվել։ Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն վերջին անգամ լույս էր տեսել մոտ 20 տարի առաջ։ Նոր 5-րդ հատորն ունի 1176 էջ՝ մոտ 300 էջ ավելի նախորդի համեմատ։