Image

Հերթական «Նավասարդյանական ասպետ» խաղ-մրցույթը

«Ծովափից կգա հարմար մի հողմ-քամի, մեզ կքշի այս ափից այն ափը, կգա մի ուրիշ քամի` կքշի ուրիշ ափ...... Բայց հանուն ինչի՞, հանուն ո՞ր նպատակների ենք ապրում-գոյատևում` չենք գիտակցի»:

Աշոտ Նավասարդյան

 

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել «Նավասարդյանական ասպետ» խաղ-մրցույթը, որն արդեն 8 տարվա պատմություն ունի։ Խաղը նվիրված է հայ ազգի լավագույն զավակներից Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվան։  Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ, անկախության պայքարի նվիրյալ մարտիկ ու առաջնորդ Աշոտ Նավասարդյանը մեր նորօրյա պատմության մեջ մեծ հետք է թողել։

Ապրեց ընդամենը 47 տարի, որից 17-ը՝ բանտերում ու աքսորում։ Ծնվել է 1950թ․ մարտի 28-ին Երևանում։ Ինչպես նշեց այս գեղեցիկ մրցույթի հիմնադիր ու վարող, դպրոցի ուսումնական մասով փոխտնօրեն Աննա Դավթյանը, արդեն ավանդույթ դարձած «Նավասարդյանական ասպետ» խաղ-մրցույթը բացի գիտելիքի դրսևորումից իր մեջ անսահման հուզմունք, սեր, հավատ, հույս և լույս է ամփոփում, որը յուրատեսակ հարգանքի տուրք է բոլոր նրանց, ովքեր ապրեցին, չվախեցան, պայքարեցին ու նահատակվեցին հանուն հայրենյաց և հանուն արդարի: Ըստ ավանդույթի՝ խաղ-մրցույթը կայանում է դպրոցի 5-րդ դասարանների միջև։ 2023-24 ուստարում Ա․ Նավասարդյանի անվան հիմնական դպրոցն ունի 7 հինգերորդ դասարան՝ «Ա»-«Է»։

Յուրաքանչյուր դասարանից խաղին մասնակից եղավ 6 աշակերտից կազմված մեկական թիմ՝ Հայոց արքայատոհմերի անուններով․ «Երվանդունիներ»(5-«Ե»․ դասղեկ՝ Ալլա Հովհաննիսյան, թիմի ավագ՝ Դանիել Հակոբյան), «Արտաշիսյաններ»(5-«Ա»․ դասղեկ՝ Կ. Ավետիսյան, թիմի ավագ՝  Արիաննա Օհանյան), «Արշակունիներ»(5-«Գ»․ դասղեկ` Ա. Բարսեղյան, թիմի ավագ՝ Ռազմիկ Հովսեփյան), «Ռուբինյաններ» (5-«Դ»․ դասղեկ` Լուսինե Եղիազաիյան, թիմի ավագ՝ Անահիտ Գրիգորյան), «Հեթումյաններ»․ (5-«Է»․ դասղեկ՝ Անժելա Սեդրակյան, թիմի ավագ՝ Սուրեն Մակարյան)։ Ա․ Հովհաննիսյանի ղեկավարած 5-րդ «Զ» դասարանի թիմը (ավագ՝ Միլենա Ղազարյան) կրում է «Նավասարդյաններ» անունը»։ Ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն, Աշոտ Նավասարդյանի դուստր Անուշ Նավասարդյանը՝ կարևորելով այս խաղն իրենց կրթօջախում։ Հարցերը կազմել էին դպրոցի ուսուցիչները՝ ըստ բնագավառների՝ հայոց պատմություն, ազգային երգ ու պար, սպորտ, մշակույթ(երաժշտություն, գեղանկարչություն, քանդակադործություն) և այլն։ Հանձնախումբը, տնօրենի նախագահությամբ, կազմված է նույն ուսուցիչներից։ Խաղին ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ՝ Ելենա Հարությունյանն ու առաջատար մասնագետ՝ Լ. Ապետյանը, Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, տեղակալ Մուշեղ Ասլանյանը, աշխատակազմի քարտուղար Ալբինա Ահարոնյանը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարիամ Մկրտչյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր։

Բացի մրցող թիմերի աշակերտներից, խաղի ընթացքին մասնակից եղան նաև միջին դասարանների աշակերտներ՝ ներկայացնելով հայ արքայական տոհմերի պատմությունը։ Նրանք հանդես էին գալիս հայ ազգագրական երգ ու պորերով։ Թիմերը բավականին լավ էին պատրաստված և կարողանում էին պատասխանել հնչող հարցերին, երբեմն ավելացնում լրացուցիչ տեղեկություններ։ Եղավ նաև թիմերի ավագների մրցույթ։ Հայ ազգագրական երգ ու պարի հարցերին պատասխանելիս նաև ցուցադրում էին պարը։ Մրցույթն ավարտվեց գրեթե հավասար միավորներով։ Առաջին տեղում հայտնվեցին «Արշակունիներ» և «Ռուբինյաններ» թիմերը։ Այնուամենայնիվ, դպրոցի տնօրենը նշեց՝ բոլորն են հաղթել այս մրցույթում։ Մասնակիցները տնօրինության կողմից ստացած վկայական-հավաստագրեր։ Մրցույթի հիմնադիր ու վարող Ա․ Դավթյանը, ով սիրով ու պատասխանատվությամբ անցկացրեց խաղը, հույս հայտնեց՝ այն լինելու է շարունակական և թիմերի ավագներին հանձնեց հուշամեդալներ, որոնք մյուս ուստարում կփոխանցվեն խաղին մասնակից 5-րդ դասարանների թիմերի ավագներին։

Ընթացքում եղան այլ պարգևատրումներ ևս։ Ինչպես ընդունված է՝ այս մրցույթին մշտապես ներկա է լինում Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, ով քաղցրավենիք է բաժանում մասնակիցներին։ Այս անգամ «Վահագն» ՌՀԲՀԿ-ի ներկայացուցիչներ Վլադիմիր Նիկողոսյանի և Գոռ Մանուկյանի կողմից Հ․ Նավասարդյանը պարգևատրվեց հուշամեդալով։ Տիկին Հասմիկը հայտնեց շնորհակալություն։ Ողջունեց խաղ-մրցույթը, որը հնարավորություն է տալիս մեր աշակերտներին լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերել։ Կարևորելով մատաղ սերնդի դերը՝ մաղթեց, որ մեր աշակերտները հասակ առնեն Վահագն Աստծո ոգով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ՝ Ելենա Հարությունյանը հայտնեց գոհունակություն՝ կարևորելով նման խաղ-մրցույթները հանրակրթական դպրոցներում, և կրթօջախին նվիրեց գրքեր։ Խաղն ամփոփվեց ընդհանուր շուրջպարով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։