«Եթե հետ գնամ, կրկին կընտրեմ բալետը». ՀՀ վաստակավոր արտիստուհի, բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյան
Կարևորագույն հատկանիշներն են աշխատասիրությունն ու համառությունը
Զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստուհի, բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանի հետ: Նա ավելի քան քսան տարի մենապարում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նա կերտել է գլխավոր դերեր «Սպարտակ», «Դիմակահանդես», «Ժիզել», «Մարդուկ-Ջարդուկ», «Գայանե», «Ռոմեո և Ջուլիետ», «Կարմեն», «Կարապի լիճը» և այլ հանրահայտ ներկայացումներում: Արդեն մի քանի տարի է՝ Ս. Փիրումյանը նաև դասավանդոում է ԵԹԿՊԻ-ում: 2017-ին պարարվեստում ունեցած վաստակի համար Սյուզաննային շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
-Մասնագիտության ընտրությունը կարևորագույններից է կյանքում, ինչու՞ ընտրեցիք բալետը:
-Շատերը դեռ մանկուց են կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում: Մայրս դեռ իմ մանկության շրջանում նկատեց, որ ես անընդհատ պարում եմ և սիրում եմ, երբ ինձ հետո ծափահարում են, և ինձ տարավ պարի: Հետագայում ուսուցիչս՝ տեսնելով իմ տվյալները, ծնողներիս խորհուրդ տվեց, որ ինձ տանեն բալետի: Այդպես էլ դրվեց իմ բալետային կարիերայի սկիզբը:
-Բալետը դժվար ու մեծ ջանքեր պահանջող արվեստ է: Ի՞նչն է առաջ մղում բարդ ու գերլարված աշխատանքային պրոցեսում:
-Ամենադժվար պահերին առաջ է մղում կրկին բեմում լինելու, կրկին ելույթ ունենալու ցանկությունը, քանի որ բեմում մենք կարողնում ենք զգալ այն ամենը, ինչը սովորական կյանքում զգալ չենք կարող: Բեմում ես ինձ լիարժեք եմ զգում: Այժմ, երբ Օպերայում շատ շուտով ավարտելու եմ կարիերաս, անընդհատ մտքով հետ եմ գնում ու հիշողությանս մեջ գրքի նման թերթում եմ անցած ճանապարհս: Ինչ խոսք, անմոռանալի և չափազանց դժվարին տարիներ են եղել, սակայն եթե հետ գնամ, կրկին կընտրեմ բալետը:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել ձեր ասպարեզում:
-Ես ունեմ բազմաթիվ կոտրվածքներ, տրավմաներ, հիմա անցնում եմ բուժման կուրսեր և քայլում եմ ոտքերի համար նախատեսված ապարատներով: Կարիերայումս եղել է դեպք, երբ բալետային հնարքի ժամանակ ընկել եմ ու մի կերպ եմ խուսափել վզի կոտրվածքից: Բայց բացարձակապես չեմ փոշմանում ոչնչի համար:
-Ո՞րն է ամենակարևոր մարդկային հատկանիշը ձեր գործում:
-Կարևորագույն հատկանիշներն են աշխատասիրությունն ու համառությունը: Մեր արվեստում հաջողած մարդիկ չափազանց աշխատասեր են և համառ:
-Դուք բոլոր ներկայացումներում կերտում եք միայն գլխավոր դերեր: Ինչպե՞ս հասաք դրան:
-Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ իմ` թատրոնում աշխատելու քսանից ավելի տարիների ընթացքում կերտել եմ միայն գլխավոր դերեր: Կառանձնացնեմ երեք կետ, որոնք օգնել են ինձ հասնել դրան` աշխատասիրություն, բալետային տվյալներ և արտաքին տեսք:
-Կա՞ կերպար, որը երազում եք կերտել:
-Ես միշտ երազել եմ պարել «Կարապի լիճը» ներկայացման մեջ: Դա ինձ համար մանկության երազանք էր: Ես անգամ հույս էլ չունեի, քանի որ այդ ներկայացումը Հայաստանում չէր բեմադրվում, բացի այդ իմ տրավմաները շատ-շատ էին: Սակայն եկավ մի օր, երբ Հասաստանում բեմադրվեց այդ ներկայացումը: Տրավմաների պատճառով առաջնախաղերին ես չպարեցի, բայց երազանքս կատարելու ցանկությունն անսահման մեծ էր: Արդեն հինգ ներկայացում եմ խաղացել: Ամեն անգամ մարմնովս սարսուռ է անցնում, ու ես գերագույն հաճույք եմ ստանում կարապներին կերտելիս: Առաջին ելույթիս ժամանակ ես զգում էի՝ իմ աչքերն ինչպես են վառվում սև կարապին կերտելիս և զգում էի, թե ինչքան քնքուշ եմ սպիտակ կարապին կերտելիս: Ներկայացումից հետո տեղադրածս նկարում կարծում եմ՝ հոգեվիճակս երևում է:
-Արվեստը մարդուն տալիս է հնարավորություն՝ տեղափոխվելու այլ իրականություն, մեկ այլ ժամանակաշրջան, լինելու մեկ այլ մարդ: Կցանկանայի՞ք լինել Ձեր կերտած կերպարներից որևէ մեկը:
-Շատ հետաքրքիր է, երբ մտնում ես ուրիշի հոգեվիճակի մեջ և նրան ներկայացնում քո ձևով, դա ինձ լրիվ այլ աշխարհ է տանում, բայց իմ կերպարներից որևէ մեկը լինել չէի ուզի:
-Ի՞նչ կարելի է փոխել, կամ ի՞նչ խնդիրներ կան հայաստանյան բալետային աշխարհում:
-Կցանկանայի, որ արտերկրի ձեռագիրը գա Հայաստան: Գան հրավիրյալ բալետմաստերներ: Սա ավելի կծաղկեցնի ոլորտը: Մեծագույն խնդիր է նաև այն, որ բալետի արտիստները որոշակի տարիների աշխատանքից հետո չունեն թոշակի գնալու հնարավորություն: Այս ոլորտում սա մեծ խնդիր է, քանի որ քսան և ավելի տարիներ բալետով զբաղվելուց հետո շատ դժվար է պարելը: Առողջական բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, ու այլ մասնագիտություն ունեցող անձանց պես բալետի արտիստները մինչև 60-63 տարեկան բալետով զբաղվել չեն կարող: Այսինքն՝ քառասունից հետո աշխատանքը լքելու և այլ գործ գտնեու խնդիր է ի հայտ գալիս:
-Կպատմե՞ք Ձեր զգացողությունների մասին, երբ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացաք:
-Այդ կոչումը ստանալը ինձ համար սպասելի էր, քանի որ երկար տարիներ է՝ ես ոլորտի առաջատարներից եմ: Կոչումը ստանալիս ամբողջ մարմնովս դող էր անցնում: ՀՀ վաստակավոր արտիստ լինեն ինձ համար շատ մեծ պատիվ է:
-Ինչպե՞ս կարելի է ավելի մասսայական դարձնել բալետը մեր երկրում:
-Կարծում եմ բալետն այսօր «մոդայիկ» է, ինչը չէի կարող ասել տարիներ առաջ: Արդեն տարիներ շարունակ ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում, ինչը շատ ուրախալի է:
-Ո՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականը:
-Աշխատանքիս ամենամեծ գնահատականը զգում եմ ներկայացումների ավարտին, երբ դահլիճից լսում եմ բարձր ծափահարություններ: Կան այնպիսի մարդիկ, ովքեր ամեն անգամ գալիս են թատրոն` հենց իմ կատարումը դիտելու, սա շատ հաճելի ու պարտավորեցնող է:
Լուսանկարները՝ Ս. Փիրումյանի արխիվից
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Անժելա Խաչատրյան 4-րդ կուրս