Image

Արցախի Տիգրանակերտի մասին՝ մանրամասն

«Տիգրանակերտի և Բեշիքլու  եկեղեցու գիրն է, որ այժմ ասի Շահբուլաղ․․․»

Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյան

 

Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) անունը կրող Տիգրանակերտ բնակավայրեր Մեծ Հայքում շատ են, բայց Արցախում միայն մեկը կա: Գտնվում է Ասկերանի շրջանում, Արցախ լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում՝ փռված այստեղ հայտնի Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջին ու կից գոգավորությունում: Քաղաքի տեղն ու դիրքը ժամանակին երևի պատահաբար չի ընտրել Հայոց հզոր արքան. այս վայրում է Արքայական աղբյուրը(Շահբուլաղ), որի սառնորակ ու առատ ջրերն այժմ էլ օգտագործվում են և խմելու, և ոռոգման նպատակներով:

Ժամանակին քաղաքն զբաղեցրել է ավելի քան 70 հեկտար տարածություն: Հիմնվել է մ.թ.ա. 90-ական թվականների վերջերին: Տիգրանակերտի մասին՝ որպես պատմական հուշարձան, անդրադարձել են դեռևս վաղ միջնադարից: Ժամանակագրորեն ավելի ուշ տեղեկությունները վերաբերում են Տիգրանակերտի ավերակներին կամ քաղաքատեղիին։  Եվ այս տեղեկությունները նպաստել են քաղաքի տեղը գտնելու համար: 1700-ականների սկզբին Գանձասարում նստող Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը ականատես էր լեզգիների՝ Արցախ կատարած ավերիչ արշավանքներին։ Տեղեկացրել է՝ ասպատակիչները ավարառելով մարդկանց ու անասունները՝ «Տկռակերտից գնալով բանակ են դնում Դրդու գետի ափին, որ այժմ Թարթառ ենք կոչում»: 1993թ․ ամռանը հայոց ռազմական ուժերին հաջողվեց ազատագրել Ասկերան-Մարտակերտ հատվածում գտնվող Ակնա (Աղդամ) քաղաքը, որի հարևանությամբ է պատմական Տիգրանակերտը։ Հետագայում եղավ հնարավորություն գտնելու Տիգրանակերտի ճիշտ տեղը և իրականացնել հնագիտական պեղումներ։ Այս կարևոր ու հայրենասեր գործն սկսեց իրականացնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ 2005թ․ գտնելով քաղաքի իրական հիմքերը։ Նշված արշավախումբը 2006-2020 թվականներին ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացրել քաղաքի տարածքում և շրջակայքում: Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում տեղի ունեցավ Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն ամփոփող եռալեզու կայքի շնորհանդեսը (https://tigranakert.org/):

Ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր: Կայքը ներկայացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Կայքի կայացումը ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը: Իր ելույթում Հ. Պետրոսյանը նշեց, որ Հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետազոտությունն Արցախում երբևէ նախաձեռնած ամենաընդարձակ հնագիտական նախագիծն էր: Այն հնարավորություն ընձեռեց Արցախ-Ուտիքը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի մի ծայրագավառ, այլ շատ ավելի ընդարձակ քաղաքակրթական համատեքստի մի մաս, որի ռազմական, տնտեսական և մշակութային կենտրոններից մեկն էլ Տիգրանակերտն էր: Արշավախմբի մշտական կազմի մեջ են եղել ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, պ․գ․թ․, դոցենտ Վարդգես Սաֆարյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Տատյանա Վարդանեսովան, Ինեսա Կարապետյանը, Արմինե Գաբրիելյանը, Նժդեհ Երանյանը, Ռուբեն Հովսեփյանը, ասպիրանտ Համազասպ Աբրահամյանը։ Արշավախմբի աշխատանքներին մասնակցել են նաև պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Ժորես Խաչատրյանը, Աղավնի Ժամկոչյանը, Նորա Ենգիբարյանը, Ռոման Հովսեփյանը, Հասմիկ Մարգարյանը, Ռուբեն Վարդանյանը, Հայկ Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի մի շարք ուսանողներ: Արշավախմբի աշխատանքներին կարճատև մասնակցություն են ունեցել Սորբոնի համալսարանի Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան, Ֆլորենցիայի համալսարանի հնագետներ Սառա Չամպին և Ֆրանչեսկա Քելին, մարդաբան Պոլ Բեյլին: Հ․ Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ արշավախումբը, ձեռնարկելով Խաչենագետի ներքնահովտի համալիր հետազոտությունը, նպատակ ուներ հնագիտորեն ապացուցելի դարձնել անտիկ քաղաքի առկայությունը կամ բացակայությունը: Այդ հետազոտության արդյունքում էլ հայտնաբերվել են Տիգրան Մեծի կողմից կառուցված քաղաքի վերգետնյա հետքերը, որոնց հետագա պեղումներով էլ վերջնականապես և տեսանելի կերպով հավաստվել է ընդարձակ և հարուստ անտիկ քաղաքի գոյության փաստը: Հավելեց՝ հետազոտական առաջին իսկ քայլերից, առանձնակի կարևորություն ստացան Վանքասարի լանջի հարավային եզրն ի վեր ձգվող պարսպահիմքերի ավելի քան 450 մետր ժայռափոր հետքերը: Դրանց հստակ դիտելի աստիճանատեսք հատվածներն ադրբեջանցի հետազոտողները ժամանակին թյուրիմացաբար համարել են դեպի Վանքասարի գագաթին գտնվող 7-րդ դարի տաճարը տանող աստիճաններ, հանգամանք, ինչը հնարավորություն չի տվել հայտնաբերել քաղաքը: Հետագա պեղումներից պարզվել է՝ մ․թ․ա առաջին դարում քաղաքը հիմնելիս շինարարները նախ ընտրել են ժայռեզրի բնականորեն առավել անառիկ հատվածները, նախագծել են ապագա պատն այնպես, որ այն բաղկացած լինի իրար հաջորդող կլոր և ուղղանկյուն աշտարակներով և դրանք իրար կապող զիգզագ պատով: Բանախոսը նշեց նաև՝ իր ղեկավարած արշավախումբը հետազոտել է քաղաքի տարածքի ողջ հուշարձանները՝ սկսած անտիկ շրջանից մինչև 20-րդ դարավերջ։

18-րդ դարի կեսերին այստեղ ամրոց է կառուցել Արցախի մելիքությունների կատաղի թշնամի Փանահը: Սակայն այս ամրոցը շուտով ավերվում է Արցախի մելիքների կողմից: 19-րդ դարի կեսերին ավերակներն այցելած Սարգիս Ջալալյանցը, հաղորդելով, որ Շահբուլաղ աղբյուրների շրջակայքը հայերը կոչում են Թնգրնակերտ և պարսիկները` Թառնագյուրտ, ենթադրել է, որ հենց այստեղ է տեղադրված եղել Տիգրանակերտը: Հ․ Պետրոսյանն ուրախությամբ նշեց՝ մատենադարանում կարողացել է գտնել ու ուսումնասիրել Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի վկայությունը Տիգրանակերտի մասին․ «Տիգրանակերտի և Բեշիքլու  եկեղեցու (այսինքն Վանքասարի եկեղեցու) արձանագրությունն է, որ այժմ Շահբուլաղ է կոչվում.  Ես Շահաշահ որդի Աշոտոյ կ[ա]նգնեցի զխաչս հոգւոյ /իմոյ, որ կարդայք` յաղօթս յիշեցէք, :ՉԺԲ: (1263 թ.) թուին»: Փաստորեն կաթողիկոսը հավաստում է, որ Վանքասարի եկեղեցին գտնվում է Տիգրանակերտում և որ այդ տարածքը նույնական է Շահբուլաղի կամ Արքայական աղբյուրների հետ: Անդրադարձավ նաև քաղաքի տարածքում հայտնաբերված վաղ միջնադարյան եկեղեցու ուսումնասիրմանը, քաղաքի մոտ 3,5կմ երկարությամբ ջրանցքին, որն սկսվում է Խաչենագետից, անցնում թունելներով։ Կարևորեց նաև Վանքասարի մոտակա Ցիցսարի վրա հայտնաբերված պատմական հուշարձանները։ Հ․ Պետրոսյանը կարևորեց նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի հիմնումը, որը  տեղակայված էր քաղաքի տարածքում գտնվող ուշ միջնադարյան ամրոցում։  ԱՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության ֆինանսավորմամբ մեկ տարվա ընթացքում վերանորոգվել է 18-րդ դարի ամրոցը, որի ներքնաբակի պարագծով ձգվող սենյակների մի մասն էլ վերանորոգվել և վեր է ածվել թանգարանային ցուցասրահների: Տիգրանակերտի թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 30-ին՝  ԱՀ նախագահ Բ Սահակյանի, վարչապետ Ա Հարությունյանի ներկայությամբ։  Թանգարանն օծեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Թանգարանում ցուցադրվում էին պեղումներից հայտնաբերված նյութերը, որոնցից հարուստ դեկորատիվ հարդարանք կրող գունազարդ կարասները որպես կանոն ծառայել են հանդիսությունների ժամանակ խմիչքներ մատուցելուն: Արցախի Տիգրանակերտի անտիկ խեցեղենի ձևաբանական և գեղարվեստական հարդարանքի բազմազանությունը, դրա առանձնահատուկ կեր¬պարը, որը հենց բնութագրական է Կուր գետի աջափնյակի համար, հնարավորություն է տալիս խոսելու Տիգրանակերտի մշակութային ֆենոմենի մասին: Այն մեկ անգամ ևս հաստատում է, որ քաղաքն անտիկ շրջանում եղել է Արցախ-Ուտիքի առևտրաարհեստավորական և մշակութային խոշոր կենտրոնը և մշակութային արժեքների փոխանցողը դեպի հյուսիս և արևելք: Բանախոսն անդրադարձավ նաև այն խնդրին, որ իրենց երկար տարիների աշխատանքը, բնական է մշտապես քննադատվել է ու աղավաղվել ադրբեջանցիների կողմից։ Խնդրին անդրադարձել են նաև հայ գիտնականներ՝ չընդունելով՝ հայտնաբերվածը Տիգրանակերտն է։  Ինչ խոսք, մեծ ցավ է՝ այսօր ողջ Արցախը, նաև Տիգրանակերտը գերության մեջ են, անհայտ է քաղաքի ճակատագիրը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։