Բերդկունք-Սպիտակ ամրոց հնավայրում
Հայաստանի միջնադարյան ամրաշինական կառույցներից իր կարևոր դերն է ունեցել Սևանա լճի ափին գտնվող Բերդկունք ամրոցը՝ Սպիտակ բերդը: Սևան-Գավառ ճանապարհին գտնվող Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի կազմում գտնվող Բերդկունք գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում նաև՝ հռչակավոր Հայրավանքով: Սրբավայրի հարևանությամբ է Բերդկունք ամրոցը՝ լճափնյա ոչ բարձր բլրի վրա: 2024թ. ապրիլի կեսերից Բերդկունք բերդ-ամրոցում սկսվել են հանագիտական ուսումնասիրություններ և պեղումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ հնագետ Լուսինե Ալեքսանյանի ղեկավարությամբ, այս ամիսների ընթացքում մեծ աշխատանք է իրականացրել:
Օրերս հնագետներ Գագիկ Սարգսյանի և Արտակ Գնունու հետ այցելեցինք Բերդկունք հնավայր, շրջեցինք տարածքում, ծանոթացանք կատարված աշխատանքներին: Արշավախմբի կազմում է նաև հնագետ Լևոն Մկրտչյանը, ում հետ ծանոթ եմ դեռ Քաշաթաղում հնագիտական ուսումնասիրություններ կատարելիս: Լ․ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ պեղումների ընթացքում հիմնականում բացել են դեռևս անցած դարի 80-ականներին հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից պեղված սենյակները, որի նպատակն է՝ կատարվի նաև պարիսպների, բուրգ-աշտարակների ամրացման աշխատանքներ։ Այժմ շարունակվող պեղումները հիմնականում կատարվել են ամրոցի արևմտյան կողմի հիմքի երկայնքով, հիմնական պարիսպներից դուրս արևմտյան կողմում գտնվող գետնուղիներում, հյուսիսային կողմի բրգաձև աշտարակի հիմնապատում, միջնաբերդում գտնվող սենյակներում։ Այս 3 ամիսների ընթացքում պեղված տարածքներից մեծ քանակի հող ու թափված քարեր են հեռացվել, բացվել է ժայռեղեն հատակը, որի վրա բարձրացել են պարիսպները և հենապատերը: Հիմնական պարսպի հյուսիսային կողմում գտնվող սենյակներում բացվել են 3 թոնիր: Հողի շերտի տակից հայտնաբերվել են հիմնականում միջնադարում (12-13-րդ դդ.) պատրաստված խեցեղեն ամանների բեկորներ, «մոնղոլական» տիպի նետասլաք: Սա խոսում է այն մասին, որ 13-14-րդ դարերում մոնղոլները հարձակվել են նաև Բերդկունքի վրա: Մոտակա Հայրավանքը նաև կոչվել է «Մարդաղավնյաց»: Անունը կապված է 1737-ից Ամենայն Հայոց կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու (ծ. թ. անհայտ է, վախճանվել է 1751 թ., թաղված է Վաղարշապատի Սբ Գայանե վանքի բակում) «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» (Վաղարշապատ, 1734 թ.) գրքում գրի առած մի ավանդության հետ, ըստ որի՝ 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու եւ ազատ արձակել։ Ամրոցը պահող բլրի արևմտյան հատվածում հիմնական պարիսպների շարունակություն բրգաձև աշտարակի ժայռեղեն հատակից վեր ավելի մեծ քարերով շարված պատ կա։ Հնագետների կարծիքով այն կիկլոպյան շարվածք է: կա կարծիք, որ Բերդկունքն ավելի հին պատմություն ունի՝ կառուցվել է վաղ շրջանի ամրոցի տեղում։ Այդ մասին են ինչ-որ տեղ վկայում նաև պեղումներից հայտնաբերված Կուր-Արաքսյան մշակույթի շրջանի կավանոթների բեկորները։ Ավելի վաղ՝ 1960-ականներին ամրոցում ուսումնասիրություններ է կատարել Խորհրդային Միության հերոս, գնդապետ, հնագետ Գեդեոն Միքայելյանը: Նրա կարծիքով ևս՝ Բերդկունքը միջնադարից ավելի շուտ է գոյություն ունեցել: Պեղումներ իրականացնող հնագետները նշեցին՝ նույն պարսպի արտաքին պատերն ու մնացած կառույցները պահպանվել են Բագրատունիների ժամանակից՝ 9-10-րդ դարերից: Ամրոցը գույատևել է մինչև 14-րդ դար. այս են փաստում պեղումներից հայտնաբերված գտածոները: Լ․ Ալեքսանյանի և Լ․ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեցինք ամրոցի տարածքում։ Այն թերակղզի է հիշեցնում՝ 3 կողմից շրջափակված է Սևանա լճի ջրերով։ Հնարավոր է՝ 9-10-րդ դարերում Սևանա լճի մակարդակն ավելի բարձր է եղել, և ամրոցը պահող բուլուրը եղել է անառիկ։
Ամրոցն ունեցել է նաև նավահանգիստ։ Լ․ Մկրտչյանը ցույց տվեց համեմատաբար ավելի բարձր դիրք ունեցող ժայռաբեկորներ, որոնց տակ միջանցիկ քարանձավ կա։ Ըստ հնագետնբերի՝ այդ հատվածում եղել է նավահանգստի փարոսը։ Հնարավոր է նաև եղել է դիտակետ։ Քարայրի մուտքը հարավային կողմից է։ Հյուսիսային կողմում խցի ներսում ընկած մեծ քարաբեկորը, զգացվում է՝ մշակված է։ Ըստ Լ․ Մկրտչյանի՝ քարը մուտք-ելքի բարավորն է։ Բերդկունք գյուղի արդեն նախկին 31 տարիների գյուղապետ Ալիկ Դադիկյանը 1980-ականներին և այժմ էլ մասնակից է ամրոցում իրականացված պեղումների աշխատանքներին։ Մանկությունն անցկացրել է այս վայրերում։ Ասաց՝ ընկերներով մանկության ու պատանեկության տարիներին շատ են անցել քարայրով։ Այն ժամանակ քարայրի անցքն ավելի բարձր է եղել։ Հիշեցրեց նաև՝ այստեղ նկարահանվել է «Սևանի ձկնորսները» ֆիլմը: Այս հատվածից ամբողջությամբ երևում է Փոքր Սևանը: Լճի մյուս ափին՝ Բերդկունքի դիմաց, Արտանիշ թերակղզին է, որտեղ պահպանվել են վաղբրոնզեդարյան դամբարաննաեր, այլ հնավայրեր: Իսկ թերակղզու բարձր բլուրներից մեկի վրա պահպանվել են ամրոցի պարսպապատեր՝ աշտարակներով։ Այս ամրոցը նույնպես նավահանգիստ է ունեցել: Արշավախմբի ղեկավար Լ․ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ Բերդկունքը ժամանակին գտնվել է Դվին-Պարտավ ճանապարհի վրա, եղել է իշխանանիստ և անառիկ դիրքով ու տեսադաշտից գրեթե աննկատ, ունեցել բացառիկ նշանակություն։ Բերդկունքը կարծես թաքնված լինի. այսօր էլ, անցնելով լճափնյա ճանապարհով, շատերը չեն էլ պատկերացնում, որ շատ մոտ հնավայր կա: Մեր նախնիները երևի հատուկ են այդ դիրքն օգտագործել՝ ամրոցն աննկատ պահելու համար: Ամրոցի ցամաքային կապը եղել է միայն արևմտյան կողմից. մուտք են գործել մոտ 4 մ լայնությամբ, 30-40 մ երկարությամբ 2 խրամուղիներով, որոնք անցնում են ճեղքված ժայռերի միջով հիմնական պարիսպների տակով։ Դարերի ընթացքում մուտքը փակվել է հողաշերտով։ Վերջին պեղումների ընթացքում այն բացելու որոշ աշխատանք կատարվել է, սակայն պետք է ամրակայվի, նոր բացման աշխատանքներ կիրականացվեն։ Ըստ հնագետ Գ․ Սարգսյանի՝ գլխավոր խրամուղին ունի բնական ծագում՝ ճեղքվել է երկրաշարժից, այլ բնական երևույթից։ Սակայն այդ հաստատելու համար պետք է ոլորտի մասնագետները նույնպես ուսումնասիրեն տարածքը։ Պարզ է՝ ժամանակին այլ ամրոց-նավահանգիստներ էլ են եղել Սևանա լճի ափերին, և միմյանց հետ կապ են ունեցել: Ըստ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու (1710, Երեւան-1780, Վաղարշապատ)՝ ներկայիս Բերդկունք և Հայրավանք գյուղերը, որոնք շատ մոտ են իրար, հնում եղել են մեկ բնակավայրի կազմում։ «Ազատ քաղաք»՝ այս անունն է կրել այդ բնակավայրը, որտեղով ժամանակին, ըստ Հ. Մանանդյանի («Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները», Երևան, 1936թ., էջ 60), անցել է Դվին-Պարտավ գլխավոր ճանապարհներից մեկը։
Հնագետ Լ. Մկրտչյանը չի բացառում, որ Բերդկունքի նավահանգիստն ավելի վաղ է գործել, քան հիմնվել է բերդ-ամրոցը: Ներկա և հետագա պեղումները հնարավոր է՝ կտան ճիշտ պատասխանը: Պեղումների ավարտից հետո այստեղ կաշխատեն վերականգնող մասնագետները: Պեղումների ընթացքում հնագետների հետ աշխատել է է ճարտարապետ Լևոն Վասիլյանը: Բանվորական ուժը տեղի բնակիչներ են: Լ. Ավետիսյանն ասաց՝ բացի աշխատատեղ լինելուց, նրանց մասնակցությունը պեղումներին նաև կարևորվում է այն առումով, որ այսուհետ ավելի են սրտացավ մոտենալու հնավայրին: Հավելեց նաև՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո, ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով, նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Բերդկունքի բերդ-ամրոցը և այն վերածել Արգելոց-թանգարանի։ Ընթացքում նաև այցելուներ էին գալիս հնավայր: Պեղումների աշխատանքներն արդեն ավարտվել են, բայց Բերդկունք-Սպիտակ բերդ հնավայրում հետագա աշխատանքներ կկատարվեն: Երևան վերադառնալիս Գ. Սարգսյանի և Ա. Գնունու հետ եղանք Լճաշեն գոյուղում, որի հարևանությամբ է 6000-ամյա կիկլոպյան ամրոցը, իսկ գյուղամիջում՝ դպրոցի հարևանությամբ՝ ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի սեպագիր արձանագրությունը՝ բավականին մեծ ժայռաբեկորի վրա: Ըստ արձանագրության՝ Արգիշտին հիշատակվում է Իշտիկունի քաղաքի (ըստ հետազոտողների՝ Լճաշենի հին անունն է) գրավման մասին։