Image

Պեղումներ Խալդ Աստծո քաղաքում

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»։

Արգիշտի արքայի սեպագիր արձանագրությունը։

 

Արդեն 16 տարի է, ինչ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը պարբերաբար պեղումներ է իրականացնում Երևանի Արին բերդ բլրի վրա գտնվող Էրեբունի ամրոցի տարածքում։ Քաղաք-ամրոցը հիմնադրել է Վանի հզոր թագավորներից Արգիշտի Առաջինը(Ք․ ա. մոտ. 786-765/764 թթ.)։ 

Դարերի ընթացքում ամրոցը թաղվել էր հողի շերտի տակ, և 1879 թ․ ռուս հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Նորքի բնակիչ Պ. Տեր-Ավետիքյանից ձեռք է բերել նրա բակում հայտնաբերված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Միխայիլ Նիկոլսկու կողմից։ Սեպագրում նշվում էր Արգիշտիի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին, սակայն ամրոցի ստույգ վայրը մնում էր գաղտնի։ Միայն 1950-ին Արին բերդ բլրի վրա սկսվում են հնագիտական ուսումնասիրություններ, իսկ 2 տարի անց ճարտարապետ, հնագետ Կոստանդին Հովհաննիսյանի (1911-1987թթ․) ղեկավարությամբ իրականացվում են պեղումներ։ Այդ ընթացքում էլ գտնվում է Երևան մայրաքաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը, որից պարզվում է՝ հզոր ամրոցը կառուցվել է Արգիշտի Առաջին արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` Ք․ ա․ 782թ., և անվանվել Էրեբունի։ 1968 թ․, Էրեբունու 2750 ամյակի առթիվ, բացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Սկսած 2008 թվականից՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում ֆրանսիական Բրետանի հնագիտական առաքելության հետ։ Ծրագիրը կատարվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2016թթ. համար արտոնված ծրագրի շրջանակում, ինչպես նաև՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աջակցությամբ։ Արշավախմբի աշխատանքները հովանավորում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Այս տարի նույն արշավախումբը, հայկական կողմից Միքայել Բադալյանի, ֆրանսիական կողմից Ստեֆան Դե Շամպի համաղեկավարությամբ, հնավայրի 2 հատվածում պեղումներ իրականացրեց հունիսի ընթացքում։ Ամրոցի արևելյան կողմի հատվածի պեղավայրում հայտնաբերվել են խեցեղեն, այրված շերտեր, կառույցի հետքեր, ոսկորներ և այլ հնագիտական նյութեր։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով պեղումների օրերին եղա հնավայրում, զրուցեցի հնագետների հետ, հետևեցի կատարվող աշխատանքներին։ «Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը տեղեկացրեց՝ սկսած 2014-ից հայ-ֆրանսիական արշավախմբի համաղեկավար է, և տարիների ընթացքում կարևոր հնագիտական աշխատանքներ են իրականացրել ֆրանսիացի գործընկերների հետ։ Նշեց նաև՝ մինչ Էրեբունիում ուսումնասիրություններ ու պեղումներ իրականցնելը, ֆրանսիացիները ճանաճված հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսյանի հետ 2000 թվականից աշխատել են Հայաստանում, հատկապես Բենիամին գյուղի տարածքի հնավայրում։ Ֆ․ Տեր-Մարտիրոսյանը նրանց պատմել է Էրեբունու մասին։ Ինչպես գիտենք՝ Էրեբունի ամրոցը որպես ճարտարապետական համալիր՝ կազմված է պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով։ Եվ պեղումների երկրորդ տարածքը գտնվում է պալատական հատվածի «Կարասային սրահ»-ում։ Այստեղ հնագետները, Ստեֆան Դե Շամպի ղեկավարությամբ, բացել էին սրահում գտնվող մոտ 25 կարասներից մի քանիսը։ Ստեֆան Դե Շամպը տեղեկացրեց՝ խմբում աշխատում են 8-10 հոգի, այդ թվում նաև՝ «Էրեբունի» թանգարանի աշխատակիցներ՝ Աննա Ազիզյանը, Մարինե Կիրակոսյանը, Լիլիթ Գասպարյանը։  Ֆրանսիայից 4 հոգի են, որ 2000 թվականից միասին են,  24 տարի հնագիտական աշխատանքներ են իրականացնում Հայաստանում, և դեռ անելիքներ շատ կան։

Հարցին, ո՞րն էր Հայաստանում պեղումներ կատարելու պատճառը, ասաց՝ պատահական սկզբմունքով ընտրել են Հայաստանը Մերձավոր Արևելքի երկրներում աշխատելու համար, և չեն փոշմանել։ Հավելեց նաև՝ Էրեբունին իրեն շատ է հետաքրքրել։ Արգիշտի արքայի և նրա հետնորդների պատմությունը լավ պետք է ուսումնասիրվի և ներկայացվի։ Եվ հայկական կողմի հետ համագործակցության նպատակն է՝  կողմերի միջև իրականացվի պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակություն՝ հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա նյութերի անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի  խթանման համար։ Ֆրանսիայում նույնպես զբաղվում է հայագիտությամբ։ Այդ օրերի պեղումների արդյունքում հնագետները տարբեր նյութերի շարքում հայտնաբերել էին 2 խեցեղեն բեկոր՝ սեպագիր արձանագրությամբ, որոնք կարասների չափի միավորներ են նշում։ Խեցեղեն մեկ այլ բեկորի վրա կլոր նշաններ էին դաջված։ Կարասներից մեկը մաքրելիս հնագետ Աննա Ազիզյանը հողի շերտի տակ բացել էր քաթանից կամ ծղոտից պատրաստված կտոր, որով ժամանակին փակել են կարասի բերանը։ Գործվածքը եզրապատված էր պղնձե գամերով։ Դարերն իրենց գործն արել էին․ կտորը փտել էր, իսկ պղնձե գամերը պատված էին ժանգով։ Կարասի հատակին էլ մանր եղջերավոր կենդանու ոսկորներ կային։ Աննան մեծ զգուշությամբ հանում էր նյութը, հանձնում ֆրանսիացի հնագետ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենին, ով առանձնացնում էր կարևորները։ Մ․ Բադալյանն ասաց՝ պետք է լավ ուսումնասիրվի՝ ինչ է եղել կարասի հիմնական պարունակությունը։ Այս տարվա պեղումներն Էրեբունիում արդեն ավարտվել են, և աշխատանքները կշարունակվեն եկող տարի։ Մինչ այդ, պետք է ուսումնասիրվեն գտածոները։ 2024թ․ Մ․ Բադալյանի համաղեկավարությամբ հայ-ավստրիական արշավախումբը պեղումներ իրականացրեց նաև «Էրեբունի» թանգարանի մասնաճյուղ «Կարմիր բլուր»-ում։ Թեյշեբանինի ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան արվարձանում՝ Կարմիր Բլրի վրա: Ուրարտական այս քաղաքը, որը ռազմական ու տնտեսական կարևոր կենտրոն էր, կործանվել է Ք․ ա․ 6-րդ դարի սկզբին։ Այստեղ ևս դեռ անելիքներ շատ կան՝ հնավայրն առավել ուսումնասիրելու համար։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։