Ցուցահանդես «Կինը և արվեստը» խորագրով
Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մարտի 8-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է կին ստեղծագործողների նկարների և քանդակների ցուցահանդես։ Այն նպատակ ունի Կոտայքի մարզի տաղանդավոր նկարչուհիներին՝ իրենց ստեղծագործություններով, մեկ հարկի տակ հավաքել։ Թանգարանի տնօրեն Ժարա Հակոբյանի՝ կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձն ընթերցեց գլխավոր ֆոնդապահ Գրետա Մակարյանը՝ տեղեկացնելով՝ տնօրենն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Նշեց նաև՝ դեռևս տարիներ առաջ է միտք առաջացել՝ կազմակերպել նման ցուցադրություն՝ արժևորելու կնոջ դերը ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում։ Եվ արդեն ստեղծվել է հնարավորություն՝ մարզի կին ստեղծագործողները ներկայացնեն իրենց աշխատանքները։ Թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի ղեկավար Անի Հակոբյանը տեղեկացրեց՝ տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացել են նկարչուհիներ Հրազդան, Աբովյան քաղաքային և Գառնի, Բյուրեղավան գյուղական համայնքներից։ Հավելեց՝ խմբակային ցուցադրությունը կոչված է ցուցադրելու Կոտայքի մարզի նկարչուհիների տաղանդը։ Ցուցադրության բացմանը ներկա էին կին-ստեղծագործողները, Աբովյան քաղաքային համայնքի աշխատակազմի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, արվեստասերներ, լրագրողներ, հյուրեր։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անունից ներկաներին ողջունեց, օրվա առթիվ շնորհավորեց աշխատակազմի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը։ Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրված գործերին։ Նկարչուհի Արծվիկ Ավդալյանն ուսանում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնի մագիստրատուրայում։ Ներկայացրել էր «Անանուն» կտավը, որը հայոց լեռների վիշապաքարի պատկեր է։ Մարիամ Սարգսյանն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը։ Ներկայացրել է 2 կտավ՝ «Պայքար» և «Գալակտիկա», որոնք բնության երևույթներ են ներկայացնում։ Մարիամը որոշ ժամանակ բնակվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Պապը հայտնի ռազմական բժիշկ, գրող, հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանն էր, ով Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիրն էր։ Բերձոր էին տեղափոխվել Աբովյան քաղաքից։ Ցուցահանդեսին Քաշաթաղի շրջանից 4 կտավով մասնակից է նաև Անահիտ Ըռքոյանը։ Կանանց տոներին նվիրված այս յուրօրինսկ ցուցահանդեսը Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում բաց կլինի մինչև ապրիլի 7-ը: Զրույցի ժամանակ Գրետա Մակարյանն ասաց՝ կա ծրագիր ու նպատակ՝ հետագայում ավելի շատ կին ստեղծագործողների աշխատանքներ ցուցադրել թանգարանուն։ Հավելեց նաև՝ ներկայացված քանդակներն ու կերամիկական գործերն Աբովյանում գործող գեղարվեստի դպրոցի սաների և շրջանավարտներ ստեղծագործություններ են։