Image

«Զատիկ»-ում նշեցին Թումանյանի և Կոմիտասի 155 ամյակը

«Մենք ուժեղ ենք միասին» խորագիրն էր կրում միասնական համերգային ծրագիրը, որ մարտի 12-ին կայացավ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 1993 թվականից գործող ՀՀ ԱՍՀՆ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տարածքում։ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում գործող «Դեպի լույսը» և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող «Կանչ» երգչախմբերը հանդես են գալիս համատեղ։

Գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի գլխավորությամբ երգչախումբը բազում համերգներով է հանդես եկել ՀՀ տարբեր մարզերում, Երևանում և Արցախում։ Այս անգամ համերգը նվիրված էր Ամենայն հայոց 2 մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիսասի ծննդյան 155 ամյակներին։ Մինչ համերգի սկսելը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հազարավոր քաջորդիների հիշատակը։ Սկսելով համերգային ծրագիրը՝ տեղեկացվեց՝ հնչելու են Թումանյանի ու Կոմիտասի հեղինակած երգերից, հայ տարբեր երգահաների գործերից, ինչպես նաև՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վ․ Խաչատրյանի հեղինակած երգերից։ Նշեմ՝ 2023թ․ մայիսին լրացավ Վ․ Խաչատրյանի բեմական գործունեությամ 25 ամյակը։ Բացի երգչախմբից, համերգին մասնակից եղավ նաև թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» երաժշտական գործիքների համույթը։ Գեղարվեստական ղեկավար Հարություն Մուրադյանի նվագակցությամբ «Վան»-ի երաժիշտներ Արթուրն ու Մարիակը կատարեցին Կոմիտասի «Հաբրբան» երգը։ Հնչեց նաև «Ջեյրանի պես» երգը՝ Մարիամի հրաշալի կատարմամբ։

«Զատիկ»-ի սաները Շաքեի ղեկավարությամբ հանդես եկան ողջույնի երգով և կատարեցին Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայ զինվոր» երգը, որը մեծ սիրով ընդունվեց հանդիսատեսի կողմից։ «Զատիկ»-ի սաները մշտապես միանում էին «Դեպի լույսը» և «Կանչ» համատեղ երգչախմբի, «Վան»-ի կատարումներին՝ պարերով ու երգերով, որն էլ առավել հուզիչ ու կայացած էր դարձնում ծրագիրը։ Ինչ խոսք, շատ կարևոր է թեկուզ մեկ օր աջակցության խնդիր ունեցող երեխաներին պարգևել նման գեղեցիկ պահեր։ Համերգի ընթացքում Վ․ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց  «Զատիկ»-ի տնօրեն Անգին Արշակյանին՝ ջերմ ընդունելության և աջակցության համար։ Վերջում «Զատիկ»-ի տնօրենը երեխաներին գեղեցիկ բացիկներ նվիրեց։ Այնուհետև կայացավ հյուրասիրություն։    

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։