Image

Մեծ Պարնիի մշակույթի տունը շահագործման կհանձնվի ժամանակին

Տեղյակ էի, որ հիմնանորոգվում է Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տունը:  Ըստ ժամանակացուցի՝ այս օրերին այն ավարտական փուլում է:

Սոցիալական ցանցերից մեկում պատահաբար հանդիպեցի մի բնակչի դժգոհությունը, որ վերաբերվում  է   ավարտման ժամկետների խախտմանը, շինաշխատանքների ձգձգմանը: Օգտատերը նշում է. «Ըստ պայմանագրի՝ այն պետք է շահագործման հանձնված լիներ, բայց պարզեցինք, որ աշխատանքները կատարված են կիսով չափ: Ըստ շրջանառվող տեղեկության՝ ոչ թե հաղթող կազմակերպությունն է իրականացնում այն, այլ հարևան Արևաշող գյուղից...երկու բանվոր»:

Հետաքրքրեց՝  այդ ո՞ր կազմակերպությունն է «համարձակվում» ժամկետները խախտել՝ վտանգի ենթարկելով ոչ միայն շինարարի իր հեղինակությունը, այլև «քաջաբար» արհամարհում է ժամկետները խախտելու համար նախատեսված  տույժ-տուգանքների անխուսափելիությունը:

Գյուղի կենտրոնական հատվածում արդեն մեզ է ներկայանում ամրացումներն ավարտած, տանիքը փոխած մշակույթի տան երկհարկանի «թարմացած-առույգացած» շենքը: Մշակույթի տունը կործանումից փրկող այդ աշխատանքները երկու փուլով կատարել են շինարարական տարբեր կազմակերպություններ: Երրորդ փուլով ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Դրանք մոտենում են ավարտին: Ներսում ներկարարների մի մեծ խումբ   հանձնարարված գործն  էր կատարում՝ ներկում էին:  Մոտենում է երիտասարդ աշխղեկ Հրայրը, ծանոթացնում   կատարված աշխատանքներին. տեղադրված են մետաղապլաստե դռները,պատուհանները, լուսավորության ցանցը գործում է, հրդեհային ազդարարման համակարգը տեղադրվում է, վինիլային բարձրորակ սալիկներով բեմն ու մարզադահլիճի հատակները պատելը ավարտված են, սանհանգույցները գրեթե պատրաստ են, ներկարարական վերջին աշխատանքներն են կատարվում: 15-20 օր ևս՝  շենքը «առոք-փառոք» կհանձվի շահագործման: Եվ կարծես լրագրողի մոտ կասկածները ցրելու համար աշխեկը առաջնորդեց ներկարարների աշխատանքին հետևող Մեծ Պարնիի վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանի մոտ՝ ընթացքում տեղեկացնելով, որ նա գրեթե ամբողջ օրը իրենց մոտ է լինում, ուշի-ուշով հետևում է աշխատանքներին, օգնում է ամեն հնարավորով և կարծես դժգոհ չէ: Վարչական ղեկավարը դժգոհ չէր: Հայտնեց, որ շինարարը պատվով է կատարում վստահված գործը, և այսպես որ գնա՝ անպայման թույլ կտա ժամկետի «խախտում»...կավարտեն սահմանվածից շուտ: Ապա տեղեկացրեց, որ ծրագիրը չորրորդ փուլ ևս ունի. չորրոդ փուլով նախատեսվում են բակի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Բոլոր փաստաթղթերը պատրաստ են, համայնքն իր ներդրումը այս ծրագրում ևս կունենա, ինչպես ունեցել է մյուսներում: Երբ ՀՀ կառավարությունը սուբվենցիոն /զարգացման/ ծրագրով հաստատի և սկսի ֆինանսավորումը, անմիջապես կսկսվեն նաև այդ աշխատանքները: Արևաշող գյուղից երկու բանվորների մասին հարցը պարզաբանվեց երրորդ փուլի ծրագիրը կատարելու մրցույթում  հաղթող և շինաշխատանքները իրականացնող շինկազմակերպության՝ «ԱյՊոշին» ՍՊԸ-ի, հիմնադիր տնօրեն Հովհաննես Պողոսյանի օգնությամբ. Շինարարական աշխատանքներում ընկերությունը ընդգրկել է նաև Մեծ Պարնի, Արևաշող և մոտակա համայնքներում ապրող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց:  Նա հավաստեց՝ ոչ մի ուշացում չկա, աշխատանքներն ընթացել ու ընթանում են ըստ ժամանակացույցի, իսկ իրենք զգացել ու զգում են Սպիտակի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի ամենօրյա ուշադրությունն ու օգնությունը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։