Տուն եկան գլխավոր մրցանակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄԿ) «Կանչ» և «Դեպի լույ» երգչախմբերը գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում։ Երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն է երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը։
Նշված խմբերի միացյալ երգչախումբը տարիների ընթացքում մասնակցել է բազում համերգների Երևանում, ՀՀ տարբեր մարզերում, Արցախում, ինչպես նաև՝ արտերկրում։ Միացյալ երգչախումբը հանրապետական ու արտերկրյա մրցութային համերգներում հաճախ ճանաչվել է դափնեկիր, արժանացել մրցանակների, տարբեր պարգևների, խրախուսանքի։ 2024թ․ մարտի 12-ին միացյալ երգչախումբը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հանդես եկավ «Մենք ուժեղ ենք միասին» խորագիրը կրող համերգային ծրագրով և արժանացավ ջերմ ընդունելության հանդիսատեսի կողմից։ Ապրիլի 20-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում մասնակցել են «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին՝ Գրան պրի։ Այդ մրցույթին մասնակցել է նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան) սան, շվիահար Արամ Հովհաննիսյանը և «Շվի» անվանակարգում արժանացել գլԽավոր մրցանակին(Գրան պրի)։
Միացյալ երգչախմբի համար առավել հետաքրքիր օրեր էին վերջերս կայացած շրջագայությունը Արաբական Միացյալ Էմիրաթներ։ Խմբի գեղարվեստական ղեկավար Վ․ խաչատրյանը հպարտությամբ նշեց այդ շրջագայության մասին․ «Մայիսի 6-ից 12-ը մեկնեցինք Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱԷՄ) և մայիսի 9-ին մասնակցեցինք Դուբայ քաղաքում կայանալիք «Արևելքի բազե» միջազգային մրցույթ-փառատոնին։ Շատ ջերմ ընդունելության արժանացանք՝ չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ մերն էր գլխավոր մրցանակը՝ Գրան պրին»։ Գոհ իրենց շրջագայությունից ու տպավորված՝ վերադարձել են տուն։ Վ․ Խաչատրյանը գոհ է «Լինա» մշակույթի կենտրոնից, որն արել էր ամեն հնարավորը համերգային շրջագայությունը տպավորիչ դարձնելու համար։ Այդ օրերին ունեցել են նաև ժամանակ և այցելել հայկական վարժարան, տարբեր տեսարժան վայրեր։ Այնուամենայնիվ՝ Վ․ Խաչատրյանն առավել կարևորում է այն, որ իր ղեկավարած երգչախումբը բարձր է պահել մեր երկրի մշակութային պատիվը միջազգային մրցույթ-համերգում։ Տեղեկացրեց նաև՝ մայիսի 13-ին ԱԷՄ դեսպանը այցելել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց, որտեղ աշակերտները համերգային ծրագրով ողջունել են նրան։ Արաբ դեսպանը, մեծ բավականություն ստացած ու տպավորված, հրաժեշտ է տվել շնորհաշատ երեխաներին։

