Image

Անիի հնագիտական դպրոցին նվիրված

«Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»։

 Թորոս թորամանյան

 

2024թ․ հաբելյանական է Հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, նշանավոր հայագետ Նիկողայոս Մառի և նրան միշտ աջակից դարձյալ նշանավոր ու նվիրյալ ճարտարապետ-հետազոտող Թորոս Թորամանյանի համար։ Լրանում է նրանց 160 ամյակը։ Մառի ու Թորամանյանի հետ է աշխատել ու մեծ գործ կատարել Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Աշխարհաբեկ Քալանթարը, ում 140 ամյակն է լրանում։ 120 տարի առաջ էլ նույն գիտնականների ջանքերի շնորհիվ Անիում կազմակերպվեցին կանոնավոր հնագիտական պեղումները, որոնք շարունակվեցին 20 տարուց ավելի։

Այս առիթներով մայիսի 29-31-ին Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում, կայացավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի պատմության թանգարանը(ՀՊԹ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ) և Մոսկվայի Ազգային հետազոտությունների շինարարական պետական համալսարանը(ՄԱՀՇՊՀ) համատեղ: Այդ օրերին զեկույցներով հանդես եկան մոտ 40 գիտնական՝ ներկայացնելով Հայոց Անի քաղաքին վերաբերող տարբեր իրադարձություններ: Ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի պատմության թանգարանի և Բուն TV-ի հետ համատեղ։ Գիտաժողովի բացման օրը ներկաներին ողջունեցին ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը և ՄԱՀՇՊՀ Ճարտարապետության և քաղաքաշինության ինստիտուտի տնօրեն Արմեն Ղազարյանը: Իրենց խոսքում նրանք կարևորեցին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Անիում սկսված հնագիտական պեղումները և ուսումնասիրությունները հայտնի հայագետ Նիկողայոս Մառի, Թորոս Թորոմանյանի, Աշխարհբեկ Քալանթարի (Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար), Հովսեփ Օրբելու, Վրույրների և այլ երախտավորների կողմից: ՄԱՀՇՊՀ-ից Արմեն Ղազարյանն իր խոսքում կարևորեց Անիի ճարտարապետության բացառիկությունը՝ Անին համեմատելով միջնադարյան անտիկ քաղաքների հետ։ Առաջին նիստը վարում էր ՀՊԹ փոխտնօրեն Նժդեհ Երանյանը: «Անիի Հնադարան-120» զեկույցով առաջինը հանդես եկավ ՀՊԹ տնօրեն Դ. Պողոսյանը: Խոսելով 120 տարի առաջ Անիում կատարվող հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ կատարող գիտնականների մասին՝ Դ. Պողոսյանը տեղեկացրեց՝ անգնահատելի են նրանց ջանքերն Անիի մասին այսօր էլ պատմող հնագիտական նյութերի, հնադարանի հիմնման ու Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման գործում։ «Նրանք, բացի պեղումները, ձեռնարկեցին նաև այդ նյութերի թանգարանացման գործընթացը։ Գիտակցում էին, որ պեղումների ընթացքում հսկայական նյութ է ի հայտ գալու, և այդ նյութերը պետք է կարողանալ պատշաճ կերպով պահպանել, որպեսզի դրանք կորստյան չմատնվեն։ Եվ ահա, երբ 1904 թվականին ռեսուրս գտնվեց՝ հենց տեղում թանգարան ստեղծելու, փաստորեն, նոր սկսեցին պեղումները», -ասաց Դ․ Պողոսյանը՝ այդ մոտեցումը կարորելով նաև արդիական լինելու տեսանկյունից։ Նա հայագիտության զարգացման գործում շատ կարևորեց նշանավոր արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ, 1912 թվականից Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ Նիկողայոս Մառի դերը: Ծնվել է Վրաստանի Քութաիսի քաղաքում 1864թ. դեկտեմբերի 25-ին: 1891 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան: Ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի՝ 1911 թ. դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։  Նիկողայոս Մառը առաջին անգամ Հայաստան եկել է 1890-ին։ 1904 թ Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է  Անիի պեղումները, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։ 1910-1911 թթ. Սիմիռնովի և ճարտարապետ Ռոմանովի հետ պեղումներ են կատարել Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներում։ Երկար տարիներ ուսումնասիրել է հայ մատենագիրների գործերը, մեր երկրում հնագիտական պեղումների մասնակցել Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում: Սակայն, սկսած 1893-ից մինչև 1917 թ. ընդմիջումներով նա հիմնականում զբաղվել է Անիի պեղումներով; Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին։ Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն։ «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է: Մեր ժողովրդի լավագույն զավակներից նշանավոր ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ և լուսանկարիչ, Հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր, զորավար Անդրանիկի համագյուղացի Թորոս Թորամանյանը ծնվել է Շապին Գարահիսարում 1864թ. մարտի 18-ին: 1903 թ. առաջին անգամ այցելում է Անի՝ Փարիզում բնակվող հայագետ Կարապետ Պասմաճյանի առաջարկով: Եվ այստեղ նրա առջև բացվել է հայոց միջնադարյան մայրաքաղաքն իր ողջ էությամբ: Հետագայում իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածի մեջ գրել է՝ «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»։ Նա փաստում է՝ մինչև XX դարի սկիզբը, հայկական ճարտարապետությունը ճանաչված չէր որպես ինքնուրույն ճարատարապետական ոճ ունեցող առանձին դպրոց։ Այս մասին Թորամանյան իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածի մեջ գրել է՝«Դժբախտաբար, ոչ մեկ տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժնի մը, ոճերու ուսումնասիրությանց շարքին մէջ։ Հետեւաբար հայ ոճի մը գոյութեանը չէի երևակայեր իսկ»։ Ու մեծ ճարտարապետն ու հայրենանվեր գիտնականը Նիկողայոս Մառի առաջարկով մնում է Անիում՝ ուսումնասիրելու մեր ճարտարապետության հզոր հատվածը: Հայրենանվեր հայագետ, պատմաբան ու հնագետ, 1915թ. Անդրանիկի թարգմանիչ ու խորհրդական Աշխարհաբեկ Քալանթարը (Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար) Սանկտ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ Ծնվել է 1884թ. փետրվարի 11-ին Լոռու Արդվի գյուղում: 1911թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-լեզվաբանական բաժինները: 1914 թ. Կայսերական ակադեմիայի որոշմամբ նշանակվել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի գիտական ավանդապահ։ Նույն թվականին Մառն իր բացակայության ժամանակ Քալանթարին է վստահել Անիի պեղումների 13-րդ արշավախմբի ղեկավարությունը։ 1918-ին Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի հանձնարարությամբ կազմակերպել է Անիից մոտ 6000 հնագիտական իրերի փրկությունը, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Մինչ այդ՝ 1917 թ.՝ Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավախմբին։ 1920 թ. Քալանթարի գլխավորած արշավախումբը չափագրել-լուսանկարել է Անիի շրջակա հուշարձանները: 2013 թ. միջազգային արշավախումբը կրկնել է Քալանթարի 1920 թ. օգոստոս-սեպտեմբերի արշավախմբի ուղին։ Կյանքը վտանգելով՝ 1921 թ. Քալանթարը Թիֆլիսից Երևան է փոխադրել Մշո Սուրբ Առաքելոց վանքի նշանավոր դուռը, ինչպես նաև Անիի հնադարանի դրամական ժողովածուն, հայերեն արժեքավոր ձեռագրեր։ 1919թ. Քալանթարը 6 այլ դասախոսների հետ դառնում է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից՝ ստեղծելով և ղեկավարելով հնագիտության ու արևելագիտության ամբիոնը:  1919 թվականին Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի հետ միասին հիմնադրում է Հնությունների պահպանության կոմիտեն, երկար տարիներ պաշտոնավարելով որպես գիտնական քարտուղար՝ համակարգելով հնագիտական աշխատանքները։ 1929 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1919-1937 թթ.. ղեկավարել է 30-ից ավելի արշավախմբեր ու պեղումներ։ Սակայն ստալինյան բռնաճնշումները գտան նաև հայրենասեր Քալանթարին: 1938 թվականին նա ձերբակալվել է համալսարանի մի խումբ դասախոսների թվում («պրոֆեսորների գործը»)։ Մահացել է աքսորում՝ ենթադրաբար 1942 թ․։ 2020 թ․ փետրվարի 11–ին՝ Աշխարհբեկ Քալանթարի ծննդյան օրը, Էրեբունի պատմահնագիտական թանգարանում մեկնարկել էր Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի կողմից կազմակերպված ‹‹Ուեդուրիեթիունի երկրի հնագիտական ժառանգությունը›› խորագրով եռօրյա գիտաժողովը: Մայիսի վերջին՝ 3 օրվա ընթացքում, ինչպես ասում են՝ «Հազար ու մեկ եկեղեցիների քաղաք» Անիին նվիրված միջազգային գիտաժողովում եղան տարբեր զեկույցներ։ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, այժմ Երևանի Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց «Հովհաննես Թումանյանի Անին՝ հեղինակային լուսանկարների և գեղարվեստի լեզվով» Սուսաննա Ադամյանի համահեղինակած զեկույցը։ Տեղեկացրեց՝ Բանաստեղծն առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին և զբաղվել է նաև լուսանկարչությամբ։ «Նա ունեցել է երեք տեսախցիկ, որոնցից ոչ մեկը, ցավոք, չի պահպանվել։ Լուսանկարում էր տան անդամներին, հարազատներին, ընկերներին․․․ Լուսանկարներում իր առանձնահատուկ տեղն ունի նաև Անին, որտեղ բանաստեղծը եղել է երկու անգամ (1901, 1904): Պահպանվել և «Հովհանես Թումանյան» թանգարանին են փոխանցվել Անիին վերաբերող 15 լուսանկարչական նեգատիվ (սև ապակիներ), որոնք գտնվում են թանգարանի հիմնական ֆոնդում», -ներկայացրեց Լ․ Ղարախանյանը: Իր խոսքում տեղեկացրեց նաև՝ Բանաստեղծի՝ Անիի հետ ապրումակցման, խորը նույնացումների ու մտասույզ խոհերի ծիրում է ծնվել «Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ» քառյակը.

Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,

Մենք հույսեր ունենք պահված մեր երկրում.

Մի՞թե հավիտյան կողբանք ավերակ,

Մի՞թե հավիտյան կըմնանք տրտում։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և ԵՊՀ ներկայացուցիչ,  Հայկական մշակութային ժառանգության Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու ՀՊԹ-ից Մհեր Հարությունյանը ներկայացրեցին «Անիում և Շուշիում մշակութային ցեղասպանության պատմահամեմատական վերլուծության փորձ» հոդվածը: «Հայկական երկու նշանավոր բնակավայրերում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանությունն ուսումնասիրելն արդիական ու անհրաժեշտ է գիտաքաղաքական առումով: Սույն ուսումնասիրության նպատակն է պատմական փաստերի համեմատական վերլուծությամբ ներկայացնել Անիում և Շուշիում տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը: Առկա փաստերը ցույց են տալիս, որ Անիից միչև Շուշի մշակութային ցեղասպանությունը կրում է նույն ձեռագիրը և նույն նպատակը՝ յուրացնել կամ ոչնչացնել բնակավայրերում պահպանված հայկական մշակութային արժեքները: Այսպիսով, ցեղասպան ու ագրեսոր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն Անիի և Շուշիի հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելն ու ոչնչացնելն է, ինչն անպատիժ տեղի է ունենում միևնույն մեթոդներով ու եղանակներով։ Դրանց մասին ահազանգելը և հանրային լայն հնչեղություն հաղորդելը նպատակաուղղված պետք է լինեն դիվանագիտական հակազդման ուժեղացմանը և միջազգային իրավասու կառույցների զսպիչ կամ կանխարգելող սանկցիաների (պատժամիջոցների) կիրարկմանը», -ասացին զեկուցողները: Երիտասարդ պատմաբան, ԵՊՀ ներկայացուցիչ Գոռ Ղազարյանը հանդես եկավ «Գարեգին Նժդեհի դերը Նիկողայոս Մառի՝ Անիի հնագիտական պեղումների հավաքածուն փրկելու գործում(1918թ.)» զեկույցով: 1918թ․ գարնանը Գարեգին Նժդեհը վարում է Ալաջայի կռիվները, որոնցով կարելիություն է ընձեռում էրզրում-Սարիղամիշ-Կարսից նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ (Գյումրի): Գարեգին Նժդեհն իր մարդկանցով ապահովում է նաև Մառի արշավախմբի կողմից Անիից հայտնաբերված արժեքավոր հնությունների փոխադրումը։ Կարևորվեց նաև Գարեգին Նժդեհի կողմից պատմամշակութային հուշարձանների և հնագիտական նյութերի արժևորումն ու պահպանումը։ Գարեգին Նժդեհի հիշատակությունը կարևոր աղբյուր է 1918 թ․ գարնանը Անիում ծավալվող իրադարձությունները քննելու համար։ Իր խոսքում Գ. Ղազարյանը նշեց նաև. «Նժդեհի ռազմական օգնության և Աշխարհբեկ Քալանթարի համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց Ալեքսանդրապոլ տեղափոխել Անիի հնագիտական թանգարանի նյութերի մի մասը։ Նյութերն Ալեքսանդրապոլից նահանջի պատճառով փոխադրվեցին Ղարաքիլիսա՝ Սանահինի վանք, հետագայում բերվեցին պատմության թանգարան։ Նժդեհի օգնության շնորհիվ փրկվեցին Անիի հնագիտական նյութերի մի մասը, ողջ տարհանող անձնակազմը, նահանջող զինվորները, գաղթականությունը»։ Անկախ տարածքից՝ հայ ճարտարապետության ընդհանրությանն անդրադարձավ ԵՊՀ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչ Լյուբա Կիրակոսյանը «Անի-Շիրակ և Արցախի պաշտամունքային ճարտարապետության ընդհանրությունները» հոդվածով: ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի գիտաշխատող Աստղիկ Բաբաջանյանը ներկայացրեց «Դեպի Անի. Դաշտադեմի դղյակն Անիի ազդեցության ուղեծրում» հոդվածը, որում կարևորվում է Անիի մոտակա որոշ ամրոցների ու դղյակների դերը Հայոց մայրաքաղաքը պաշտպանելու հարցում; Հայոց միջնադարյան 2 մայրաքաղաքների՝ Դվինի և Անիի մշակութային ընդհանրությանն անդրադարձավ իր «Անիի և Դվինի խեցեգորշական մշակույթի համադիր քննության փորձ» զեկույցում ՀՊԹ և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Համազասպ Աբրահամյանը: Մոտ 40 զեկույցներում կարևորվեց Անի Հայոց միջնադարյան մայրաքաղաքի մշակույթը, ճարտարապետությունը, հզոր ամրոց լինելը և այլ դերեր;  Տեղեկացվեց՝ զեկուցումները հոդվածների տեսքով կտպագրվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 14-րդ համարում։ Գիտաժողովի վերջին օրը մասնակիցներն այցելեցին Կեչառիս վանական համալիր, այնուհետև հյուրընկալվեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, որտեղ տեղի ունեցավ գիտաժողովի ամփոփումը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։