Image

Բացահայտումներով՝ Քասախի կիրճում

Անցնում ենք Քասախի կիրճով։ 2 կողմում ժայռեր են։ Ինչպես Թումանյանն է նկարագրել Լոռու ձորը, այստեղ ևս  հանդիպակաց ժայռերը շատ խորն են ընկղմված մայր հողի մեջ ու անթարթ հայացքով իրար են նայում։ Ավելի քան 90կմ երկարությամբ Քասախ գետն անցնում է Արագածոտնի և Արմավիրի մարզերով։  Գետի կիրճն ունի մոտ 100 մետր խորություն և լի է  առեղծվածային քարանձավներով։

Ուղղաձիգ ժայռերը երբեմն 50 մ բարձրություն ունեն: Իսկ վերևներում արծիվներ են ճախրում։ Եվ բնական այս հիասքանչ տեսարաններն առավել գերող են դառնում ու սուրբ են, որովհետև մեր պապերն այս ժայռերի մեջ Աստծո տուն են կերտել վաղնջական ժամանակներոից։ Վահան Տերյանն էլ է ճիշտ ասել․ «Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար»: «Հայաստանի քարանձավախուզական ակումբ Սև Չղջիկ» («Armenian Speleo Club: Black Bat»)-ի հիմնադիր, քարանձավախույզ, Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի անդամ Արտավազդ Ջանոյանի նախաձեռնությամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպվեց արշավ դեպի Քասախի կիրճ։ Նպատակն էր ծանոթանալ Օհանավան գյուղի մոտակա տարածքի պատմական հուշարձաններին։ Արշավախմբի կազմում էին Ա․ Ջանոյանը կնոջ՝ տուր-մենեջեր, իրավաբան Արուսյակ Եփրեմյանի հետ, քարանձավագետ Սմբատ Դավթյանը, արշավական Անդրանիկ Բունաթյանը, ուրարտագետ Էդուարդ Մելիքյանը, հուշարձանագետ Ծովինար Խաչատրյանը, ԱՄՆ-ից հայրենիք վերադարձած Պատրիկը, ով ԱՄՆ-ում նախկինում եղել է փրկարար ծառայության աշխատակից, մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, մարտադաշտում ծանոթացել հայտնի քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ և դարձել նաև արշավական։ Ս․ Շահինյանի առաջարկով խմբի հետ էինք նաև ես ու դուստրս՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ըռքոյանը։ Ընթացքում այցելեցինք Հովանավանք, որը գտնվում է գյուղի եզրին՝ Քասախ գետի աջակողմյան ափին։ Վանական համալիրում մոտ 1000 տարի շինարարական աշխատանքներ են ընթացել՝ 4-13-րդ դարերում։ Ըստ ավանդույթի՝ վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ կառուցելով Սուրբ Կարապետ բազիլիկ եկեղեցին։ Սա խոսում է այն մասին, որ եկեղեցու տեղում հնարավոր է՝ ավելի վաղ գործել է հեթանոսական սրբատեղի։ Վանքը նախապես կոչվել է Գ․ Լուսավորչի կողմից վանահայր նշանակված Սյուղիի անունով։

17-րդ դարի պատմիչ  Առաքել Դավրիժեցին Օհանավանք-Հովհաննավանքի անունը կապում է 5-րդ դարի նշանավոր պատմիչ Ղազար Փարպեցու հետ, ով Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանի կողմից նշանակվել է վանքի վանահայրը, եղել թարգմանիչ։ Հնարավոր է՝ հենց այստեղ էլ գրել է «Պատմություն հայոց» աշխատությունը։ Փարպեցին իր փոխարեն վանահայր է նշանակել Հովհանն անունով հոգևորականի, և նրա անունով էլ վանքը կոչվել է Հովհաննավանք։ Վանքի առաջին եկեղեցու Սուրբ Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ. Կարապետ-առաջին: 573 թ. վանքի առաջնորդ Աշոտ Դվինեցին եկեղեցու փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Սուրբ Կարապետը վերակառուցվել է նաև 1652 թ.: Օհանավան գյուղում է 1627թ. ծնվել և 13 տարեկանից մինչև իր մահը՝ 1699թ., Հովհաննավանքում կյանքն անցկացրել հայ նշանավոր  պատմիչ Զաքարիա Քանաքեռցին՝ Վախճանվելուց քիչ առաջ է Քանաքեռցին ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 17-րդ դարի վերջը։ Հովահաննավանքի մասին միջնադարի հայ պատմագիր, մեկնիչ, աստվածաբան, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ Վարդան Աևելցին (1198-1271) իր «Աշխարհացոյց»-ում գրում է․ «Այլ եւ սուրբ ուխտն (Ժ) Յոհանավանք, ուր կայ նշխարք Սուրբ Կարապետին եւ (Ժ) վարշամակն Քրիստոսի, եւ Սուրբ Բեւեռն Աջոյ ձեռին, եւ Սուրբ Աջն Նախավկային․․․» (Էջ՝ 10)։

Հաջորդ սրբավայրը, որ այցելեցինք, Օհանավանում պահպանված Սուրբ Հովհաննես կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Օհանավան գյուղի հյուսիսարևելյան կողմում՝ Քասախ գետի կիրճի աջ եզրին է Արագածոտնի վաղ շրջանի Սերկևիլ կոչվող գյուղատեղին։ Այն միջնադարում հարավից կապված է եղել Հովհաննավանքի, արևմուտքից՝ Ուշիի, հյուսիսից՝ Սաղմոսավանքի, իսկ արևելքից՝ Քասախի կիրճով Եղվարդի հետ: Հնում այստեղով անցել է Արարատյան դաշտից դեպի հյուսիս ուղղված արքունական ճանապարհներից մեկը: Եվ պատահական չէ նաև այն, որ եկեղեցու հարևանությամբ է ավելի վաղ շրջանում այստեղ գոյություն ուեցող կիկլոպյան հզոր ամրոցը։ Սերկևիլ գյուղի մասին առաջին անգամ հիշատակվվում է 1021թ. այստեղ տեղի ունեցած ճակատամարտի հետ կապված։ 11-12-րդ դարերում ապրած հայ պատմիչ Մաթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրություն»-ում (Երևան 1973թ․) գրում է Հայոց սպարապետ Վասակ Պահլավունի Իշխանի մասին, ով եղել է Գրիգոր Համզեի և Շուշանի որդին, Վահրամ Պահլավունու եղբայրը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու հայրը։։ Նա գուժկանից լսելով, որ դելմիկները (իրականում՝ վերջիններիս մոտ ծառայության անցած թուրքեր) գրավել են ողջ Նիգ գավառը, որն իր տիրապետության տակ էր այդ ժամանակ, 500 հոգով իր Բջնի ամրոցից շտապում է դիմակայելու թշնամուն՝ արգելելու նաև թշնամու առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Անի։ Պատմիչը գրում է․ «Վասակը հասավ մի վանք, որտեղ ինքը և ամբողջ զորքը հաղորդություն ստացան․․․»։ Երևի նկատի ունի Սաղմսավանքը։ Այնուհետև շարունակում է․ «Ճանապարհին նրանք հանդիպեցին մի գյուղի և ականատես եղան, թե ինչպես այլազգիները գլխովին կոտորել էին գյուղի բնակչությանը, ինչպես նրանք շրջապատել էին եկեղեցին և անխնա սրախողխող էին անում ներսում ապաստանած հավատացյալներին։ Քաջ Վասակը, տեսնելով դա, առյուծի պես մռնչաց և հարձակվեց այլազգիների զորքի վրա և կոտորեց մոտ երեք հարյուր հոգի․ մնացածները փախուստի դիմելով՝ միացան այլազգիների հիմնական զորաբանակին» (Էջ՝ 8)։ Պատմիչը հիշատակում է Սերկևիլ լեռը, որի ժայռերից մեկի հովին հանգստացել էր Վասակը մարտից հետո։ Ցավով նշում է նաև՝ քնած ժամանակ նրան հրում և ձորն է գցում փախստական գյուղացիներից մեկը։ Քասախի կիրճի աջ ափին՝ Սաղմոսվանքից հարավ կա Վասակամուտ անունով ամրոցատեղի։ Սերկևիլ գյուղի և 1021թ․ ճակատամարտի մասին հիշատակել են միջնադարյան այլ մատենագիրներ ևս։ Վարդան Արևելցին «Պատմութիւն»-ում գրում է․ «Ի չորեքհարիւր եօթանասուն թուին(470+551=1021) ել ՏուղրիլեւԲէկն եւ պատահեաց նմա ‘ի Նախճաւանի Լիպարիտն հինգ հազար հեծելօք, եւ փախեաւ յահագին բազմութենէն, եւ ‘ի գալ Թուրքին ‘ի Դուին եւ սփռել ասպատակս, ել ընդդէմ նոցա քաջն Վասակ, եւ ցուցեալ մեծ քաջութիւն դառնայ ‘ի Սերկեւլի, եւ ‘ի հանգչելն անդ սակաւ մի քնով՝ քարիւ հարեալ զգլուխն այր մի յանգէտս, մեռանի» (Էջ՝ 141)։  Մարմաշենի մայր եկեղեցու պատին 1029թ․ Վահրամ Պահլավունին թողել է 18 տողանոց արձանագրություն եկեղեցու կառուցման /988-1029թթ․/ մասին։ Արձանագրությունում հիշատակվում է նաև վասակի մահվան մասին: Շինարարության վրա աշխատել են նաև Պահլավունու Մայրը՝ Շուշանիկը և եղբայրները, որոնցից․ «․․․ԵՒ ԵՂԲԱՐՔ ԻՄ ՎԱՍԱԿ ԻՇԽԱՆ, ՈՐ ՆԱՀԱՏԱԿԵՑԱՒ Ի ԹՈՒՐՔԱՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ․․․»  Հիշատակվում է նաև՝ 1029թ. Սերկևիլ գյուղից մի այգի սպարապետ Վահրամ Պահլավունին նվիրել է Մարմաշենին։ Գյուղատեղիի արևելյան մասում՝ Քասախի կիրճի եզրին է կիսակործան սրբատունը, որը կառուցվել է 10-րդ դարում Պահլավունի իշխանական տան կողմից։ Սբ Հովհաննես նաև Սբ, Գրիգոր լուսավորիչ միանավ բազիլիկ եկեղեցու հարավային կողմում ավելի ուշ՝ 13-րդ դարում, Վաչուտյանների կողմից կառուցվել է գավիթը, որի ծածկն ամբողջությամբ քանդված է, և պահպանվել են կիսով չափ պատերը։ Եկեղեցու արևմտյան կողմից է եղել մուտքը։ Արևմտյան պատը, որն ունեցել է քանդակազարդ խաչքար, քանդվել է 1918թ․ հունվարի 6-ի երկրաշարժից։ Պահպանվել է զույգ կամարների վրա նստած թաղի արևելյան մասը։ Հայկական եկեղեցաշինության կանոնների համաձայն՝ Սուրբ խորանն արևելքում է, սակայն 2 կողմում չունի ավանդատներ։ Եկեղեցու և գավթի պատերին կան արձանագրություններ խաչաքանդակներ: Ցավոք՝ միջնադարյան հիմնական արձանագրություններին զուգահեռ՝ 20-րդ դարում, նաև մեր օրերին շատ այցելուներ իրենց անուններն են քանդակել պատերին, աղավաղել է իսկականը։ Եկեղեցու և գավթի ավերման հիմնական պատճառը  1827թ. Կեչառիսի (Ծաղկաձորի) և 1840թ․ Արարատյան երկրաշարժներն են։ 1831թ., այստեղ այցելած Հայկական մարզի տնտեսական մասի կառավարիչ Իվան Շոպենը գրել է. «Բավականին լեռնոտ տեղանքում գտնվում է հրաշալի Սուրբ Հովհաննես վանքի ավերակները, փլված 1827թ. երկրաշարժի ժամանակ»: Այդ երկրաշարժից փլվել էր նաեև հարևան Ուշիի Սբ Սարգիս վանքի շինությունները, վնասվել են Հովհաննավանքը, այլ սրբատներ:

Սերկևիլ գյուղատեղիի եկեղեցու հյուսիսային կողմում պահպանվել են Ք․ Ա․ 2-րդ հազարամյակում հիմնված կիկլոպյան ամրոցի հենապատերը, ինչպես նաև՝ վաղ միջնադարում կառուցված ամրոց-դղյակի պատերը, որոնք շարված են մեծ քարերով և ունեն մոտ 3 մ հաստություն։ Պահպանված մասում երևում են կառույցների հիմքեր, արևելյան պատի հյուսիսային կողմում կա մուտք, որը մոտ է նաև Քասախի կիրճին։ Գտնվելով կարևոր ճանապարհի վրա՝ Սերկևիլ կոչվող բնակատեղին, որն ունի մոտ 4 հազարամյա պատմություն, գոյատևել է մինչև 17-րդ դար։ 1350թ. Վաչուտյան տոհմի իշխաններից Թեոդորոս Չրքինը Սերկևիլ գյուղն ամբողջությամբ նվիրել Հովհաննավանքին: Աստողով գրունտային ճանապարհ կա, որով իջնում ենք ձորը։ Ա․ Ջանոյանը ցույց է տալիս վերջերս Քասախի ձախ ափին հայտնաբերված ժայռափոր դամբարանը, որի մասին հանդես կգամ հետագայում, երբ հնագետներն ավարտեն պեղումներն ու ուսումնասիրությունները։ Անցնում ենք Քասախի կրճով ու հիանում բնության կերտած հրաշքներով։ Երբեմն-երևում են քարանձավներ, որոնց մուտքերի մոտ պատեր են շարված։ Երևում է նաև պատմական ոլորապտույտ վերև բարձրացող ճանապարհը, որի եզրերին նույնպես պատեր կան։ Հաջորդ սրբատունը ձորում, որ հանդիպում ենք, գետի ձախ ափին է՝ կարմրավուն ժայռերի մեջ։ ճանապարհի դեռևս խորհրդային տարիներին տեղադրված ցուցանակ կա՝ հայերեն և ռուսերեն․ «Ժայռափոր եկեղեցի Ս․ Աստվածածին, 13-րդ դար»։ Նշված է նաև․ «Պահպանվում է պետության կողմից»։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսն է նշել՝ եկեղեցին կոչվել Սուրբ Աստվածածին: Ժամանակի սղության պատճառով այս եկեղեցի չենք մտնում, բացի այդ նաև գետը պետք է անցնեինք։ Ա․ Ջանոյանն ասաց՝ սրբավայր կոչվում է նաև «Կարմիր վանքեր»՝ հավանաբար կարմրավուն ժայռերի պատճառով։ Նկարագրեց եկեղեցու ներսը․ «Քարանձավներից մեկի մեջ կա մի նեղ ու երկար անցք՝ խողովակ, որը տանում է դեպի երկրորդ հարկ»։ Հնարավոր է ժամանակին նշված քարանձավները եղել են ճգնարաններ, հնարավոր է՝ ապաստարան։ Իսկ 12-13-րդ դարերում այստեղ հիմնվել է անապատ-եկեղեցի։ Նման եկեղեցիներ կային նաև Քաշաթաղի շրջանում՝ Քրոնքի վանքը, Հոչանցի անապատը, Անդոկաբերդի ժայռափորը, Եղեգնու ձորինը և այլն։

Երբ դեռ մերն էր Քաշաթաղի շրջանը, այս ժայռափոր եկեղեցիներ և տարածքում գոյություն ունեցող քարանձավներ մի քանի անգամ այցելեցին միջազգային քարանձավագիտության ակումբի անդամներ՝ Սամվել Շահինյանի հրավերով։ Ուղեկցում էի նրանց։ Հատկապես տպավորված էին Հոչանցի անապատով ու Քրոնքի վանքով։ Շարունակում ենք ճանապարհը։ Կիրճի հյուսիսային կողմում երբեմն իր վեհությամբ երևում է Սաղմոսավանքը։ Մեկ-մեկ միայն գմբեթներն են երևում՝ միաձուլված կիրճի ժայռերի հետ։ Գետի ափով նաև խմելու ջրի խողովակներն են անցնում՝ կառուցված մոտ 60 տարի առաջ։ Հասնում ենք տարածքի պատմական հուշարձանների մեջ հայտնի Գրիգոր Լուսավորչի անապատ կոչվող հանվայր։ Խորհրդային տարիներին այս հատվածում ինչ-որ շենքեր են կառուցվել՝ նշված ջրատարի հետ կապված։ Այս կառույցները որոշակի դժվարացրել են ավելի վերևում գտնվող սրբատեղի բարձրանալը։ Ժայռերի մեջ երևում են միջնադարյան պարսպապատեր, որոնց մի մասը շարված է գերանների վրա։ Տեղացիները սրբավայրը կոչում են նաև «Կաթնով աղբյուր»՝ կապված տեղում առկա աղբյուրների, նաև հանքային ջրերի հետ։ Ըստ ավանդույթի այս անապատը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ ձմեռները ցրտերի պատճառով իջնելով Արագածի լանջերից, որտեղ ճգնում էր։ Նա այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որը հետագայում անվանվել է Լուսավորչի անունով, իսկ մյուսը՝ կիրճի եզրին՝ ներկայիս Սաղմոսավանքի տեղում, որտեղ մշտապես պարապել են սաղմոսերգությամբ: Կիրճում հիմնած Անապատը նաև ունեցել է պարիսպ հարավային կողմում, որտեղով ձարակ է իջնում։ Այս ձորակում նույնպես մի քանի քարանձավ կա, որոնք, հնարավոր է՝ եղել են ճգնարաններ։ Անապատի եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկա է: Ներքուստ խորանի երկու կողմերում ունի ավանդատներ: Կառույցի արևմտյան պատը կից է ժայռին, որն ունեցել է որոշակի խորություն։ Միջնադարյան հանճարեղ ճարտարապետ-շինարարն օգտվել է դրանից, և սրբատան այս հատվածը ներսից ունի կիսաշրջան խորան, գնդաձև գմբեթարդով՝ երիզված կամարով: Սրբատաշ մուգ գույնի տուֆից ու կրաշաղախով կառուցված եկեղեցու մուտքը եղել է հարավային կողմից։ Արևելյան պատը, որի ներսի կողմում է Սուրբ Խորանը փոքր պատուհան ունի՝ վերևում քանդակազարդ քար։ Ենթադրվում է, որ անապատի ներկայիս շինությունը կառուցվել է 12-13-րդ դարերում: Արևելյան պատին ներսի կողմում արձանագիր քար կա, սակայն՝ դժվարընթեռնռլի։ Կան հիշողություններ, որ այս անապատում շատ գրիչներ ու ծաղկողներ են գործել։ 1736-1742 թթ. անապատի վանահայրն է եղել Ավետիք վարդապետը, որից հետո սրբավայրը դադարել է գործել։ Անապատի եկեղեցին ու պարիսպներն  սկզբնապես վնասվել են 1679թ. Արարատյան երկրաշարժից։ Եկեղեցին վերջնականապես կործանվել է 1827թ. Ծաղկաձորի երկրաշարժից, երբ կիրճի վերին հատվածից պոկված խոշոր ժայռաբեկորը շինությունը վերածել է փլատակների: Այժմ կործանված վիճակում գտնվող այս սրբատունը պեղումների, հողից ու քարերից մաքրելու և հիմնանորոգման կարիք ունի։ Երևան վերադառնալիս այցելեցինք Օհանավան գյուղի բնակիչ  Վահանուշ Բաղդասարյանի տնամերձ այգի, որը գտնվում է գյուղի եզրին՝ Քասախի կիրճի աջակողմյան պռնկին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։