Image

Պարիսպները բոլորել են լեռան գագաթը

«...յարևմտից Սրկղօնից լերանց, կայ ամայի Պաշքէնտ՝  ունենալով ի հարաւոյ նույնպէս ամայի և աւերակ բերդ համանուն՝ ի միջոցի կրկին ոստոց լերանց ...բլուրն այն մեծամեծ վիմօք պատեալ և ամրացեալ՝ այժմեան աւերակն է Պաշքէնտ բերդի և նոյն դարձեալ Բոլորաբերդ կոչեցեալ երբեմն..»։

Ղևոնդ Ալիշան․ «Սիսական», Վենետիկ, 1986 թ․, էջ 130

 

12-րդ դարավերջին հայ իշխաններ Զաքարե Բ ամիրսպասալարը և Իվանե Ա աթաբեկ Զաքարյանները գլխավորում էին հայ-վրացական միացյալ ուժերը թուրք-սելջուկներից մեր երկիրն ազատագրելու պատերազմներում։ Նրանց հաջողվեց հաղթել թշնամուն, և Սյունիքը տրվեց Օրբելյաններին։ Ներքին Խաչենում էլ հայ իշխանները, ոգևորված Զաքարյանների հաղթանակով, ոտքի ելան և ազատագրեցին իրենց հայրենիքը։  Արցախի Առանշահիկ նախարարական տոհմի հետնորդներից Վասակ Խաղբակյանը և նրա 3 որդիները՝ Պապաքը, Մկդեմն ու Պռոշը, ովքեր նույնպես մասնակից էին սելջուկներից հայրենիքն ազատագրելու կռիվներին, աչքի ընկել իրենց խիզախությամբ, Զաքարյանների կողմից որպես «արեանգինք», 1201 - 1203 թվականներին ժառանգական տիրակալության իրավունքով նոր տարածքներ ստացան Գառնիի կողմերում ու Վայոց Ձորում: Վասակը նշանակվում է կուսակալ՝ «ի Գառնոյ մինչև ի Բարգուշատ»։ Այս մասին հիշատակում է մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան Մխիթար Այրիվանեցին (1224-1290․ թաղված է Այրիվանքում՝ իր ճգնարան-քարայրի շեմին)։ Ամրանալով Վայոց Ձորում՝ Խաղբակյաններն սկսում են տարածքի շեները բարեկարգել, պաշտպանական ամրություններ կառուցել:

Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածաշրջանի ներկայիս Վերնաշեն գյուղը՝ պատմական Սրկղունքը, դարձնում են իշխանական նստավայր, չնայած տարածքներ ունեին նաև հայոց տարբեր նահանգներում: 1223թ. Վասակին փոխարինել է կրտսեր որդին՝ Պռոշը, ում մասին մատենագրության մեջ հիշատակվում է՝   արի ու հմուտ զորավար, պետական ու ռազմական ականավոր գործիչ: Պռոշը 61 տարի, մինչև 1284թ. վարել է Զաքարյանների բանակի սպարապետի պաշտոնը։ 1228-ին նա ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը, իսկ մոնղոլների օրոք բազմաթիվ արիություններ է գործել, որի համար գովերգվել է XIII դարի բանաստեղծ Խաչատուր Կեչառեցու տաղերում։ Պռոշի անունով իշխանական այդ տունը հետագայում կոչվել է Պռոշյան։ Խաղբակյաններ-Պռոշյանների  հովանավորությամբ հիմնվել ու կառուցվել են նաև վանքեր ու եկեղեցիներ, որոնցից արժանահիշատակ է Գեղարդի վանական համալիրը։ Արդեն Մեծ իշխան՝ Պռոշը, դաշնակցելով մոնղոլ զորավար Բաչու խանի հետ, միասին 1258 թ․ փետրվարի 1-ին գնացել են Բաղդադի վերջին խալիֆ Մուստաֆայի մոտ՝ պահանջելով նրանից՝ հանձնվելու առանց կռվի։ Հետագա երկու տարին Պռոշ իշխանը մասնակցել է Տիգրանակերտ բերդաքաղաքի պաշարմանը և հաղթել։ Մատուցած մարտական ծառայությունների համար մոնղոլները Պռոշ իշխանին նվիրել են հողեր, ստրուկներ և փող։ Բացի դրանից նա մասնակի ազատվել է հարկեր վճարելուց։ Եվ այս հզոր իշխանը նաև զբաղված էր երկիրը շենացնելու գործերով;

Ներկայիս վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7կմ հյուսիս-արևելքում՝ Սրկղունք ձորահովտում է գտնվում Հայոց միջնադարյան հզոր ամրոցներից մեկը՝ Բոլորաբերդը, որն առավել հայտն է Պռոշաբերդ անունով։ Սա խոսում է այն մասին, որ Բոլորաբերդ-Պռոշաբերդը կառուցել է Վասակ Խաղբակյանի որդին՝ Պռոշը, և ում անունով էլ ամրոցը կոչվում է։ Ամրոցի անվան հիշատակությունը պահպանվել է 1475 թ․ գրված Աբրահամ Բոլորաձորցի ծաղկողի ձեռագիր Ավետարանում, ըստ որի այն պատկերազարդվել է Թանատ-Գլաձոր վանքից ոչ հեռու գտնվող Բոլոր-բերդում։ Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լևոն Մկրտչյանի և ամերիկահայ Գևորգ Խրիմյանի հետ բարձրացանք Պռոշաբերդ-Բոլորաբերդ, որը տարածքի ամենաբարձր լեռներից մեկի վրա է։ Քարքարոտ ու ոլորապտույտ ճանապարհը դժվարանց չի թվում, քանի որ մշտապես գեղեցիկ տեսարաններ են բացվում աչքիդ առաջ։ Վերջապես երևում են Բոլորաբերդը պահող լեռը, իսկ ձախում փոսորակի մեջ՝ Սպիտակավոր վանական համալիրը։ Ամրոցն իր վրա պահող, ծովի մակերևույթից 2912մ բարձրությամբ լեռը կոչվում է Թաքեադոնդուրան։ Ներքևից էլ երևում են սարի գագաթը բոլորած պարիսպները։ Ներքևում կա ցուցանակ, որ Պռոշաբերդը կառուցվել է 5-րդ դարում։ Այս մասին ցուցանակ տեղադրողները վկայակոչում են 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրից հետևյալ տողերը՝ կապված Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկների կողմից հայկական ջոկատներին հետապնդելու հետ․ «Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոնզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ, տեղի ամրության պատճառով, մեծ արյունահեղություն սրեցին․․․ Իսկ մյուսներին հետապնդեցին և նրանց մի մասին հասնելով մի բերդաժայռի ստորոտում, նեղ ձորակի մեջ՝ այնտեղ կոտորեցին։ ...Հենց այնտեղն էլ կոչվեց Անգեղաձոր։ Եվ այստեղից արշավելով վրա հասան երեք երեք հարյուր մարդու Ոստինք և Արտաբույնք կոչված գետախառնման տեղում, որտեղ նրանց էլ խողխողեցին. ... Եվ պարսիկներն այնտեղից մի փոքր անցան դեպի ձորաբերանը, որը ձախ կողմից մի քիչ վեր նայում է Ցախացքար կոչված սուրբ վանքին ..․» (Երևան, 1986 թվական, էջ 107-108)։ Բայց պատմիչի հիշատակած Ցախաց քար վանքը գտնվում է ոչ թե Պռոշաբերդ-Բոլորաբերդի, այլ Սմբատաբերդի հարևանությամբ։ Կարծում եմ՝ իրավասու մարմինները պետք է հետևություն անեն և ճիշտ ներկայացնեն պատմական եղելությունները: Ստ. Օրբելյանը հիշատակում է նաև Արտաբույնք գյուղի մասին, որի միջով հոսում է Եղեգիս գետի վտակ Էլեգիսը: Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սյունյաց տան իշխան Սմբատի անունով կոչվող Սմբատաբերդը՝ կառուցված 12-րդ դարում: Իսկ Ցախաց քար վանական համալիրը, որ կառուցվել է Աբբաս Բագրատունու օրոք 10-րդ դարում, գտնվում է Սմբատաբերդի դիմաց՝ հյուսիսարևելյան կողմում: Պռոշաբերդը Սմբատաբերդից հեռու է մոտ 7 կմ։ Եվ Պռոշաբերդն իր վրա պահող լեռան հյուսիսային լանջով բարձրանում ենք, իսկ վերևում գտնվող բավականին լավ պահպանված պարիսպները ձգում են ու ձգում։ Պատահաբար չէ, որ 13-րդ դարում Պռոշ իշխանն իր իշխանությունն առավել ուժեղ պահելու, հայրենիքը պաշտպանելու համար ընտրել  է Թաքեադոնդուրան լեռը, որի լանջերին կան բնական ամրություններ՝ ուղղձիգ ժայռեր, որոնցից վերև էլ արդեն պարիսպներն են։ Լեռան լանջը հարուստ է նաև բուսականությամբ։ Տարբեր ծաղիկների մեջ առավել աչքի են ընկվում վառ կարմիր գույն ունեցող ալպիական մանուշակները: Ակամայից հիշում եմ Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը: «Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։ Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…»: Այս ծաղիկը կոչվում է նաև՝ Եղբայրարյուն (լատ.՝ Diphelypaea), աղբերաց արյուն, որը Ալիշանն իր «Հայբուսակ» աշխատությունում նկարագրում է. «...և ծաղկանց թագաւոր կամ թագուհի կըրնանք ըսել, գոնէ մեր երկրին մէջ. մեզի պանծալի, օտարաց նախանձելի, և ամենուն զմայլելի իր գունոյն համար»։ Բավականին թեք լեռնալանջով բարձրանում ենք ու վերջապես հասնում ամրոցի պարիսպների տակ։

Ոչ մեծ ու կոպտատաշ բազալտաքարերից առավելապես հորիզոնական ուղղությամբ տեղադրված ուղղանկյուն քարերից, կրաշաղախի միջնաշերտով կառուցված պարիսպները, 5 հզոր աշտարակները պահպանվել են հիմնականում։ Ամրոցի հիմնական մուտքը եղել է արևմտյան կողմից․ պահպանվել է սրբատաշ բազալտից կամարը, նշմարվում է պատմական ճանապարհի հետքը։ Լեռան գագաթը, որի վրա է ամրոցը, պատված է յոթանիստ անկյուն ունեցող պարիսպներով։ Հարավ-արևելյան կողմի անկյունն 90 աստիճան է և միակը, որն ամրացված չէ բուրգով։ Հնարավոր է՝ բուրգը ժամանակի ընթացքում քանդվել է։ Այս հատվածում՝ պարիսպներից ցած ժայռեր են, որ նաև եղել են պատվար, և որոնց վրա հսկել էն Պռոշ իշխանի քաջարի զինվորները։ Պահպանված ամրոցապատերի ընդհանուր երկարությունը մոտ 120 մետր է։ Պարսպապատերի փակ օղակից դուրս հյուսիսարևելյան կողմում կա առանձին ոչ բարձր պարսպաշար՝ մոտ 10 մ երկարությամբ։ Իսկ հյուսիսային մասում կառուցվել է պարսպի առանձին կանգնած մի գոտի, որի մնացորդները պահպանվել են մոտ 13 մ երկարությամբ և 2.5-3 մ բարձությամբ։ Լեռան բարձունքից ողջ տարածքն ափի մեջ է։ Հարթությունում փռված է Եղեգնաձոր քաղաքը՝ Վայոց Ձորի մարզկենտրոնը։ Հեռվում նաև Մասիսներն են երևում։ Ամրոցի հյուսիսարևելյան կողմում՝ ծովի մակերևույթից մոտ 3000մ բարձրությամբ Ղազմա կոչվող (կանանց գլխազարդ) սարի ստորոտում, բնակատեղի է պահպանվել․ երևում են տների ավերակներ։ Ամառային եղանակներին ընդհանրապես դժվար է հնավայրրում աշխատելը։ Առատ բուսականությունը խանգարում է․ ծածկված են ամրոցի ներսի դարավոր շինությունների հիմքերն ու պատերը։ Բայց զգացվում է՝ պարիսպներից ներս ժամանակին բազում շինություններ են եղել, որոնց շարքում նաև ջրամբարներ կան։ Նման դիրքերում գտնվող ամրոցներում առավել կարևոր է առատ ջուր ունենալը։ Լեռան գագաթին նույնպես մեծ-մեծ ժայռաբեկորներ կան, որոնք ժամանակին օգտագործվել են նաև որպես շինաքար, և պարսպի քարերն այդ ժայռաբեկորներից են կտրել միջնադարի հմուտ վարպետները։ Իջնում եմ ցած ու անցնում ամրոցի պարիսպների տակով։ Հիմնական մուտքի ձախակողմյան պարիսպների արտաքիմն քարերը թափվել են։ Հարավային պարիսպները լավ են պահպանվել։ Երևում է՝ այս կողմում նույնպես ամրոցը մուտք է ունեցել։ Կանգուն են նաև բուրգ-աշտարակները, որոնց վրա նույնպես ժամանակին Պռոշ իշխանի զինվորներն էին հսկում ու հարկ եղած ժամանակ դիմակայում թշնամուն։ Արևելյան հատվածի պարիսպներն ամբողջովին տեղում են․ պարզապես կարելի է հիանալ մեր նախնիների վարպետությամբ։ Բուրգ-աշտարակների որոշ հատվածներ քանդված են, բայց դրանք իրենց տեղում են ու ամուր։ Պարիսպների վերին հատվածի քարերը կարմրավուն են, որ առավել են գեղեցիկ դարձնում ճարտարապետական հորինվածքը։ Բոլորաբերդի մասին Քաջբերունին գրել է․ «Գագաթը երեք կողմից ժայռապատ է․ իսկ հյուսիսից ունի կրապատ պարիսպ։ Այս կողմում պարիսպները երկուսն են․ ստորին և վերին։ Վերջինը կրապատ քարաշեն է, մի քանի տեղ քանդված։ Բերդի գագաթի հարթությունը մեծ չէ, մոտավորապես 50 մ տրամագիծ ունի։ Բերդի ներսում եղել են 40-50 կրաշաղախ սենյակներ, ջրավազան և հորեր»։ («Արարատ» հանդես․ թիվ 1, էջ՝ 96)։ Հյուսիսային պարսպի մի հատված նույնպես քանդվել է։ Ժամանակի ընթացքում Ամրոցի ներսի շատ շինություններ հաղի տակ են անցել, երևում են կիսով չափ։ Տեղ-տեղ նաև հորեր ու այլ փոսորակներ կան պարիսպներից ներս։ Լևոն Մկրտչյանը դրոնով նկարահանումներ է կատարում։ Վերջացնելուց հետո իջնում է ցած, միասին ուսումնասիրում ենք ներքին պարիսպները, որոնք նույնպես հիմնականների ոճով են կառուցված։ Տարածքում ավելի հին շրջանի կառույցներ չեն երևում։ Հյուսիս-արևելքից ամրոց, հնարավոր է, նույնպես ճանապարհ է բարձրացել․ հետքերն զգացվում են։ Վերջացնելով նկարահանումները, ուսումնասիրությունը՝ իջնում ենք ցած և շարժվում Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որը գտնվում է  Բոլորաբերդի արևմտյան կողմում՝ մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Փոքր վանական համալիրը կառուցվել է ժամանակի նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի (մահացել է 1333թ․) նախագծով։ Վանքի միակ եկեղեցին ունի գավիթ ու զանգակատուն։ Պահպանվել են նաև վանքը շրջապատող պարսպի հիմքերը: Եկեղեցին ունի գմբեթավոր հորինվածք։ Ավագ Խորանի 2 կողմում կան ավանդատներ։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների՝ վանքը հիմնադրել է Պռոշի որդին՝ Էաչի իշխանը, ով ամուսնացել է Էլիկում Օրբելյանի դուստր Մամախաթունի հետ։ Այս ամուսնությամբ միավորվել են Սյունիքի երկու խոշոր իշխանական տոհմերը։ Էաչին մահացել է 1318 թվականին, և վանքի շինարարությունը 1321-ին ավարտել է նրա Ամիր Հասան անունով որդին։ 1338թ. Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո, Սպիտակավոր վանքը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը, որտեղ նաև ձեռագրեր են ընդօրինակվել։ Օրբելյանները 1339թ. վանքին նվիրաբերել են ընդարձակ այգիներ: Վանքի եկեղեցու մուտքն արևմտյան կողմից է։ Ներսի կողմում՝ մուտքից վերև,  պահպանված է մի բարձրաքանդակ. երկու հոգի պահում են եկեղեցու փոքր կրկնօրինակը: Ենթադրվում է՝ հայր և որդի Պռոշյաններն են։ Ինչպես Հայոց շատ վանական համալիրներ, այնպես էլ  Սպիտակավոր Սբ. Աստվածածինը թալանվել, ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Ավելի ուշ, դիմակայել է 15-րդ դարի թուրքմենական ցեղերի ասպատակություններին: 1987թ․ Սպիտակավոր վանքում ամփոփվել է Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը։ Դրանից հետո ամեն տարի հունիսի 17-ին, այլ օրեր, հատկապես՝ ապրիլի 24-ին, ուխտագնացություն է տեղի ունենում դեպի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցի: Օրվա ընթացքում այցելեցինք նաև Եղեգնաձորի տարածաշրջանի Հորս գյուղ, որտեղ է գտնվում իշխան Չեսար Օրբելյանի պալատի ավերակը։ Այստեղ և կից եկեղեցու տարածաքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ, պեղումներ ու հնագիտական այլ աշխատանքներ էին կատարում։ Հողաշերտից մաքրվել են 14-րդ դարի պալատի և հարակից եկեղեցու ավերակները։ Սրբատաշ քարից ու կրաշաղախով կառուցված իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա: Հողաշերտի տակից բացվել են նաև սյուների խարիսխները, այլ բեկորներ։ Ավերակ մատուռ-եկեղեցու պեղումներից հայտնաբերվել է արձանագրություն։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։