Գիտաժողով՝ նվիրված Ա․ Նազինյանի 100 ամյակին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հաճախ են կազմակերպվում գիտաժողովներ, սեմինարներ, այլ միջոցառումներ՝ նվիրված բնագավառի երախտավորներին։ Մայիսի 25-ին մեկնարկեց հերթական «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Հայ բանագիտության երախտավոր, հայ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Մկրտչի Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում էին բնագավառը ներկայացնող մոտ երեք տասնյակ մասնագետ Հայաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից։
Մեր երկիրը ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության, Մ․ Աբեղյանի անվան գրականության, Հր․ Աճառյանի անվան լեզվի, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Երևանի պետական համալսարանի ու Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացուցիչները, Նիդեռլանդներից՝ Լեյդենի համալսարանը, Վրաստանից՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը(ԹՊՀ)։ Ներկաներին ողջունեց ու բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ․ գ․ դ․ Թամար Հայրապետյանը՝ ներկայացնելով Ա. Նազինյանի կենսագրությունը: Ա․ Նազինյանը ծնվել է 1924 թ․ փետրվարի 23-ին ՀԽՍՀ Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում։ 1941-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Սակայն 1942-1944 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է և ուսումը համալսարանում շարունակել 1944 թվականից, ավարտել 4 տարի անց։ 1960-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության բաժնի հիմնադիր-վարիչը։ Ներկայացնելով նշանավոր գիտնականին՝ բանախոսը կարևորեց նաև նրա համեստությունը, որ պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է մեդալներով, ինչպես նաև՝ «Կարմիր աստղ» և Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանների։ Ինչպես ընդունված է՝ հատկապես տոնական օրերին շատերը միջոցառումներին մասնակցում են մեդալներով, բայց ասում են՝ Ա․ Նազինյանը երբեք իր պարգևները կրծքին չի փակցրել։ 1948-51 թվականներին ընդունվել և ավարտել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հայ ժողովրդիական բանահյուսություն» մասնագիտությամբ։ Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացել է 1953 թվականին՝ պաշտպանելով «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» թեմայով ատենախոսությունը։ 1953-59 թթ․ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ իբրև գիտաշխատող և գիտքարտուղար։ 1957 թ․ հրատարակվել է նրա հեղինակած «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» ուսումնասիրությունը։ Ա․ Նազինյանը 1959 թվականից մասնակցել է նշանավոր գիտնական, ակադեմիկոս Հովհաննես Օրբելու ընդհանուր խմբագրությամբ «Հայ ժողովրդական հեքիաթներ» բազմահատոր գիտական հրատարակչության աշխատանքներին։ Խմբագրակազմում են եղել նշանավոր գիտնականներ ու գրողներ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, Արամ Ղանալարյանը, Ստեփան Զորյանը, Գուրգեն Հովնանը։ Հետագայում էլ Նազինյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայ ժողովրդական հեքիաթների հատորների կազմման աշխատանքներին։ Կարևորվեց նաև գիտնականի դերը 1960 թվականից ԳԱ ՀԱԻ-ում աշխատելու ընթացքը։ Մինչև կյանքի վերջը՝ 1999թ․ օգոստոսի 2-ը, Ա․ Նազինյանը ղեկավարել է բանագիտական աշխատանքները՝ լինելով ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեքստաբանության բաժինը։ Նրա ղեկավարությամբ, հաճախ անմիջական մասնակցությամբ նույն բաժնի աշխատակիցները գիտարշավներ են իրականացրել մեր երկրի տարբեր շրջաններում ու արտերկրում։ Դրա շնորհիվ հարստացել է ՀԱԻ բանահյուսության արխիվը։ Մինչև կյանքի վերջ Ա․ Նազինյանը հանդես է եկել նաև բազում գրախոսություններով՝ նվիրված իր հետաքրքրության բնագավառներին։
Ներկաներին ողջունեց և գիտաժողովին բարի երթ մաղթեց ՀԱԻ գիտական ղեկավար, պ․ գ․ դ․ Պավել Ավետիսյանը։ Նա նշեց՝ Մայիսի 25֊ը ՅՈՒՆԵՍԿՕ֊ի որոշմամբ նշվում է բանասերի օր, և ներկաներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ։ Այնուհետև անդրադարձավ Ա․ Նազինյանի գործունեությանը։ Երկար տարիներ աշխատելով նրա հետ՝ լավ է ճանաչում նշանավոր բանասերին ու գնահատում մարդկային համեստ արժանիքները և գիտական հարուստ փորձն ու աշխատասիրությունը։ Ա․ Նազինյանի մասին ներկաները լսեցին նաև ՀԱԻ երկար տարիների աշխատակիցներ պատմաբան, հնագետ-ազգագրագետ, պ․ գ․ թ․ Սուրեն Հոբոսյանից և ազգագրագետ, պատմաբան, պ․ գ․ թ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանից։ Նրանք բարձր գնահատեցին նշանավոր գիտնականի դերը հայ և միջազգային բանահյուսության զարգացման գործում։ ՀԱԻ գիտաշխատող, բ․ գ․ դ․ Արմեն Շ․ Սարգսյանը նույնպես ակնածանքով ներկայացրեց Ա․ Նազինյանին։ Ընթացքում հանդես եկավ նաև «Հեքիաթների և ստապատումների նախերգանք-սկսվածքները» զեկույցով։ Գիտաժողովի առաջին նիստը վարում էր ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի գիտաշխատող Սիրանուշ Առաքելյանը: Ընթացքում եղան տարբեր թեմաներով զեկույցներ։ «Անհատականացված արքետիպերն ու փոխակերպումները Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլը» ստեղծագործության մեջ» զեկույցը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, հ․ գ․ թ․ Լուսինե Ղարախանյանը։ Նա Արտաշես Նազինյանի մասին ասաց․ «Կան գիտնական երևելիներ, որոնց հետ առերեսումը, կամ որոնց մասին խոսելը թերապևտիկ նշանակություն է ունենում։ Առասպելականության հասնող համեստությամբ օժտված էր Արտաշես Նազինյանը»։ «Հազարան բլբուլը» հեքիաթին անդրադարձավ նաև ՀԱԻ աշխատակից, բ․ գ․ թ․ Գոհար Մելիքյանը՝ «Ընտրության խաչմերուկում․ որոշումների կայացման խնդիրը» զեկույցով։
Վրաստանից գիտաժողովին մասնակցում էին 3 հոգի՝ Թբիլիսիի պետական համալսարանից։ Բ․ գ․ թ․ Դարեջան Գարդավաձեն ներկայացրեց «Սուկխան-Սաբա Օրբելիանիի «Գիրք իմաստության և ստի»․ արևելյան-արևմտյան գրական և ժողովրդական ավանդույթների խաչմերուկում» զեկույցը։ Բ․ գ․ թ․ Թեյա Շուրգայան ներկայացրեց «Միջնադարյան վրաց գրականությունը՝ ժողովրդական իմաստության պահպանող» զեկույցը։ Բ․ գ․ թ․ Էլենե Գոգիաշվիլին ներկայացրեց «Կամակոր կնոջ սանձահարումը» ATU 901 հեքիաթի էկրանավորում-փոխակերպումները զեկույցը։ «Ժողովրդական հեքիաթները, սերտորեն կապված լինելով ժողովրդական բանավոր ավանդույթի հետ, իրենց վերապատումներով դուրս են գալիս զուտ ավանդական շրջանակներից՝ հարստացնելով այլ մշակութային բնագավառներ, ինչպիսիք են գրական, երաժշտական և բեմական փոխակերպումները», -հեքիաթների էկրանավորման խնդիրներին անդրադառնալիս նշեց բանախոսը։ Հասնելով տուն՝ վրաց գիտնականները շնորհակալություն էին հայտնել հայ գործընկերներին հրավերի ու ջերմ ընդունելության համար։ Գիտաժողովը շարունակվեց նաև հաջորդ օրը։ Մեր էպոսում և տարբեր հեքիաթներում կարևոր տեղ է տրվում երդմանը։ Այս թեմայով ելույթ ունեցավ ՀԱԻ աշխատակից, բ․ գ․ թ․ Լուսինե Ղռեջյանը։ «Ինչպես հմայական մյուս բանաձևերի /անեծք, օրհնանք, բարեմաղթություն/, այնպես էլ երդման հիմքում ընկած է խոսքի հմայական զորության գաղափարը․․․», իր զեկույցում նշեց բանախոսը։ ՀԱԻ գիտաշխատող Սիրանուշ Առաքելյանի «Դևը և դիվական ուժը հայ վիպական բանահյուսության մեջ» զեկույցում կարևորվեւմ է․ «․․․քրիստոնեական պատկերացումներում դևը աներևույթ չար հրեշտակ է՝ սատանայի կամակատարը, իսկ ժողովրդական հավատալիքներում այն ավելի վաղնջական ժամանակներից եկող պատկերացում է, և հանդես է գալիս թե՛ չար, թե՛ բարի կերպարներով, ու որպես կանոն՝ մարդակերպ է ու տեսանելի»։ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի աշխատակից, բ․ գ․ թ․ Նաիրա Բալայանը ներկայացրեց «Ա․ Չոպանյանի հեքիաթները՝ որպես քաղաքական, ազգային և հոգևոր խնդիրների արծարծման տարածք» զեկույցը։ Բանախոսն հիմնականում անդրադարձել է Չոպանյանի «Երկնի ճամփան» և «Պզտիկ հայ գեղջուկի պատահարը» հեքիաթներին, որոնք իրենց ձևով տարբերվում են ավանդական հեքիաթներից։ Ընդհանրապես հեքիաթում հաղթում է բարին, իսկ Չոպանյանի մոտ հակառակ երևույթն է արծածվել։ Ընթացքում եղան նաև առցանց ելույթներ։ Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազյանն առցանց ներկայացրեց «Հայրենաբնակ մուսալեռցիների ժողովրդական բանահյուսության դիախրոնիան և սինխրոնիան» զեկույցը։ Գիտաժողովն ավարտվեց նոր ծրագրերի մտահղացումով։