Նա պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ

Շարլ Ազնավուր-100
/ՇառլԱզնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում Էդ. Կզարթմյանի անվան Երաժշտական դպրոցի համերգասրահում/
Աշխարհահռչակ Շանսոնիեի, Մեծ հայի և նույնքան Մեծ ֆրանսիացու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գնահատանքի «ոսկեձույլ» խոսքերը՝ «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ», բոլորիս ցնցեց ու անվերապահ ընդունվեց ապշեցուցիչ պարզությամբ, շիտակությամբ, երախտագիտությամբ, իր մեջ ունեցած հուժկու լիցքով...
Այդ «Պետության ու Հայրենիքի», Աշխարհը նվաճած /Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլ/ Մեծ ու Տոկուն Հայի /Վիլյամ Սարոյան/ ծննդյան 100-ամյակը Մեծին վայել հանդեսով ու հանդիսավորությամբ նշել-արժևորելու ցանկությամբ Վանաձորի թիվ 1 դպրոցի տնօրեն, ֆրենսերենի շնորհաշատ ուսուցչուհի Աննա Զուլոյանը օրերի տքնանքով և բծախնդրորեն նախապատրաստվելով՝ համարձակվեց «ՇառլԱզնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում» կազմակերպել ու անցկացնել Էդ. Կզարթմյանի անվան Երաժշտական դպրոցի համերգասրահում:
Դահլիճում ոչ միայն ազատ աթոռ, այլև ազատ ...միջանցք չկար: Առաջին իսկ «վրձնահարվածները » /ելույթները/ ցրեցին կասկածի այն մշուշը, որ մինչ հանդեսն ունեին որոշ ներկաներ՝ կազմակերպիչներին կհաջողվի՞ ըստ արժանվույն ներկայացնել Շառլ Ազնավուր Արվեստագետին, Երգչին, Մարդուն, Մեծ Հային, Մեծ Ֆրանսիացուն... Երկարատև ու բուռն ծափողջույնները դրա վառ ապացույցն էին: Ներկաները ակնդրելով և ունկնդրելով երգչի կյանքի կարևորագույն դրվագները ներկայացնող թատերականացված մանրապատումները հայերեն ու ֆրանսերեն լեզուներով, լսելով նրա հուզաթաթավ երգերի իրոք գովեստի արժանի կատարումները դարձյալ երկու լեզուներով, աչք չկտրելով բեմում մեզ հետ «մեր կյանքով ապրող, երկխոսող» կենդանի Շառլ Ազնավուրից /Նրա դերը կատարեց թիվ 11դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, Աննա Զուլոյանի նախկին սան Հրաչյա Խաչատրյանը/, լսելով հաղորդավարներ Հասմիկ Թորոսյանին /Աննայի դուստրն է, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող/, Կարապետ Համամջյանին/ թիվ 11 դպրոցի սան/, բոլոր երգիչ-երգչուհիներին,
կախարդված լսելով Վանաձորի կամերային երգչախմբի և 100-ից ավելի սաների համատեղ «Քեզ համար, Հայաստան» անմահ երգը, մասնակիցները չհասկացան՝ ե՞րբ ավարտվեց միջոցառումը, ինչո՞ւ ավարտվեց... Վանաձորի տիկնիկային թատրոնի նախկին տնօրեն, ռեժիսոր, վաստակաշատ դերասան, Լոռու Ասպետ Սերգեյ Մելիքյանը, որ քչախոս, դժվարահաճ ընկեր է, զգացմունքին ազատություն տվեց. «Ամեն ինչ հրաշալի էր, հենց միայն «Քեզ համար, Հայաստան» երգը վերստին նույն կազմով կատարելու դեպքում կարելի է 100 անգամ նման միջոցառման մասնակցել»:
Աննա Զուլոյանը երախտագիտությամբ նշեց, որ իր նախաձեռնության իրականացմանն աջակցել են Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Վանաձորի համայնքապետարանը, Պյոտր ֆոտո էքսպրեսը: Միջոցառման մասնակիցներն էին Վանաձորի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար Նաիրա Եթիմյան, նվագակցող՝ Աննա Միրզոյան, տնօրեն՝ Տարոն Միրզոյան/, Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը, Վանաձորի թիվ 1 հիմնական և թիվ 11 ավագ դպրոցների, Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի և Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաները:
ՎԿԵ-ն կատարեց Ազանվուրի “Emmenez-moi”, “Mourir d'aimer”,“Hier encore”, “Avé-Maria” երգերը:
Վարդան Դոլմաջյանը սանթուրով նվագեց “Une vie d’amour” երգի մեղեդին:
Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի սան Միլենա Ղարաբեկյանը կատարեց “La mamma” երգը, Գոռ Վարդանյանը՝ “She” երգը /դասախոս՝ Արմինե Վիրաբյան/:
Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի սան Սուսաննա Ամիրխանյանը կատարեց “La bohème” երգը /վոկալի դասատու՝ Անահիտ Ճուղուրյան/:
Ընդհանուր 12 երգ հնչեց Ազնավուրից:
Մեծ հային հարգանքի տուրք մատուցելուց բացի՝ միջոցառումն ուներ նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր նպատակ՝ կրտսեր սերնդին նույնպես դարձնել Ազնավուրի արվեստի երկրպագու:
Եվ բեմից մեր նոր այս սերունդն էլ ապացուցեց, որ Ազնավուրն ապրում է և ապրելու ու հավերժելու է, ինչպես հայ ժողովուրդը: