Կայքի շնորհանդես
Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում(ՀԱԻ) տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Ներկա էին ծրագրով հետաքրքրվածները, հյուրեր։ Ծրագիրը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ․ գ․ դ․ Թամարա Հայրապետյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ ողջունելով կատարված աշխատանքը։ Ծրագրի մասին, որին աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտը, ներկայացրեց համակարգող բ․գ․թ․, դոցենտ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեքստաբանության բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Մելիքյանը։ Տեղեկացրեց՝ ծրագրի նպատակն է գույքագրել, փաստաթղթավորել և պահպանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Նշեց նաև՝ հիմնականում 4 հոգով են իրականացրել ծրագիրը՝ աշխատելով Սյունիքի 8 համայնքներում՝ ընդգրկելով 2 հոգու մարզից։ 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցում է անցկացրել պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում՝ որոշում մշակելու նպատակով։ Իսկ 2003 թ․ ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության(ՈՆՄԺ) պաշտպանության կոնվենցիան, որի 2-րդ հոդվածը սահմանում է. «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» նշանակում է սովորույթները, ներկայացուցչությունները և արտահայտությունները, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև հարակից գործիքները, առարկաները, արտեֆակտները և մշակութային տարածքները, որոնք ճանաչվում են համայնքների, խմբերի և որոշ դեպքերում անհատների կողմից որպես իրենց մշակութային մաս»։
Մեր երկրում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքն ընդունվել է 2009 թվականին: Կայքը ներկահացնելից տեղեկացվեց նաև՝ ոչ նյութական մշակութային արժեքներ են՝ ժողովրդական բանահյուսությունը, լեզուն. բարբառները, խոսվածքները, տեղանունները, ավանդական արհեստները, ազգային սովորույթները, հասարակական կենցաղային վարվելաձևերը և այլն: Ներկայացնելով բուն Սյունիքի ՈՄՆԺ-ն՝ տեղեկացվեց՝ այս մարզում անհապաղ պաշտպանության կարիք ունեն Կարճևանի բարբառը, Մեղրու համայնքի չաթանագործության արհեստը, Գորիս և Սիսիսան համայնքների բրուտագործությունը և «Կաթնավով մատաղ» ծեսը: Շնորհանդեսի ընթացքում նաև ցուցադրվեցին տարբեր հոլովակներ կատարված աշխատանքի վերաբերյալ: Կայքն ստեղծողների կողմից ՀՀ ՈՆՄԺ արժեքների ցանկում Սյունիքում գրանցել են հետևյալ տարրերը՝ «Կորկոտ» ծիսական ուտեստի ավանդույթը, որը առանձնակի տարածում ունի Կապանի տարածաշրջանում, արքայանարնջի և թզի չրի պատրաստումը և Կաճապով կորկոտի պատրաստումն ու կիրառումը Շիկահող համայնքում: Ցուցադրվող տեսահոլովակում տեղեկացվեց՝ Սյունիքում «կաճապը» շիկահողցիների ճաշատեսակն է: Կաճապը (նվիկ արևելյան, ճերմակաբանջար), ավելուկանման, բայց կլոր տերևներով բույս է:
Թարմ վիճակում արմատները դառն են, մշակած և չորացրած վիճակում՝ համեղ: Ունի սննդային և բուժական նշանակություն: Առատորեն աճում է սահմանամերձ գոտում՝ Ներքին Հանդում, «Սոճիների պուրակում», որտեղ նրա գոյությունը վտանգի տակ է: Շիկահողում Կաճապն օգտագործում են հավի կամ ճագարի մսով եփած հաճարի փլավի մեջ: Եթե Արցախի Հադրութի շրջանում կաճապով ապուր են եփում, ապա Կապանի Շիկահող գյուղում՝ հաճարով կորկոտ, որը մատուցվում է ավանդական սոխառածով: Կաճապի բաղադրատոմսը ծրագրի աշխատակիցներին տրամադրել է Շիկահողի բուժքույր Զարինե Պողոսյանը: Ծրագիր մասին արտահայտվեցին նաև ղեկավարը՝ Թամարա Հայրապետյանը, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Ժանետ Բլեքը։ Ընթացքում եղան հարցադրումներ, առաջարկներ։