Գիտաժողով՝ նվիրված Աղվանքի պատմությանը
Աղվանք – Կովկասյան Ալբանիա – Առան երկրի հարցը շատ է կարևորվում հայոց պատմության մեջ։ Ադրբեջանի իշխանություններն իրենց «գիտնականների» ինչպես նաև այլազգի պատմաբանների, այլ մասնագետների միջոցով այսօր, ինչպես և խորհրդային տարիներին, մշտապես փորձ են անում հաստատել, որ Հայոց Աղվանքը Կուր գետից հարավ չի եղել Մեծ Հայքի տարածք, այլ իրենց երկիրն է։ Այս հարցում ադրբեջանցիներին հատկապես խանգարում են հայկական պատմա-մշակութային կոթողները՝ վանքերն ու եկեղեցիները, առավելապես հանգստարանները՝ հազարավոր խաչակերտ ու հայատառ արձանագրություններով շիրմաքարերը՝ խաչքարեր ու տապանաքարեր, հուշակոթողներ: Այսօր առավել վտանգավոր է դարձել այն, որ ամբողջովին հայաթափ է Արցախը և գերության մեջ գտնվող մեր մշակութային կոթողները վերացվում են կամ ձևափոխվում, ջնջվում են հայերեն արձանագրությունները: Իրենց կեղծ թեզն ապացուցելու համար Ադրբեջանի իշխանությունները դեպի հայկական վանքեր ու եկեղեցիներ կազմակերպում են ուդիների ուխտագնացություն: Վերջերս համացանցում տեղադրել էին մի հոլովակ՝ ինչպես են ուդի հոգևորականները Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքում աղոթում:
Խնդրի հետ կապված՝ մայիսի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագիրը կրող աշխատաժողով-գիտագործնական քննարկում։ Այս կարևոր գիտական միջոցառումը կայացավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԳԱԱ Պատմության և Արևելագիտության ինստիտուտների աջակցությամբ։ Ներկա էին պատմաբաններ, մշակութաբաններ, արևելագետներ, հոգևորականներ, աղվանագիտությամբ հետաքրքրվողներ։ Նիստը Տերունական աղոթքով բացեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ մաղթելով մի քանի տասնյակ մասնակիցներին բարի և արդյունավետ ընթացք։ Բանախոսությամբ հանդես եկան երկու առաջատար մասնագետներ՝ պատմաբան, աղվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ «Հայ Աղվանից եկեղեցին (սկզբնավորումից մինչև մեր օրերը)» հիմնարար աշխատության հեղինակ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին խորհրդական Մելանյա Բալայանը։ Նիստը վարում էր պատմաբան, Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Ներկա էր նաև Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
Ա. Հակոբյանն անդրադարձավ ընդհանրապես Աղվանքի խնդրին՝ հնագույն շրջանից մինչև միջնադար՝ կարևորելով թե՛ Բուն Աղվանքի տեղն ու դերը և թե՛ Հայոց Աղվանքի պատմության առանձնահատկությունը: Ըստ գիտնականի՝ Բուն Աղվանք երկրում, որը գտնվել է Կուր գետի հյուսիսային՝ ձախափնյա հատվածում, բնակվել են տարբեր ցեղեր՝ լեզգիներ, ուդիներ, թաբասարանցիներ և այլն: 5-րդ դարի առաջին կեսերին, երբ Մեծ Հայքում 428 թվականին վերացավ Արշակունիների արքայատոհմի թագավորությունը և Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի կազմի մեջ մտնող մարզպանություն, Հայոց արևելից նահանգները՝ Ուտիքն ու Արցախը Բուն Աղվանքի հետ միացվելով կազմեցին առանձին մարզպանություն՝ Աղվանք նույն անվանումով: Սկզբնական շրջանում մարզպանական Աղվանքի մայրաքաղաքը եղել է Դերբենդը (Չողը): Այս հնագույն քաղաքը քարե հզոր պարիսպներով ամրացվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Չող-Ճորա պահակ կամ Աղվանից դուռ։ Վաղ ժամանակներից այստեղ ձևավորված է եղել նաև հայկական համայնք, և արաբական տարբեր աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»։ 6-րդ դարի սկզբներից մարզպանական Աղվանքի մայրաքաղաքը հաստատվել է հայկական Ուտիք նահանգի Պարտավ քաղաքում: Հետագայում Հայոց Աղվանքն ուներ իր ինքնավարությունը, իսկ Աղվանից հայոց եկեղեցին մտնում էր Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության մեջ որպես առանձին թեմ:

Ա. Հակոբյանը ներկայացրեց նաև վերջերս իր հեղինակությամբ Երևանում լույս տեսած 2 գիրք՝ նվիրված Աղվանքին ու այստեղ գործած հայ արքաներին ու իշխաններին: Առաջինը հրատարակվել է 2020 թ.՝ «Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում եւ Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչեւ ԺԳ դար» վերտառությամբ: Գիրքը գրելիս հեղինակը հիմք է ընդունել հայ ու օտարազգի բազում մատենագիրների թողած հիշատակությունները, այլ աղբյուրներ: Մյուս մենագրությունը, որը հեղինակի 1987 թվականի ռուսերեն հիմնարար աշխատության երկրորդ, վերամշակված տարբերակն է, հրատարակվել է 2022 թ. և կոչվում է «Ալբանիա-Աղուանքը հունա-լատինական և հին հայկական աղբյուրներում»: Այդ գրքում նորովի ներկայացվում է Աղվանք-Ալբանիայի պատմությունը, պատմական աշխարհագրությունը, ժամանակագրությունը։ Հեղինակը կատարել է խոր իմաստաբանական վերլուծություն անտիկ և միջնադարյան աղբյուրներում «Ալբանիա» և «ալբանացիներ» եզրույթների վերաբերյալ։
Իր ելույթում երկրորդ բանախոս Մ. Բալայանն անդրադարձավ Հայաստանի և տարածաշրջանի պամա-մշակութային կյանքում Հայ Աղվանից եկեղեցու խաղացած դերին: Հայ առաքելական եկեղեցու կազմավորման պահից ի վեր նրա կարևոր ու անբաժան մասն է կազմել Աղվանից հոգևոր առաջնորդությունը: Քաղաքական և դավանաբանական տարբեր ազդեցություններով պայմանավորված՝ 552 թ. Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվել է պատմության մեջ հայտնի Աղվանից կաթողիկոսությունը, և կաթողիկոս է ընտրվել Աբասը, որը Մեծառանից Հակոբավանքի առաջնորդն էր։ Բուն Աղվանքի և Հայոց Արևելից կողմանց եպիսկոպոսությունների միավորման արդյունքում կազմավորված Աղվանից կաթողիկոսության առաջնորդների նստավայր է դարձել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Պարտավ քաղաքը: Այստեղ աթոռակալել են Արցախի և Ուտիքի, իսկ ավելի պակաս դեպքերում՝ բուն Աղվանքի, հոգևոր կենտրոններից ընտրված 19 կաթողիկոսներ: 13-րդ դարում կաթողիկոսությունը տեղակայվել էր Մեծառանից կամ Ս. Հակոբավանքում, իսկ 14-րդ դարում տեղափոխվել ու հաստատվել է Արցախի Խաչեն գավառի հոգևոր կենտրոն Գանձասարի վանքում:
Բանախոսները հանդես եկան նաև այլ հարցերի շուրջ: Ելույթներից հետո եղավ քննարկում; հարցադրումներով ու առաջարկներով հանդես եկան աշխատաժողովի մասնակից գիտնականները, հոգևորականները: Բոլորի մտահոգությունը մեկն է՝ տեր մնալ մեր մշակույթին: Գիտաժողովն ավարտվեց Տեր Վրթանես եպիսկոպոսի օրհնանքով ու աղոթքով:

